Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական համալսարանում սովորելը ապահովում է էմոցիաների մեծ գունապնակ. անվանական կրթաթոշակառու

Բժշկական համալսարանում սովորելը ապահովում է էմոցիաների մեծ գունապնակ. անվանական կրթաթոշակառու

Բժշկական համալսարանում սովորելը զգացումների, սպասումների, հույսերի հետաքրքիր գունապնակ է: Այս համոզմանն է Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող, «Ռուբեն Յոլյանի անվան» այս ուսումնական տարվա կրթաթոշակառու Սոնա Գալստյանը:

Ամեն նոր առարկա կամ թեմա անցնելը նրա համար հետաքրքիր է ու նորը բացահայտելու ցանկությամբ լեցուն. «Ցածր կուրսերում որոշակի ինֆորմացիա կարող է թվալ ոչ տեղին, սակայն հետագայում հասկանում ես, որ ցանկացած ուսումնական նյութ կարևոր է և թույլ է տալիս իրավիճակը ամբողջությամբ դիտարկել: Տեղափոխվելով 3-րդ կուրս, սիրահարվեցի ախտաֆիզիոլոգիային, այն թույլ է տալիս ավելի խորը մտածել և ամենակարևորը՝ բժշկի մտածելակերպ ձեռք բերել։ Արդեն 4-5-րդ կուրսերում կլինիկական դասընթացները թույլ տվեցին հասկանալ այդքան կարդալու և քրտնաջան սովորելու իմաստը»:

Անդրադառնալով մասնագիտության ընտրության, կրթաթոշակառու լինելու և այդ ճանապարհին ունեցած դժվարությունների մասին, Սոնա Գալստյանը ընդգծում է. «Բժշկի ուղին ընտրելիս շատ չեմ տատանվել, որովհետև քաջ գիտակցել եմ, որ իմ կոչումը մարդկանց օգնելու մեջ է։ Բժշկությունը թույլ է տալիս օգնել մարդկանց, և՛ միևնույն ժամանակ բավարարել հետաքրքրություններս, քանի որ ուսումնասիրելով բժշկությունը, հստակ պատկերացում եմ կազմում մարդկության որոշակի առեղծվածների մասին։ Բավականին շատ հարցերի պատասխաններ գտել եմ ուսումնասիրելով մարդու օրգանիզմը։ Անկեղծ ասած, չեմ իմացել անվանական կրթաթոշակի մասին, ուղղակի միշտ այն միտքն եմ ունեցել, որ բժիշկ դառնալիս պետք է ունենալ բավականին շատ գիտելիք և լինել լավագույնը»:

Նրա խոսքով՝ բժիշկը առաջին հերթին պետք է ունենա մարդկային բարձր արժեքներ և դրա հետ մեկտեղ լինի պատասխանատու, մեծահոգի, համբերատար, բանիմաց, տոկուն կամք ունեցող, իրավիճակը սառը դատող և դրան համապատասխան ճիշտ լուծումներ գտնող:

«Բժշկական բուհում սովորելն ունի որոշակի դժվարություններ, սակայն դրանք հաղթահարելի են, եթե գիտակցում ես, թե ինչի համար է այդ ամենն արվում և որոշակի շրջափուլում ընտրում առաջնային կարևորություն ունեցողը»,-ասում է անվանական կրթաթոշակառուն՝ հավելելով, որ, երկար մտորումներից հետո, որպես նեղ մասնագիտացում ընտրելու է դիմածնոտային վիրաբուժությունը՝ շարունակելով սովորելու երկար ու բովանդակալից ուղին: