«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով կրեդիտավորված քառօրյա անվճար դասընթացների շարքը շարունակվեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում՝ համալսարանական և Արցախի Հանրապետությունից տեղափոխված ավագ և միջին բուժաշխատողների համար:
ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի դասախոս, դոցենտ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց «Բժշկական քրեական իրավունք» թեման:
«Նման միջոցառումների հիմնական նպատակն է կանխել այն հանցագործությունները, որոնք բժիշկները կարող են կատարել ինչպես անփութությամբ, այնպես էլ դիտավորությամբ: Մենք հիմա շատ առաջադեմ օրենսգիրք ունենք, որի իրազեկվածությունը բժիշկներին զերծ է պահելու, նվազեցնելու է այդ հանցագործությունների կատարումից»,-նշում է Առողջապահական իրավունքի խմբի դոցենտը՝ հավելելով, որ քրեական իրավունքը միայն նրա համար չէ, որ պատժի, այլև նրա համար է, որ կանխարգելի:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ նման հանցագործություններից են, օրինակ, հղիության արհեստական ընդհատումները, փոխպատվաստումները, վտանգի մեջ թողնելը, իմունային անբավարարության վիրուսով վարակելը, կլոնավորելը, «եվգենիկական փորձերը» և բազմաթիվ այլ բժշկական հանցագործություններ:
Դասախոսությունը անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով, հարցուպատասխանով և դեպքերի քննարկմամբ:
Դասախոսությունների շարքը կամփոփի Առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը` «Խտրականության դրսևորումներն առողջապահության բնագավառում և դրանց կանխարգելմանն ուղղված իրավական կարգավորումները» թեմայով:
Նշենք, որ ավագ և միջին բուժաշխատողներին կտրամադրվի 5 տեսական ՇՄԶ կրեդիտ: