«Համաշխարհային առողջապահության միտումների հաշվառմամբ բժշկական կրթության որակի ապահովման հիմնահարցերը» ԵՊԲՀ ուսումնամեթոդական XXI գիտաժողովը մայիսի 21-ին համախմբել էր բուհի պրոֆեսորադասախոսական կազմին:
ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի փոխանցմամբ` գիտաժողովի անվանումն արդեն վկայում է, որ համաշխարհային առողջապահության մարտահրավերներին ընդառաջ ուսումնական պրոցեսի որակի ապահովման հիմնախնդիրներն օրակարգում են:
«Ասելիքը մեծ է, որովհետև նման գիտաժողովներ ամեն տարի չեն կազմակերպվում, այլ երբ կա անհրաժեշտություն, իսկ ասելիքն այսօր ավելի քան արդիական է այն պարզ պատճառով, որ համաշխարհային առողջապահության տենդենցները սրընթաց են զարգանում և ուսումնական պրոցեսը պետք է զուգընթաց ընթանա դրանց, որպեսզի մենք կարողանանք աշխատաշուկա ներկայացնել այդ օրվա պահանջներին համապատասխան բժիշկների»,- ընդգծեց պրոռեկտորը` հավելելով, որ այս առումով հագեցած ասելիքը պայմանավորված է նրանով, որ ընդամենը մեկ տարի առաջ ԵՊԲՀ ամենամեծ կրթական ծրագիրը` «Բուժական գործ»-ը ստացավ միջազգային հավատարմագրում Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի կողմից` առավելագույն 7 տարի ժամկետով և դա արդյունք էր այն մեծ աշխատանքի, որը վերջին տասնամյակներում կատարվել է բժշկական համալսարանում` հատկապես ուսուցման գործընթացի քաղաքականության, մեթոդաբանության, կիրառվող գործիքների արմատական փոփոխության շնորհիվ:
«Ըստ իս` ամենամեծ արմատական փոփոխությունն այն էր, որ այլևս բժշկական համալսարանում կրթությունն իրականացվում է մոդուլային ձևաչափով, որը նշանակում է վերջնարդյունքների ուսուցանում ոչ թե մեկ առարկայի շրջանակում, այլ մի քանի. երկու, երեք, երբեմն չորս մոդուլի մեջ մտնող, որն օգնում է ուսանողին տվյալ վերջնարդյունքն առավել լավ հասկանալ: Եվ արդեն մի քանի տարի է մենք դասընթացները վարում ենք այդ մոդուլային ձևաչափով և այսօր արդյունավետության գնահատականներն ավելի քան բարձրացել են և՛ ներքին, և՛ արտաքին շահակիցների կողմից»,- մանրամասնեց պրոֆեսոր Ավետիսյանը` շեշտելով, որ գիտաժողովը նվիրված է առկա խնդիրներներին և դրանց լուծման ճանապարհներին, փորձի փոխանակմանը:
Գիտաժողովի շրջանակում անդրադարձ կկատարվի ոչ միայն արհեստական բանականությանը, այլև այլ նորարարական գործիքների, որոնք կիրառվում են կրթության մեջ:
«Բժշկության որոշ ճյուղերում այն բավականին լուրջ ներդրվել է և մենք խոսելու ենք այդ գործիքի կիրառման մասին կրթության դաշտում: Այս առումով մենք բավականին լավ, հետաքրքիր փորձ ունենք, որովհետև վերջին երեք տարում աշխատել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեր գործընկերների հետ և ունենք մշակված եռալեզու ծրագիր, որը հնարավորություն է տալիս ուսանողներին, անընդմեջ առանց սահմանափակման օգտվել այդ ծրագրից և օրվա ցանկացած ժամին, ցանկացած վայրից մտնել և ուսուցանվել կլինիկական լուրջ դեպքերի միջոցով, որոնք վերցված են համաշխարհային գիտական ամսագրերից, մոտավորապես մինչև մեկ միլիոն դեպքի մասին է խոսքը»,- նկատեց պրոռեկտոր Ավետիսյանը` տեղեկացնելով, որ այժմ իրենք աշխատում են այդ ծրագրի կատարելագործման ուղղությամբ` առայժմ այն օգտագործելով կլինիկական առարկաների ուսումնասիրման համար, սակայն առաջարկ կա այն կիրառելու նաև տեսական բժշկության մեջ:
Բազմաբովանդակ ողջույնի խոսքի համար շնորհակալություն հայտնելով գիտաժողովը նախագահում էր Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը` կարևորելով միմյանց ակտիվ հարցադրումներ հղելը:
Ուսումնամեթոդական վարչության կրթական ծրագրերի բաժնի պետ, ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ Արամ Բայկովի «Բարձրագույն բժշկական կրթության համակարգում գնահատումը որպես ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչ․ գնահատման համակարգի էվոլյուցիան ԵՊԲՀ-ում» ելույթով տրվեց զեկույցների մեկնարկը:
«Հարգելի’ գործընկերներ, առողջապահական և կրթության միջազգային շուկայում մրցակցությունը կտրուկ սրվել է: Այսօրվա դրությամբ համաշխարհային շրջանառությունը` ֆինանսական առումով կազմում է ավելի քան 118 միլիարդ ԱՄՆ դոլար, մոտակա տասը տարվա կտրվածքով ակնկալվում է շուկայի կրկնապատկում: Առավել դինամիկ և արագ զարգացող շուկան է Հյուսիսային Ամերիկան, ինչը պարտավորում է համաշխարհային մրցակցություն ուսումնամեթոդական և կազմակերպչական տարատեսակ լավարկումներ»,- ասաց Արամ Բակյովը` հանգամանալից անդրադառնալով կրթական մի շարք արդի հարցերի:
Ներկայացնելով ԵՊԲՀ ուսանողների գնահատման համակարգի էվոլուցիան 2006-ից 2016թթ.-ին նա նկատեց, որ ներդրվել է բազմակի ընտրությամբ հարցերով թեստային ստուգումը, կարևորվել է արդար և թափանցիկ գնահատումը` ռոտացիոն համակարգի ներդրման պահանջով, 2012-ից համակարգչային թեստավորումը բուհական թեստավորման կենտրոնում է:
«Ֆարմակոլոգիա առարկայի դասավանդման, ուսումնառության և գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում» թեման հնչեց Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանի մեկնաբանությամբ:
«Ֆարմակոլոգիայի ամբիոնում բազմաբաղադրիչ համակարգը ներդրվել է 2018 թվականին առաջնորդելով մեր համալսարանի ռազմավարությամբ: Այն նպատակ ունի զարգացնել դասավանդման, ուսումնառության և գիտելիքի գնահատման այնպիսի մեթոդներ, որոնք համահունչ են ԵՊԲՀ-ի կողմից իրականացվող ուսումնական, կրթական ծրագրերին, որտեղ մասնագիտական կոնտեքստով կարևորվում է հետազոտության հմտություններն ու կարողությունները»,- ասաց Բալասանյանը` ավելացնելով, որ նման մոտեցումը հիմնված էր այն փաստի վրա, որ բազային բժշկական կրթությունն այսօր գտնվում է համաշխարհային գլոբալիզացիայի, տեխնիկական առաջընթացի և արհեստական բանականության միջև և ժամանակակից բժշկագիտությունը պահանջում է այնպիսի կադրերի, մասնագետների պատրաստում, որոնք զինված կլինեն տեսական գիտելիքով և կկարողանան ճիշտ կողմնորոշվել ահռելի մեծ տեղեկատվական դաշտում, ճիշտ կիրառելով իրենց առջև դրված խնդիրները, հետազոտական վերլուծությունները` համապարփակ դրանք ներկայացնելու համար:
Տեսական և կլինիկական առարկաների խաչմերուկում գտնվող Ֆարմակոլոգիայի ամբիոնում վերոնշյալ գործոնները խթանեցին բազմաբաղադրիչ համակարգի ներդրումը:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ Կարինե Բարոյանը հանդես եկավ «ԵՊԲՀ-ի մարդու անատոմիայի ամբիոնում կիրառվող բազմաբաղադրիչ գնահատումը որպես գիտելիքի ստուգման արդիական մոդել» թեմայով զեկույցով:
«Ժամանակակից պայմաններում աճել է տեղեկատվության ծավալը և մասնագետի որակին վերաբերվող պահանջները, ուստի գնահատման համար նոր համակարգում պետք է հին մեթոդից հրաժարվել և վերցնել նոր մեթոդներ, որը կգնահատի ոչ միայն տեսական գիտելիքը, դրա տարողությունը, այլև կբացահայտի ուսանողի նոր հնարավորությունները մտածելու, տրամաբանելու, պատճառահետևանքային կապ գտնելու և դրանց հիման վրա նյութը վերլուծելու և, ինչու չէ, նաև ինտեգրացիան ավելի բարձր կուրսերում ապահովելու նպատակով: Հետևաբար մենք այսօր քննարկելու ենք գնահատման համակարգի վերաբերյալ մեթոդները, փորձի փոխանակում ենք անելու տարբեր ամբիոնների միջև»,-նշեց դոցենտ Բարոյանը: Նրա խոսքով՝ շուրջ 4-5 տարի է համակարգում գործում են գնահատման տարբեր համակարգեր և այս ամենը տանում է նրան, որ համակարգը լինի բազմաղադրիչ, կազմված լինի տարբեր կոմպոնենտներից, որոնք ոչ միայն ստուգման գործընթացի օբյեկտիվությունը կբարձրացնեն, այլև հնարավորություն կտան, համադրելով տարբեր մեթոդներ, չափորոշիչներ, ստեղծելու մի նոր գնահատման համակարգ, որը կխթանի ուսումնական պրոցեսը:
«Մենք այս ուղղությամբ կատարել ենք բազմածավալ աշխատանքներ: Քանի որ ես ինքս ամբիոնի վարիչ եմ և կիրառում եմ բոլոր մեթոդները, ունեմ հավաստիք, որ այսօր նոր մեթոդներ ևս կվերցնեմ իմ գործընկերներից, որպեսզի ավելի բազմազան դարձնեմ և՛ ուսուցման, և՛ գնահատման պրոցեսը: Սա շատ մեծ փորձի փոխանակում է»,-ընդգծելով գիտաժողովի կարևորությունը՝ ասաց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանը:
Հաջորդիվ կարևոր, մասնագիտական թեմաների անդրադարձան գիտաժողովի մյուս մասնակիցները:
«ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի օտարերկրյա ուսանողների շրջանում նոր մոդուլային ծրագրով ուսումնառության գործընթացի գնահատում» թեման Համաճարականության ամբիոնի վարիչ, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանի ուշադրության կենտրոնում էր:
«Թվային կրթություն․ փիլիսոփայական ակնարկ» թեմային անդրադարձավ Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Ռոզա Նեմիշալյանը:
««Հետազոտության հիմունքներ» դասընթացի ներդրումը ԵՊԲՀ-ում որպես ուսանողներին հիմնարար հետազոտական հմտությունների փոխանցման գործիք» զեկույցով հանդես եկավ «Հետազոտական հմտություններ» կրթական խմբի ուսումնական պատասխանատու, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ղեկավար Մարիամ Մովսիսյանը:
«Ուսանողի միջառարկայական հետազոտական աշխատանքը դասավանդման և գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգում» թեմայով խոսեց Դեղագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ, Ֆարմացիայի ամբիոնի դոցենտ Աննա Մանջիկյանը, իսկ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի տեղալ, վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ Ռաֆայել Մեսրոպյանը՝ «ԵՊԲՀ-ում օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության (ՕԿԿՔ) իրականացումը և բարելավման ուղիները» թեմայով:
««Էլեկտրոնային համալսարան» դերը և նշանակությունը, թվային միջավարի (e-university) ներդրում» թեմային անդրադարձավ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի պաշտոնակատար, գիտության վարչության պետ, բժշկական ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար դոցենտ Սեյրան Քոչարյանը:
Գիտաժողովի առաջին օրն ամփոփեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը՝ ներկայացնելով ««Բուժական գործ» կրթական ծրագրում մոդուլային համակարգի մարտահրավերները» թեման:
Միջոցառման երկու օրերն ամփոփելով` նախաձեռնողները ակնկալելու են ամբողջացնել բժշկական բուհի բոլոր կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրում ստանալու համար անհրաժեշտ փաթեթները: