Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական մանրէաբանության ամբիոն

Բժշկական մանրէաբանության ամբիոն

ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ ներկայացնում ենք Բժշկական մանրէաբանության ամբիոնը, որն իր գործունեությունը սկսել է դեռևս Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում:

Բժշկական մանրէաբանության ամբիոնը հիմնադրվել է 1923 թվականին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում: Ամբիոնը  ղեկավարել են պրոֆեսորներ Ա.Ի. Իսահակյանը (1923-51թթ.),  Բ.Գ. Ավետիքյանը (1951-54 թթ.), Վ.Գ. Միքայելյանը (1954-75 թթ.), դոցենտ Լ.Ա. Ֆրանգուլյանը (1975-86 թթ.): 
Ամբիոնի հիմնադիր, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աբգար Իսահակի Իսահակյանը (1885-1977թթ/ 1911թ. ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել է նույն համալսարանի ընդհանուր ախտաբանության և մանրէաբանության լաբորատորիայում: 1914թ. նա զինվորական ծառայության է անցել Հայաստանում և գիտագործնական աշխատանքներ է կատարել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելման միջոցառումների մշակման ուղղությամբ, ակտիվորեն մասնակցել  սանհիգիենիկ գիտահետազոտական և անասնաբուժական- անասնաբուծական ինստիտուտների հիմնադրմանը, վարելով առաջինի՝ մանրէաբանական բաժանմունքը, իսկ երկրորդի՝ մանրէաբանության ամբիոնը:

Շուրջ 20 տարի ամբիոնը ղեկավարել է 1927 թվականի՝ Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի առաջին 32 շրջանավարտներից մեկը՝ 1938-44թթ. բժշկական ինստիտուտի ռեկտոր,  ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերգինե Գևորգի Միքայելյանը, ով մեծ ավանդ ունի Հայաստանում բժշկական կրթության, մանրէաբանության և իմունաբանության զարգացման գործում:

Վ.Գ.Միքայելյանը ծնվել է 1903թ., Գյումրիում: Համալսարանն ավարտելուց հետո անցել է աշխատանքի գործնական առողջապահության  համաճարակաբանական ծառայությունում՝ գործունեություն ծավալելով Հայաստանի մի շարք շրջաններում: 1932թ. աշխատել է բժշկական ինստիտուտում՝ սկզբում որպես համաճարակաբանության ամբիոնի ասիստենտ, այնուհետև 1951-54թթ.՝ սննդի հիգիենայի ամբիոնի վարիչ, 1954-75թթ. ղեկավարել է մանրէաբանության ամբիոնը: 1940թ. պաշտպանել է թեկանածուական, իսկ 1948թ. դոկտորական ատենախոսություններ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 15 թեկնածուական և մեկ դոկտորական ատենախոսություններ, որոնք նվիրված են եղել ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և իմունաբանական հիմնահարցերի լուծմանը: Նա հանդիսացել է մանրէաբանների և ինֆեկցիոնիստների հանրապետական գիտական ընկերության նախագահ, համամիութենական նույնանուն ընկերության վարչության անդամ, պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի, «Պատվո նշան» (երկու) շքանշաններով և մեդալներով:

1986 թվականից առ այսօր ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆեսոր Վլադիմիր Արմենակի Շեկոյանը: Նա 1979-82թթ. ընտրվել է ինստիտուտի արհկոմիտեի նախագահ, 1983-91թթ. բուժական ֆակուլտետի դեկան, իսկ 2002-2011թթ. աշխատել է համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 

Բազմամյա ու բեղմնավոր կազմակերպչական և գիտամանկավարժական գործունեության համար 2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով, 2010թ. նրան շնորհվել է ՀՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 

Տարբեր տարիներ ամբիոնում իրենց գիտամանկավարժական գործունեությունն են ծավալել Ա.Հ.Միրզաբեկյանը, Լ.Ա. Ֆրանգուլյանը, Մ.Ի.Ալավերդյանը, Ջ.Հ.Ամյանը, Մ.Հ.Մելքումյանը, Է.Գ.Շեկոյանը, Ջ.Ա.Ահարոնովան, Ռ.Հ.Մանուկյանը, Ն.Պ.Բաբայանը, Լ.Դ.Մխեյանը, Վ.Ս. Թովմասյանը, Ն.Ա.Թարվերդյանը, Մ.Ս.Հովհաննիսյանը, Կ.Ղ.Մանուկյանը, Ս.Ց.Չիլինգարյանը, Կ.Խ.Քալաշյանը, Դ.Մ.Մուրադյանը, Ս.Յու.Զալինյանը, Ք.Հ.Աբգարյանը, Գ.Մ. Պողոսյանը, Վ.Ա.Ասոյանը, Լ.Ա.Սարգսյանը, Զ.Հ.Գևորգյանը և ուրիշներ: