Լաուրա Փարսադանյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսում: Նա բժիշկների ընտանիքից է, և ինչպես ընդունված է հայաստանյան բժշկական շրջանակում, մասնագիտությունը նրան փոխանցվել է ժառանգաբար:
«Երեք տարեկանից երազում էի բժիշկ դառնալ, ութերորդ դասարանում որոշեցի, որ դառնալու եմ հեպատոլոգ, քանի որ լյարդն այն օրգանն է, որ ցանկացած օրգանի համար պատասխանատվություն է կրում»,- ասում է ապագա բժիշկը:
Լաուրան, լինելով բժշկական ընտանիքից, մշտապես մտածել է այն մասին, թե ինչպես է հետագայում ճիշտ և գրագետ բուժելու իր պացիենտներին: Նա հետաքրքրված է նաև ոչ ավանդական բժշկությամբ, քանի որ իր համոզմամբ՝ մարդու օրգանիզմն ունի բոլոր պայմաններն ինքնանորոգվելու համար, և բժիշկը պետք է լինի այն անձը, որը մարդկանց կօգնի, կառաջնորդի այդ գործընթացում:
«Ոչ ավանդական բժշկության փնտրտուքներով սկսեցի զբաղվել յոգայով, առավելապես սկսեցի ուսումնասիրել թերապևտիկ յոգայի ճյուղը։ Արդեն մեկ տարի է՝ ինքս մարդկանց դասավանդում եմ յոգայի ուսմունքի այն մասը, որը ես գիտեմ և շարունակ սովորում եմ։ Իմ առաքելությունն է՝ մարդկանց սովորեցնել առողջ լինելու արվեստը: Երազում եմ ունենալ առողջարան»,- պատմում է ուսանողուհին:
Բացի բժշկական հետաքրքություններից՝ սիրում է նկարել, ավելի հստակ՝ մանրանկարել պոպոքի կեղևի, ծիրանի կտի վրա։ Սա նրա ամենասիրելի զբաղմունքներից է: Նրա կարծիքով՝ կյանքում և արվեստում համոզմունքներն են ապահովում հաջողություն, ոչ թե վիրտուալ աշխարհում հետևորդների թիվը: Պատրաստած ձեռագործ աշխատանքներն էլ նվիրում է հարազատ մարդկանց:
Լաուրա Փարսադանյանը նաև սիրում է հեքիաթներ կարդալ: Նրա կարծիքով՝ դրանք մեր պատմության, ավանդույթների, իմաստության խտացված տարբերակն են։
Ուսումնառությունը ԵՊԲՀ-ում, նրա գնահատմամբ, առաջին հերթին իր և շրջապատի առողջությունը պահպանելու համար է։ Սովորողի խոսքով՝ այս բնագավառում լիարժեք գիտելիքներ ունենալը հեշտացնում է կյանքը, հիվանդությունները կանխարգելելու գործընթացը: