Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լ.Ա.Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմոլոգիայի խմբի ղեկավար, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանը անկեղծանում է, որ բժշկի մասնագիտությունն ընտրել է իր մայրիկի ցանկությամբ ու առաջարկով:
«Մայրս ընտրեց: Ես քիմիական ֆակուլտետ էի ուզում ընդունվել: Ասաց՝ գործերդ տուր մանկաբուժություն, քանի որ ընդհանուր բժշկության ֆակուլտետ չես կարող ընդունվել, մեծ էր մրցույթը, 1 տեղի համար 13 դիմորդ էր: Երբ փաստաթղթերս ներկայացրի, ընդունող հանձնաժողովում ինձ հարցրին՝ ինչու մանկաբույժ, արդյո՞ք երեխաներ շատ եմ սիրում, ասացի՝ ոչ, մայրս ասաց, որ բժշկության ֆակուլտետ չեմ կարող ընդունվել: Նրանք ինձ ասացին՝ Չեխովի անվան դպրոցն ավարտել ես ոսկե մեդալով, ավարտել ես նաև ֆիզմաթ թեքումով դպրոց, պետք է դիմեք բուժական ֆակուլտետ, դիմեցի և ընդունվեցի անճար հիմունքներով»,-պատմում է անվանի սրտաբանը, որը բժշկական մայր բուհն ավարտել է գերազանցության դիպլոմով: Սվետլանա Գրիգորյանն ասպիրանտուրան ավարտել է սրտաբանություն մասնագիտությամբ Երևանի Սրտաբանության ԳՀԻ-ում։
«Ինձ բժիշկ են դարձրել երկու անձնավորություն՝ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը և իմ ամուսինը՝ անոթային վիրաբույժ Գևորգ Հազարապետյանը: Ես պարտական եմ այդ անձանց՝ որպես բժիշկ կայանալու համար: Երբ գերազանց ավարտեցի բժշկական համալսարանը, ուզում էի զբաղվել բժշկագիտությամբ, չէի ցանկանում պրակտիկ բժշկությամբ զբաղվել: Այդ անձինք, սակայն, ինձ հորդորեցին, որ իմ գերազանցության դիպլոմը և գիտելիքները պետք է ծառայեն մարդկանց բուժելու համար: Հիմա կարող եմ ասել, որ առանց հիվանդների չեմ պատկերացնում իմ կյանքը: Գիտությունը, դասավանդումը շատ լավ են, բայց պացիենտները կյանք տվող ուժն են: Երբ մարդը գալիս է քեզ մոտ, հուսահատ, բուժումից հետո գոհ գնում, այդ զգացումը, որ ինչ-որ մի բանով օգնեցիր աննկարագրելի զգացողություն է բժշկի համար: 30 տարի առաջ էր, երբ պաշտպանեցի դոկտորական ատենախոսությունը, ակադեմիկոս Կառլեն Ադամյանն ասաց, որ երկիրը մանկական սրտաբանության և առիթմոլոգիայի մասնագետների կարիք ունի: Առաջարկեց ընտրեմ այդ երկուսից մեկը, ես ընտրեցի առիթմոլոգիա»,-նշում է Սվետլանա Գրիգորյանըո, ով Խորհրդային միության ժամանակաշրջանի ամենաերիտասարդ դոկտորներից էր;
«Կառլեն Ադամյանի հարցին ի պատասխան ասացի՝ պատրաստ եմ, և նա ինձ ուղարկեց Գիտությունների ակադեմիայի Սիբիրիյան մասնաճյուղ, պրոֆ. Կարպովի մոտ: 1991 թվականին, երբ վերադարձա, հիմնեցի Հայաստանում առաջին առիթմոլոգիայի բաժինը»,-ասում է ԵՊԲՀ պրոֆեսորը, ում խոսքով՝ բոլոր սրտաբանները առիթմոլոգիայից որոշ գիտելիքներ պետք է ունենան:
«Որովհետև առիթմիան հիվանդություն չէ, համախտանիշ է, որը լինում է տարբեր հիվանդությունների ժամանակ: Պատճառները ոչ միայն սրտի իշեմիկ հիվանդությունն է կամ զարկերակային ճնշման բարձրացումը, պարզվում է՝ կան հիվանդություններ՝ սրտամկանի հիվանդություններ, որոնք նորից բերում են առիթմիայի, նաև տարբեր բորբոքումներ, գրիպ, անգամ կանացի հիվանդությունները: Սպեկտորը մեծ է՝ սրտային հիվանդություններից մինչև թերապևտիկ, էնդոկրինոլոգիա, նյարդաբանություն»,-ընդգծում է համալսարանականը` կարևոր համարելով սրտի հիվանդությունների և, ընդհանրապես, ցանկացած հիվանդությունների կանխարգելումը սկզբնական փուլում:
1972-1974 թ.թ. Ս.Գրիգորյան աշխատել է «Շտապօգնության» կայանում: 1974 թ-ից աշխատել է Սրտաբանության ԳՀԻ- ում՝ սկզբում որպես բժիշկ–սրտաբան, ապա որպես գիտական աշխատող և բաժանմունքի ղեկավար: 1995-2011թթ. Գրիգորյանը եղել է ՀՀ ԱՆ Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր։ 2011 մինչ այժմ անվանի վաստակաշատ մասնագետը Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ հետբուհական շարունակական և մասնագիտական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր է, 500 -ից ավելի կլինիկական օրդինատորների ղեկավարն է եղել:
«Նրանք ուսանող չեն, բժիշկ էլ չեն դեռևս, բայց ես նրանց համարում եմ գործընկերներ, իսկ դա մեծ նշանակություն ունի: Իրենց ասում եմ, եթե ընտրել եք սրտաբանությունը, պետք է լավ մասնագետներ լինեք: Նրանց համարում եմ իմ երեխաները, որոնք աշխատում են ամենուր Հայաստանում, Եվրոպայում, Միացիալ Նահանգներում, Ռուսաստանում, ընդհուպ՝ մինչև Ավստրալիա: Սիրտն ամենակարևոր, նուրբ օրգան է: Պապս կես կատակ ասում էր՝ ինչ ուզում ես դարձիր, անգամ գող, բայց պրոֆեսիոնալ եղիր, գիտեք՝ դրա մեջ որոշակի ճշմարտություն կա: Դրա համար մարդիկ ասում են՝ ինչ գործ անում ես «սրտով արա»: Դա ես ևս իմ կլինօրդինատորներին ասում եմ սովորելու մեկնարկին և ավարտին»,-ասում է բժշկական բուհի դասախոսը:
Սվետլանա Գրիգորյանը հեղինակ է 290-ից ավելի գիտական աշխատանքի և 3 մենագրության: Ղեկավարել է 14 թեկնածուական և 1 դոկտորական սրտաբանությանը նվիրված գիտական ատենախոսություններ: Գիտահետազոտական աշխատանքներով բազմիցս հանդես է եկել միջազգային և եվրոպական գիտաժողովներում (Փարիզ, Մյունխեն, Հռոմ, Բարսելոնա, Լիսաբոն, Աթենք), ստացել մցանակներ: 2018թ. Ֆրանսիայի Նիս քաղաքում զեկուցել է Հայաստանում առիթմոլոգիայի՝ որպես սրտաբանության նոր ճյուղի զարգացման մասին: Զեկույցը տպվել է EHRA «White Book» գրքում:
«Դեռ խորհրդային տարիներից Սրտաբանության ինստիտուտի վարկանիշը բարձրագույններից էր, ինչի համար պետք է շնորհակալ լինենք Հայաստանի սրտաբանության ոլորտի լավագույն ու ճանաչված մասնագետներին, որոնց ավանդը մեծ է ոլորտի կայացման գործում: Այսօր ևս սրտաբանությունը Հայաստանում զարգացած է: Եվրոպայի սրտաբանների ամենամյա կոնգրեսը մշտապես ընդունում է Հայաստանից ներկայացվող, սրտաբանության թեմայով գիտական աշխատանքներ: Ունենք սրտաբանության ոլորտի հրաշալի մասնագետներ, նրանց կողքին ուզում եմ նշել նաև մեր նախկին կլինիկական օրդինատորներին, որոնցով հպարտանում եմ»,-նշում է Սվետլանա Գրիգորյանը:
Նրանցից մեկը նաև իր դուստրն է՝ Լուսինե Հազարապետյանը, որը կրկնում է Սվետլանա Գրիգորյանի անցած ուղին ՝ լինելով բժիշկ-սրտաբան և գիտնական, պաշտպանելով դոկտորական ատենախոսությունը: Ստացվում է, որ բժշկական ընտանեկան դինաստիան շարունակվում է:
Պրոֆեսոր Գրիգորյանը Եվրոպական սրտաբանների միության ESC -ի պրոֆեսիոնալ անդամ է, Եվրոպական սրտի ռիթմի ասոցիացիայի (EHRA) անդամ է, նաև Եվրոպական կաթվածի կանոնավոր խորհրդի, Սրտաբանության պրակտիկայի կանոնավոր խորհրդի և Հայկական սրտաբանների ասոցիացիայի անդամ: Նա Հայաստանի Առիթմոլոգների ասոցիացիայի հիմնադիր նախագահն է:
Գրիգորյանը նաև «Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիա»-ի հիմնադիր անդամ է: Բանակին մատուցած բժշկական ծառայությունների համար պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով: