Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, ՀՀ ԱՆ նախկին գլխավոր ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին երկարամյա տնօրեն Արա Վարդգեսի Ասոյանը վաղաժամ հեռացավ կյանքից 2018 թվականի մարտի 3-ին` անավարտ թողնելով ակտիվ մասնագիտական գործունեությունը, որը մեկտեղում էր դասավանդումն ու կլինիկական աշխատանքը, առողջապահության կազմակերպումը:
Որպես ինֆեկցիոնիստ` նա շատ ասելիք ուներ, հետաքրքիր խառնվածք, հումորի զգացում: Նրա մասնագիտական ու մարդկային կերպարը տարիներ անց գործընկերները չեն մոռանում, բժշկության ոլորտում նա հեղինակություն էր:
Կենսագրական տվյալներ
Արա Ասոյանը ծնվել է 1953թ. հուլիսի 20-ին։ 1971թ.-ին ընդունվել և 1978թ–ին ավարտել է ԵՊԲԻ մանկաբուժական ֆակուլտետը: 1981-1984 թթ. սովորել է ասպիրանտուրայում՝ Մոսկվայի Սեչենովի անվան Առաջին բժշկական ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում։
1978-1981թթ. աշխատել է Թիվ 2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բժիշկ-ռեանիմատոլոգ, 1986-1989թթ.՝ Թիվ 2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն, 1989 թվականից՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, 1994-2007թթ.՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, 2007 թվականից՝ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, դոցենտ։
150-ից ավելի գիտական աշխատանքի, այդ թվում՝ 13 ուսումնամեթոդական ձեռնարկի համահեղինակ է, 1 պաշտպանած թեկնածուական ատենախոսության ղեկավար է եղել: Հայաստանի հեպատոլոգների ասոցիացիայի անդամ էր: Պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» հուշամեդալով, 2012թ. բանակի կազմավորման 20–ամյակի կապակցությամբ նրան շնորհվել է մեդալ: Արժանացել է ՀՀ ԱՆ ոսկե մեդալի 2013 թ.-ին, ինչպես նաև ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է վաստակավոր բժիշկ կոչում 2015 թվականին:
Այսօր բժիշկ-գիտնականը կդառնար 70 տարեկան, նրա մասին «Բժշկի ուղին» ակնարկաշարի շրջանակում համալսարանական լսարանին պատմում են որդին և գործընկերները:
Արա Ասոյանը բժշկության ոլորտում հետագիծ ունեցող, ինֆեկցիոնիստների դպրոց ստեղծած բժիշկ է, մարդ-մասնագետ, ում ձեռքբերումները, գործունեությունը մեկ անդրադարձում ներկայացնելը բարդ է։
Մեր երկրում իր գործունեության տարիներին գրեթե բոլոր ինֆեկցիաների՝ հաջողությամբ հաղթահարման գործում նա մեծ ներդրում է ունեցել:
Գործընկերները փաստում են՝ ամեն դեպքից հետո Ասոյանն իրեն հատուկ օպերատիվությամբ և պատասխանատվությամբ շտապում էր դեպքի վայր, անձամբ հետևում աշխատանքներին, զրուցում հիվանդների, նրանց հարազատների հետ։ Իսկ հետո Ասոյանը պետք է «դիմադրեր» լրագրողների զանգերի և հարցերի տարափին՝ իրեն հատուկ համբերատարությամբ պատասխաներ տասնյակ հարցերի, լսեր հանդիմանություններ, փորձեր հանգստացնել բնակչությանը և, իհարկե, խորհուրդներ տալ՝ ինչ անել, ինչ չանել։
Քչերը գիտեն, թե ինչպես է Ասոյանը քարը քարի վրա դրել և դարձրել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն այնպիսին, ինչպիսին եղել է։
«Արա Ասոյանը շատ ակտիվ, աշխույժ, ուրախ, կենսասեր, եռանդուն մարդ էր, ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե որտեղից նրան այդքան էներգիա, նաև շուտ բռնկվող էր, երբ զայրանում էր, թող ու փախիր։ Հանգիստ չուներ, գալիս էր հիվանդանոց, անկախ նրանից՝ հանգստյան, թե տոն օր էր, պարտադիր մտնում բոլոր բաժիններ, լսարաններ, ողջունում բոլորին, հիվանդներին նայում, հետո վազում շինհրապարակ, միշտ ինչ-որ աշխատանքներ էին կատարվում, ու Ասոյանն անձամբ էր գնում, հրահանգում՝ որ քարը որտեղ դնեն, որ ծառը, թուփը որտեղ տնկեն։ Ասոյանը տնօրեն էր հոգով, սրտով, նա հիվանդանոցին իր տան պես էր վերաբերվում, ով ցանկանում էր իրեն լավություն աներ, շնորհակալություն հայտներ, ասում էր՝ հիվանդանոցի համար սա կանեք, հիվանդանոցի ամեն քայլը գիտեր, ով երբ եկավ ու գնաց, շատ ուշադիր էր ամեն ինչի հանդեպ։ Մութ ու ցուրտ տարիներին, երբ Սարի թաղի ինֆեկցիոն հիվանդանոցը վերացավ, «Նորք» ինֆեկցիոնը պահպանվեց և զարգացավ։ Նա իր ընկերական կապերը, շրջապատը, ամեն ինչ օգտագործում էր հիվանդանոցի բարեկեցության համար», – պատմում է բժիշկ-գիտնականի հետ 30 տարի աշխատած ինֆեկցիոնիստ, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը ու հերթով թվարկում այն ամենը, ինչը բժիշկը տանել չէր կարողանում։ Հիվանդանոցում բոլորը գիտեին՝ տնօրենը բարկանում էր, երբ աշխատասենյակներում օրը ցերեկով լույսը միացրած էր, երբ ջուրը հոսում էր, երբ շինարարություն էր ընթանում, իսկ հատակին թաց լաթ չկար գցված, իսկ երբ հիվանդանոցի բակում «սիգնալի» ձայն էր լսում, դուրս էր թռչում աշխատասենյակից՝ կշտամբելու։
Մելանյա Շմավոնյանի հիշողություններն ամբողջացնում են նրա երիտասարդ գործընկերները։
«Արա Ասոյանին վերջին անգամ տեսա մահվանից մի քանի օր առաջ՝ տանիքին մեխ էր խփում։ Այսօր ինֆեկցիոնիստների մի մեծ սերունդ հենց նրան է պարտական բժիշկ դառնալու համար, Ասոյանը մեզ դարձրեց բժիշկ՝ ձեռքներս բռնած սովորեցնելով ամեն ինչ։ Շատ էր սիրում երիտասարդներին, մեծ տեղ էր տալիս կլինիկական օրդինատորներին, անպայման բժիշկներին կասեր՝ այս հիվանդին տեսե՞լ է օրդինատորը, տարբեր ծրագրերում էր ընդգրկում, բազում հնարավորություններ տալիս։ Շատ պահանջկոտ էր, շատ խիստ, էմոցիոնալ, նաեւ շատ գնահատող էր, ինքը մեզ համար մեջք էր, մասնագիտական հարցերից բացի, հենարան էր նաեւ անձնական հարցերում, մենք կյանքի բազում դասեր ենք ստացել նրանից։ Երբեք թույլ չէր տա մեկը իր բժշկին, իր աշխատակցին նեղացներ։ Ինքը իսկապես երևույթ էր, ինքը մարդ է, ով իրենից հետո այնքան պատմելու, հիշելու բան է թողել, այնքան է ստեղծել․․․», – պատմում է նույն ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը։
Գործընկերները, միմյանց հերթ չտալով, պատմում են, թե ինչեր է արել Ասոյանը, ձեռքբերումներ, փոփոխություններ, որոնց ակունքներում հենց նա էր կանգնած։ Օրինակ՝ քչերը գիտեն, որ հենց նրա շնորհիվ է, որ այսօր զինակոչիկներին պատվաստում են նախազինակոչի տարիքում՝ խուսափելով բազում բարդություններից։
«Անսահման հումորի տեր էր, մտնում էր հիվանդի մոտ, որ ներկայացնում էինք՝ սրտխառնոց, փսխում է ունեցել, ասում էր՝ հիմա, որ ինձ նայում ես, սիրտդ չի խառնում, ասում էր՝ չէ, ասում էր՝ ուրեմն լավ ես։ Շատ ուրախ մարդ էր Արա Վարդգեսովիչը, շատ էր սիրում կոլեկտիվով խնջույքներ կազմակերպել, գարնան առաջին օրը նշում էինք անպայման՝ ձու, թարխուն ուտելով։ Նաեւ հիշում եմ, որ աղցաններ չէր ուտում, մասնագիտական էր (ծիծաղում է – խմբ․)», – պատմում է ամբիոնի ասիստենտ Լուսինե Հարությունյանը։
Բժիշկ-գիտնականի հոբելյանի առիթով ավագ ընկերոջ և ուսուցչի մասին նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանն է պատմում.
«Յուրահատուկ մարդ և ղեկավար, ով միաժամանակ և՛ չափազանց խստապահանջ էր, հետևում էր կարգուկանոնին, և՛ անսահման ազատ ու ինքնուրույն գործելու հնարավորություն էր տալիս երիտասարդ մասնագետներին։ Հաճելի էր, բայց և պարտավորեցնող, լինելով դեռևս ոչ փորձառու երիտասարդ բժիշկ, զգալ, որ հարգում և լսում են կարծիքդ, միաժամանակ զգալ աջակցությունը խնդիրների առկայության դեպքում։ Հասկանալով, որ վստահում են, գիշեր ու ցերեկ աշխատում էինք՝ այդ վստահությանն արժանի լինելու համար»:
Որդին՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Վիգեն Ասոյանը, պատմում է, որ հայրը շատ էր սիրում իր տարեդարձը, միշտ անձամբ էր ամեն ինչ կազմակերպում, անպայման նշում էր օրը կոլեկտիվում, ընկերների, հարազատների հետ։
«Խիստ հայր էր, շատ լավ պապիկ, հասցնում էր թոռներին այգի տանել, քրոջս երեխան մինչև հիմա հուզվում է նրա նկարին նայելիս», – պատմում է որդին։
Ի՞նչ էր սիրում նվեր ստանալ․ Վիգեն Ասոյանը պատմում է, որ հայրը գդալների կոլեկցիոներ էր, նրան ճանաչողները գիտեին՝ ուր գնային, կարող էին Ասոյանին գդալ բերել և դրանով ուրախացնել։
Առողջապահության ոլորտում Արա Ասոյանին բոլորն են ճանաչել, իսկ, ինչպես ասում են, մարդն ապրում է այնքան, որքան հիշում են: Հետևաբար բժշկագիտության անվանիների գործն ու առաքելությունը շարունակվում է նրանց սաների, աշակերտների շնորհիվ, որոնք զարկ են տալիս հայրենիքում բժշկագիտության զարգացմանը:
Լուսանկարները` Ասոյանների ընտանեկան արխիվից