Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժիշկ-վարակաբան Մելանյա Շմավոնյանի համար բժշկագիտությունն ապրելակերպ է

Բժիշկ-վարակաբան Մելանյա Շմավոնյանի համար բժշկագիտությունն ապրելակերպ է

Բարձր մասնագիտական գիտելիքներով ու հմտությամբ աչքի ընկնող վարակաբանը ԵՊԲՀ-ն ավարտել է ուղիղ 50 տարի առաջ: Կես դար է ապաքինում, առողջացնում, վերադարձնում է լիարժեք կյանքի: Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանն իր գործի նվիրյալն է.  փաստում են շատերը՝ գործընկերները, կլինիկական օրդինատորները և նաև մարդիկ, ում նա օգնել է:

Լուսանկարների հաստափոր արխիվում ամփոփված են տասնամյակների պատմություն ունեցող հանդիպումները, մասնագիտական հավաքները, ջերմ հիշողությունները, ինչպես նաև բարդ դեպքերի քննարկմանը նվիրված կոնսիլիումները: Բոլորի անունները, ինչպես ընդունված է բժշկական աշխարհում՝ հայրանունները, հանդիպումների ամսաթվերն ու առիթները դեռ թարմ են երկար տարիների փորձ ունեցող բժիշկ-գիտնականի հիշողության մեջ:

1975 թվականին արված սևուսպիտակ լուսանկարում նա առաջիններից էր, որ կատարեց շճաբանական հետազոտություն՝ ալֆաֆետոպրոտեինի որոշում:

 «Ցանկացել եմ բժիշկ դառնալ փոքր հասակից: Ինստիտուտը գերազանցությամբ ավարտելուց հետո մեկ տարի ինտերնատուրա անցա թերապիա մասնագիտությամբ, երկու տարի աշխատեցի որպես տեղամասային թերապևտ»,- իր անցած ճանապարհը ներկայացնելիս պատմում է Մելանյա Շմավոնյանը:

Կենսագրական տվյալներ

Նա 1971 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը:  1971-1972 թթ. բժիշկ-ինտերն է եղել հանրապետական հիվանդանոցում: 1972-1974 թթ.  Երևանի №4 պոլիկլինիկայի տեղամասային թերապևտն էր:  1974 թ-ից աշխատել է բժիշկների կատարելագործման Երևանի պետական ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես ավագ լաբորանտ: 1975–1976 թթ. նույն ինստիտուտում անցել է մասնագիտացում և ստացել է բժիշկ – ինֆեկցիոնիստի որակավորում:  1977-1994 թթ.- ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում ասիստենտ էր (1993 թ – ից ԵԲՊԿԻ-ը վերանվանվել է Առողջապահության ազգային ինստիտուտի):, իսկ 1994–2000թթ. նույն ամբիոնի վարիչն էր:  1994–1995 թթ. համատեղության կարգով աշխատել է ԵՊԲՀ-ի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես ասիստենտ, իսկ 2000-2009 թթ.նույն ամբիոնի դոցենտ:  2007 թ–ին շնորհվել է դոցենտի գիտական կոչում:  2009-2011թթ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչն էր: Բժիշկ-գիտնականը 2011թ. ից դոցենտ է ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում: Մասնակցել է ամբիոնի վերապատրաստման արտագնա դացընթացներին հանրապետության մարզերում և Արցախում:
ԱՄՆ ՀՕՖ «ՀՀ մարզերի և ԼՂՀ բժիշկների վերապատրաստում» ծրագրի ինֆեկցիոն հիվանդությունների վարման ղեկավար է: Շուրջ 20 տարի, մինչև 2020 թվականը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչն էր:
Բժիշկ – խորհրդատու է ԵՊԲՀ համալսարանական հիվանդանդանոցներում, հանրապետության այլ բժշկական կազմակերպություններում:  Բազմիցս մեկնել է հանրապետության և Արցախի շրջաններ համաճարակային բռնկումների ժամանակ տեղում պրակտիկ օգնություն ցուցաբերելու նպատակով, համագործակցում է տարբեր նեղ մասնագիտացման բժիշկների հետ:
Ակտիվ մասնակցում է հանրապետության բժշկական կյանքին, համագործակցում միջազգային գիտական նախագծերում և ծրագրերում:
Բազմիցս ելույթ է ունեցել տարբեր համաժողովներում: Գիտական գործունեությունը բազմազան է և ընդգրկում է ինֆեկտոլոգիայի զանազան ոլորտները:Հայաստանի հեպատոլոգների ասոցիացիայի անդամ է: 110 գիտական աշխատանքների, ուսումնական, ուսումնա-մեթոդական, մեթոդական ձեռնարկների, 1 ազգային ուղեցույցի և 1 հեղինակային արտոնագրի համահեղինակ է:
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի գիտական խորհրդի և նույն ֆակուլտետի ցիկլային մեթոդական հանձնաժողովի անդամ է: Պարգևատրվել է ՀՀ ԱՆ 2005թ, 2012թ պատվոգրերով և ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի 2012թ. պատվոգրով: 2017 թ. ԵՊԲՀ ռեկտորի կողմից պատվոգրով:
 

Մասնագիտության ընտրությանը նպաստել է մորեղբայրը՝ նախկին ռեկտոր Սոկրատ Հովհաննիսյանը

Քչերը գիտեն, որ մասնագիտության ընտրության հարցում կարևոր դեր է ունեցել հարազատ մորեղբայրը՝ բժշկական ինստիտուտի նախկին ռեկտոր Սոկրատ Հովհաննիսյանը (ղեկավարել է բուհը 4 տարի 1962-1966թթ.): Վաստակաշատ բժիշկը Հայաստանում բժշկական բարձրագույն կրթության կազմակերպիչների և նյարդավիրաբուժության հիմնադիրների շարքում իր պատվավոր տեղն ունի: Հետահայաց Մելանյա Շմավոնյանը խոստովանում է, որ քեռին նպաստել է մասնագիտության ընտրության հարցում, սակայն որևէ ազդեցություն չի ունեցել, ոչ իր՝ բուհ ընդունելության և ոչ էլ հետագայում ուսումնական գործընթացի վրա:

Նշում է, որ ինֆեկցիոնիսիտի՝ վարակաբանի, մասնագիտացումը պատահաբար է ընտրել: Այս ոլորտում գործունեություն է ծավալում 1974 թվականից սկսած:  Մասնագիտական տարիների գերակշիռ մասը նա նվիրել է հետբուհական կրթության ոլորտին՝ նպաստելով մասնագետների պատրաստման գործին, որոնք այսօր հաջողել  են աշխահի տարբեր անկյուններում՝ ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, այլուր:

2020 թվականին աշխարհում ու նաև Հայաստանում բռնկված համավարակի հետևանքով գերծանրաբեռնված էր նաև Մելանյա Շմավոնյանի ամեն օրը: Առաջին վարակակիրն ախտորոշվել է հենց իր աշխատավայրում՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ նա մեծահասակների բաժանմունքի վարիչն էր: Նշում է, որ այս օրերին վարակաբանի մասնագիտության հանդեպ սովորողների ուշադրությունը ևս մեծացել է:

«Բժշկի մասնագիտությունը ծանր և պատասխանատու է: Բժիշկը պետք է լիարժեք նվիրվի իր մասնագիտությանը և այն դարձնի ապրելակերպ, մտածելակերպ»,- ընդգծում է փորձառու մասնագետը՝ հավելելով, որ բժիշկների դեպքում զբաղվածության պատճառով հաճախ սահմանափակվում է ընտանիքին, շրջապատին հատկացված ժամանակը: Բժիշկը՝ ըստ ցանկության, չի կարող պլանավորել իր օրը, քանի որ ամեն ինչ կախված է իրավիճակից՝ բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունից:

Նրա գնահատմամբ՝ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդների հետ աշխատելիս արդյունքը տեսանելի է օր օրի:

Հստակ պատճառաբանություն չկա. գուցե ձևավորված իմունիտետը վարակների հետ տարվող երկար տարիների աշխատանքի արդյունքն է, որի շնորհիվ  նրան բարեբախտաբար հաջողվել է խուսափել COVID-19-ով վարակվելուց:

Ուսուցիչներին հիշում է հատուկ երախտագիտությամբ

Ինչպես շատ երախտապարտ և կայացած մարդիկ, այնպես էլ Մելանյա Շմավոնյանն իր անցած ուղին ներկայացնելիս չի կարող չանդրադառնալ  ուսուցիչներին, տարբեր սերունդներ ներկայացնող մասնագետներին, որոնք նպաստել են իր աճին ու զարգացմանը: Նրանցից են անվանի բժիշկ-գիտնականներ Ռոզա Կարապետյանը, Անուշավան Ղազազյանը, Զուլիետտա Վոպյանը, Վլադիմիր Նիկիֆորովը, վերջինս նրա գիտական ղեկավարն էր Մոսկվայում: Նա չի կարող չառանձնացնել նաև մի քանի տարի առաջ կյանքից հեռացած, հանրապետության նախկին գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին, որի ղեկավարած թիմում համատեղ ջանքերով փրկել են հարյուրավոր կյանքեր:

Բժշկուհու երկու երեխան էլ հեռու չգնացին նրա ընտրած մասնագիտությունից: Տղան՝  ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանն է: Դուստրը՝ Թերեզա Ազատյանը, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչն է:

Ամուսինը՝ Յուրի Ազատյանը նույնպես անվանի բժիշկ էր, աշխատում էր  բժշկական ինստիտուտի Թերապիայի ամբիոնում որպես ավագ գիտաշխատող:

Երեխաների հայրական կողմի տատիկն ու պապիկը ևս բժշկագիտության նվիրյալներ են: Համաճարակաբան Հայրապետ Ազատյանը և  լաբորատոր ախտորոշման ոլորտի մասնագետ Թերեզա Հակոբջանյանը:

Այժմ փորձառու բժշկուհին իր կրտսեր գործընկերների հետ, ԵՊԲՀ ռեկտորի նախաձեռնությամբ, մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում՝ որպես բժիշկ-վարակաբան՝ ամեն օր շարունակելով իր ընտրած մարդասիրական առաքելությունը:

 

Նախագծի հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները՝ Մելանյա Շմավոնյանի անձնական արխիվից

 

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper