Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհի 93-ամյա շրջանավարտի հիշողությունները թարմանում են՝ ուսանողական ալբոմը թերթելիս

Բժշկական բուհի 93-ամյա շրջանավարտի հիշողությունները թարմանում են՝ ուսանողական ալբոմը թերթելիս

Խմբակային  լուսանկարն արվել է 1947 թվականին ԵՊԲՀ տարածքում:  Երբ ազդարարվեց բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկի մասին, չէինք կարող պատկերացնել, որ նախանշված ծրագրերը չեն կայանա:  Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները, ապա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը երկարաձգեց ԵՊԲՀ 1950 թվականի շրջանավարտ Ռոզա Հախինյան-Աթաբեկյանի մասին այս պատմության հրապարակումը: Մեր ստեղծագործական թիմը տարին ափոփում է՝ անդրադառնալով 100-ամյա բուհի 93-ամյա շրջնավարտին:

Մեկ դարը բոլորած բուհի յուրաքանչյուր շրջանավարտ, որն այժմ պատկառելի տարիքում է առանձնակի հարգանքի է արժանի: Նրանց՝ բուհի մասին պատմող յուրաքանչյուր հիշողություն, փաստաթուղթ, արժեքավոր վկայություն է:

Ռոզա Արտաշեսի Հախինյանը ծնվել է 1927 թվականի ապրիլի 8-ին: Նա 1945 թվականին ընդունվել և 1950-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ բուժ-պրոֆիլատիկ մասնագիտության գծով, և պետական քննական հանձնաժողովի կողմից ստացել բժշկի որակավորում: Հետագայում նա մասնագիտացել է որպես մանկաբույժ:

93-ամյա Ռոզա Հախինյանը, տարբեր տարիների կտրվածքով աշխատելով առողջապահական տարբեր կազմակերպություններում, առողջացրել է տասնյակ հիվանդների: Նա մասնագիտական գործունեություն է ծավալել Աշտարակում, Դիլիջանում, Ալավերդիում, իսկ հետագայում աշխատանքը կենտրոնացրել է «Արաբկիր» բժշկական համալիրում, որը նախկինում կոչվում էր 3-րդ մանկական, այնուհետև՝ Հանրապետական մանկական հիվանդանոց:

ՀՍՍՀ վաստակավոր բժշկուհուն հարազատ բուհի հետ բազմաթիվ դրական հիշողություններ են կապում, որոնց շարքում առանձնացնում է ուսանողական տարիներն ու կուրսընկերներին: Լուսանկարներից մեկում ցույց է տալիս ընկերուհուն՝ Մարգո Ավետիսյանին. նրանց ավելի քան կես դար առաջ, դասերից հետո լուսնակարել է կուրսընկերը: Մեկ այլ լուսանկար տիկին Ռոզային հիշեցնում է տասնամյակներ առաջ փորձի փոխանակման նպատակով Բեյրութից բժշկական համալսարան ժամանած պրոֆեսորների խումբին: Նա, որպես հանդիպման ակտիվ մասնակից և բժշկի կեցվածք ունեցող ուսանողուհի լուսանկարվել է խմբի համար:

ԵՊԲՀ շրջանավարտի համար բժշկական համալսարանի հոբելյանը, որին նա գրեթե հասակակից է, համարում է իր մասնագիտական կայացման մեկնակետը, այն հաջողությունների խորհրդանիշը, որոնք նրան ուղեկցել են ողջ կյանքի ընթացքում:  

Ռոզա Հախինյանը շատ ուրախ է, որ մասնագիտացել է հենց «Մանկաբուժություն» մասնագիտությամբ: «Բժշկությունը սկսվում է մանուկներին բուժել կարողանալուց»,-կարծում է նա: Մանկաբույժի գնահատմամբ՝ երեխաներն ամենակարևոր,  ամենաթանկարժեք էակներն են:

Երկար տարիների փորձ ունեցող բժշկուհու մեծ ցանկությունն է, որպեզի ապագա բժիշկները լավ մասնագետ դառնան: Այս հարցում նա կարևորում է աշխատասիրությունը, որի շնորհիվ հնարավոր է հաջողություններ արձանագրել: «Բժշկի ուսման կատարելագործման ճանապարհը բավականին բարդ է: Պետք է լինել աշխատասեր և համբերատար, որպեսզի հասնել մեծ արդյունքի: Այդպես է եղել նաև իմ կյանքում»,-պատմում է նա: Ռոզա Հախինյանի ամուսինը, որը զինվորական էր, համբերատար օգնել է նրան, որպեսզի կինն անցնի բժիշկ դառնալու դժվարին ուղին:

Ինչպես ընդունված է շատ բժշկական ընտանիքներում Հախինյան- Աթաբեկյանների դեպքում էլ մարդասիրական մասնագիտությունը փոխանցվում է սերնդեսերունդ:

Այժմ ծոռնուհին՝ Կարինե Աթաբեկյանն է շարունակում վաստակաշատ բժշկուհի տատիկի մասնագիտությունը: Նա ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող է, ով հպարտությամբ է կրում տատիկից ժառանգած մասնագիտությունը և  ջանք չի խնայում լավ մասնագետ դառնալու հարցում:

Ապագա բժշկի կարծիքով՝ բժշկությունն ամփոփում է գրեթե բոլոր մասնագիտություններն ու մարդկային տաղանդները: «Այս մասնագիտությունն անհնար է պատկերացնել առանց աշխատասիրության, քրտնաջան աշխատանքի և պատասխանատվության մեծ զգացումի: Հատկապես մեր օրերում բժշկությունը միայն մասնագիտություն չէ, այլ դարի կարևոր զենքն ու ուժը»,-նշում է ԵՊԲՀ սովորողը՝ վստահ լինելով, որ անպարտելի է այն պետությունը, որն ունի լավ բժիշկներ: Հիվանդանոցում կամավոր լինելով և տեսնելով հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորումներ ստացած զինվորներին, նրանց հետ շփվելով, նրա՝ լավ բժիշկ դառնալու ցանկությունն ավելի է մեծացել:

Ինչպես մեծ տատիկը՝ Կարինեն ևս սիրում է 100 տարեկան համալսարանը, այստեղ տիրող ջերմ մթնոլորտը: