Մասնագիտության ընտրության հարցում Սերգեյ Բաբլոյանն այլըտրանք չուներ. հայրն ու մայրը, եղբայրը, մեծ ընտանիքը` հատկապես հայրական ճյուղով, բոլորը բժիշկներ են: «Որևէ այլ ոլորտի մասին չէի կարող մտածել, քանի որ մանկուց շրջապատված եմ եղել բժիշկներով, բժշկության մասին զրույցներով»,- ասում է ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոսը,- «և երևի պատահական չէ, որ հետագայում նաև կնոջս` Գոհարին, բժիշկների համայնքից ընտրեցի»:
Սերգեյ Բաբլոյանը մանկական վիրաբույժ-ուրոլոգ է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ուրո-վիրաբուժական բաժանմունքում, միաժամանակ նաեւ համալիրի տնօրենի վիրաբուժության գծով տեղակալն է:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Սերգեյ Բաբլոյանի մասին է բժշկական բուհի 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» շարքի հերթական թողարկումը:
Դեպի մանկական վիրաբուժություն` հոր օրինակով ու մանուկներին օգնելու ցանկությամբ
Մանկական վիրաբուժությունը որպես մասնագիտացում ընտրելիս` նրա համար վառ օրինակ է ծառայել հայրը՝ ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, անվանի բժիշկ-գիտնական և պետական գործիչ Արա Բաբլոյանը. մարդ, որ կանգնած է մեր երկրի առողջապահության հիմքերում` հատկապես մանկաբուժության եւ մանկական ուրոլոգիայի: Սերգեյ Բաբլոյանը հիշում է հոր նվիրումն ու ջանքերը հատկապես 1988-ի երկրաշարժի օրերին: Մի ամբողջ ամիս նա ընդհանարապես տուն չէր գալիս` մնալով աղետից տուժածների կողքին, օգնելով նրանց վերականգնել առողջությունն ու ոտքի կանգնել, կազմակերպելով արտասահմանից Հայաստան եկած գործընկերների ընդունելությունն ու աշխատանքային պայմանները: «Ինձ թվում էր, որ նա անփոխարինելի է: Մանուկներին, հասարակությանն օգտակար լինելը մանկական վիրաբույժի աշխատանքի հիմքում է, ինչն ինձ ամենից շատն է գրավել մասնագիտությունն ընտրելիս»,- ասում է Սերգեյ Բաբլոյանը: Տարիներ անց արդեն ավագ և կրտսեր Բաբլոյանները միասին էին մտնելու վիրահատարան` որպես թիմ` հանուն երեխաների առողջության:
Բժիշկ-դասախոսը նշում է, որ տարիների ընթացքում մեծանում է սովորողների հետաքրքրությունը մանկական վիրաբուժության, նաև ուրոլոգիայի ոլորտի նկատմամբ: Բժշկական համալսարանի ավագ ուսանողների ու կլինիկական օրդինատորների հետ աշխատելիս նա շեշտում է, որ բժշկությունն այն մասնագիտությունն է, որով պետք է ապրել, չսիրելու դեպքում չես կարող կրել այդ պատասխանատվությունը:
«Թվում է թե բժշկի աշխատանքը մեծ էներգիա է պահանջում, սակայն ճիշտ հակառակը` սիրելու դեպքում այն ավելի շատ էներգիա տալիս է, քան վերցնում»,– վստահեցնում է վիրաբույժը՝ իր մասնագիտական կայացմանն անդրադառնալիս հիշելով ավագ գործընկերներին՝ Սպարտակ Ղազարյանին, Սահակ Առաքելյանին, Կարապետ Շաքարյանին, Կառլեն Ղուշչյանին: Այդ սիրո շնորհիվ է, որ փոքրիկ պացիենտներից շատերն իր ընկերներն են դարձել, իսկ որոշները մեծացել, ընտրել են բժշկի մասնագիտությունն ու արդեն հանդիպում են որպես գործընկերներ:
Մանուկների հետ աշխատանքն առանձնահատուկ է
Սերգեյ Բաբլոյանը նշում է, որ լինել երեխաների ու մեծերի բժիշկ` տարբեր բաներ են. «Մանուկների հետ աշխատանքն առանձնահատուկ է, պետք է կարողանալ հասկանալ փոքրերի լեզուն»,- նկատում է նա՝ հավելելով, որ այս դեպքում չափազանց կարեւոր է երեխայասեր լինելը:
Տարեկան ավելի քան 450 վիրահատություն, 7-ից 8 ժամ տևողությամբ վիրաբուժական մեծ ու փոքր միջամտություններ կատարող փորձառու բժշկի առօրյայում տեղ ունի նաև վարչական աշխատանքը: Նրան հաջողվում է համակարգել, կանոնակարգել հիվանդանոցային համալիրի վիրաբուժական գործունեությունը՝ զուգահեռ զբաղվելով կլինիկական և մանկավարժական աշխատանքով: Արտերկրի գործընկերների հետ համագործակցությունը, բարդ դեպքերի քննարկումներն ու կոնսիլիումները եւս նրա ամենօրյա աշխատանքի կարևոր մասն են: Իսկ բարեգործական ծրագրերն ապրելակերպ են դարձել. նրա ուշադրության կենտրոնում են հատկապես Արցախն ու արցախցի երեխաները:
Երիկամի և լյարդի փոխպատվաստումը՝ առաջատար ուղղություններ
Հանրապետության խոշոր մանկական բժշկական կազմակերպություններից մեկում, որտեղ աշխատում է Սերգեյ Բաբլոյանը, երիկամի և լյարդի փոխպատվաստումներն առանցքային նշանակություն ունեն: Բարդագույն այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիր»-ի և արտերկրի գործընկերների համագործակցության շնորհիվ: 1991թ-ից մինչև այժմ երիկամի շուրջ 200 փոխպատվաստում է արվել: Պացիենտների համար դոնոր են դարձել հիմնականում նրանց ազգականները:
Կենսագրական տվյալներ
Սերգեյ Բաբլոյանը 1997-2003թթ. սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում, ավարտել է գերազանցության դիպլոմով: Բժշկական մայր բուհում անցել է օրդինատուրա մանկական վիրաբուժության գծով: 2000-2004 թթ. նա աշխատել է «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մեկ տարի անց Սերգեյ Բաբլոյանը վերապատրաստվել է Ժնևի համալսարանական հիվանդանոցի Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքում: 2002-2003 թթ. բժշկական պրակտիկա է անցել Ժնևի համալսարանական հիվանդանոցի Վիսցերալ վիրաբուժության բաժանմունքում: 2004-2008թթ. աշխատել է Մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի բաժանմունքում` որպես հերթապահ մանկական վիրաբույժ, իսկ 2007թ.-ին Լիոնի Hospital Debrousse-ում` Մանկական վիրաբուժություն և ուրոլոգիա: Այնուհետև բժշկական գործունեությունը շարունակել է Անտվերպենի համալսարանական հիվանդանոցում` Էնդոկրին վիրաբուժություն, հեպատո-բիլիար վիրաբուժություն, երիկամների և լյարդի փոխպատվաստում մասնագիտությունների ուղղությամբ: 2008թ.-ից նա «Արաբկիր» Բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի բաժանմունքի մանկական վիրաբույժ է: 2011թ.-ին երիկամի փոխպատվաստման դասընթացներ է անցել Պետրովսկու անվան ռուսական ազգային հետազոտական ինստիտուտում: Միջազգային մի շարք համաժողովների մասնակից է` որպես ունկնդիր և բանախոս:
«…Որ բոլոր պացիենտները լիարժեք ապաքինվեն»
ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանը խոսուն տարեթիվ է յուրաքանչյուր շրջանավարտի համար: Որպես համալսարանական, այժմ նաև հոգաբարձուների խորհրդի անդամ, Սերգեյ Բաբլոյանը նշում է, որ իր համար մեծ պատիվ և հպարտություն է լինել բժշկական համալսարանի մեծ ընտանիքի մի մասը: Իր բուհն իր կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ իր սիրելի մասնագիտության երաշխավորն է: Նրա ցանկությունն է, որ բուհը շարունակի զարգանալ` ավելի ընդլայնելով աշխարհագրությունն ու առաջատար դիրք ունենալով աշխարհի բժշկական բուհերի շարքում:
Բժիշկ դառնալու երկար ու բարդ ճանապարհն ընտրած երիտասարդներին Սերգեյ Բաբլոյանն առաջին հերթին առողջություն է մաղթում, աշխատասիրություն և նպատակասլացություն, որ կարողանան հասնել իրենց երազանքին, ու նրանց բոլոր պացիենտները լիարժեք ապաքինվեն: Նա համոզված է, որ բժշկի ամենամեծ ձեռբերումն ու հաղթանակը հենց պացիենտների առողջությունն ու բարեկեցությունն են:
Լուսանկարները՝ Սերգեյ Բաբլոյանի անձնական արխիվից