ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ շուրջ 5 տարի առաջ մեկնարկած «Բժշկի ուղի» նախագիծը հաջողությամբ շարունակում է իր երթը` տեսական և գործնական հմտությունների միջոցով ուղղորդելով ապագա բժիշկներին իրենց ընտրած խրթին, բայց անսահման մարդասիրական ճանապարհին: Նոր ուսումնական տարում նախատեսվում է նախագիծն անցկացնել նաև ռուսերեն և անգլերեն` նպատակ ունենալով օտարալեզու ապագա բժիշկներին նույնպես ներգրավել ծրագրում:
Ձևաչափով և բովանդակությամբ բացառիկ նախաձեռնությունը կյանքի կոչվեց հենց իրենց` ուսանողների անսպառ եռանդի և գործադրած ջանքերի արդյունքում: Այսօր «Բժշկի ուղին» մայր բուհի կարևորագույն հարթակներից մեկն է և գնալով ընդլայնվում է նախագծի համահեղինակների ու համակարգողների` ԵՊԲՀ շրջանավարտներ Գերցինա Պետրոսյանի, Տիգրան Չուխաջյանի և Լյովա Ծառուկյանի շնորհիվ:
Ինչպես պատմում է Գերցինան, նախագիծը ժամանակ առ ժամանակ փոփոխությունների է ենթարկվում: «Ի սկզբանե շեշտադրումը դրված էր բուն բարեվարքության վրա, բայց ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ նոր հետաքրքրություններ պիտի գտնենք, որովհետև նախագծի գլխավոր նպատակներից մեկն էր այլ մասնագիտությունների միջոցով գտնել բժշկության հետ կապը: Որքան իրազեկվածությունն ու նոր գիտելիքի, հմտությունների պաշարը շատ են, այնքան դու կարողանում ես ավելի հղկված աշխատել: Միայն բուհի մասնագիտական տեսական և գործնական հմտությունները մեր օրվա իրականության մեջ բավարար չեն, որպեսզի բժիշկն իր գործունեությունը ծավալի արհեստական բանականության և օրեցօր զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում», – փաստում է նա:
Կարիերայի զարգացման կենտրոնի այս նախագծի ընթացքում նրանք փորձում են այնպես անել, որ մասնակիցները և’ հանգստանան, և’ ձեռք բերեն նոր կապեր, հմտություններ: «Բոլորովին վերջերս մեր թիմին միացավ նաև մասնագիտությամբ դիվանագետ, և մենք հետայսու ուսումնասիրում ենք բժշկական դիվանագիտություն, որովհետև փորձը ցույց տվեց, որ լոկալ ջանքերով դժվար է առողջապահական ոլորտը մղել զարգացման: Շատ կարևոր է համագործակցության եզրեր գտնել միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: Բժշկական դիվանագիտությունը կանգնեց այս ամենի հիմքում. այսինքն` բոլորիս կողմից սիրված դերասանի վարպետությանը, բժշկական հոգեբանությանը, ժամանակի կառավարմանը, բժշկական առաջնորդությանը միացավ նաև բժշկական դիվանագիտությունը:
Մենք` մենթորական կազմի անդամներս, փոփոխության ենթարկեցինք նաև մեր դասախոսությունների թեմաները: Ես մի քանի վերապատրաստում անցնելուց հետո խոսում եմ բժշկության և արհեստական բանականության կապի մասին, որովհետև մեր ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը բերում է հաջողության, և դա գործիք է, որը պետք է առաջնորդի յուրաքանչյուր բժշկի իր գործում», – վստահեցնում է Գերցինան:
Նա նշում է նաև մի կարևոր ու խորհրդանշական հաղթանակի մասին. թե ինչպես են ԵՊԲՀ քոլեջի ուսանողներն ավելի հաստատակամ դառնում նախագծից հետո: «Մենք նրանց համար դառնում ենք ավագ ընկերներ, քայլող օրինակ, և նրանք շարունակում են իրենց ուսումնառությունը: Անցյալ կիսամյակ դասախոսում էի Հյուսվածքաբանության ամբիոնում, երբ դուռը բացեցի, տեսա, որ «Բժշկի ուղի» նախագծի իմ ուսանողներն այնքան են մեծացել, որ ես հիմա իրենց դաս եմ տալիս արդեն բժշկական համալսարանում: Սա իմ ամենամեծ հաղթանակն էր», – հպարտությամբ կիսվում է Գերցինան` հավելելով, որ արդեն 5 տարվա պատմություն ունեցող նախագիծը պարգևում է նաև էմոցիոնալ գեղեցիկ պահեր:
«Բժշկի ուղի» նախաձեռնության իրականացման ընթացքում եղել են նաև սիրո պատմություններ: «Նույն խմբում սովորելով` ապագա բժիշկները սիրահարվել են, ամուսնացել են, ընտանիք կազմել, իսկ մենք ուրախացել ենք նրանց հարսանիքներին: 5 տարին մի ամբողջ ուսանողական կյանք է: Ես այն չեմ դիտարկում զուտ որպես ուսանողական նախագիծ, ինձ համար մեր նախագիծը դարձել է մի մեծ ընտանիք, որը տարեցտարի համալրվում է. արդեն հատել ենք 1000-ի շեմը: Մեր նախագծի դռները բաց են` քոլեջի ուսանողներից սկսած մինչև կլինիկական օրդինատորներ», – տեղեկացնում է Գերցինան:
Համակարգող երիտասարդները մշտապես պահում են կապը ծրագրի շրջանավարտների հետ: «Խրախուսում ենք նրանց հաջողությունները, տարիներ հետո փոքրիկ հանդիպումների, փոդքասթների ձևաչափով նրանք պատմում են նախագծի արդյունքում իրենց կյանքում կատարված փոփոխությունների, իրենց ձեռքբերումների մասին», – ավելացնում է Գերցինա Պետրոսյանը:
Տիգրան Չուխաջյանի փոխանցմամբ` բարեվարքության հմտությունների մեջ ներառվում է նաև էմոցիոնալ ինտելեկտը: «Միջանձնային հարաբերություններում բավականին մեծ դեր է կատարում էմոցիոնալ ինտելեկտը, մանավանդ այնպիսի մասնագիտություններում, որտեղ աշխատանքն ուղիղ և անմիջական կապ ունի մարդու հետ: Բժշկագիտության առումով այն էական նշանակություն ունի, քանի որ բժշկի մոտ եկող մարդը հոգեպես հասկացված լինելու կարիք ունի: Այդ պատճառով բժշկի համար շատ կարևոր է լավ տիրապետել էմոցիոնալ ինտելեկտին: Այն հմտություն է, որը մարդը զարգացնում և կատարելագործում է ժամանակի ընթացքում: Երբ պացիենտն ու նրա հարազատները նայում են քեզ ու ակնկալում են հասկացվածություն, դա բժշկի կյանքում ամենամեծ քննությունն է: Պացիենտի հանդեպ պետք է ցուցաբերել էմպատիա: Հետևաբար միտք ծագեց ապագա բժիշկներին արդեն իսկ պատրաստել այն մարտահրավերներին, որոնց հետ նրանք առնչվելու են հետագա գործունեության ընթացքում», – պատմում է Տիգրանը` հավելելով, որ էմոցիոնալ ինտելեկտը համարվում է հոգեբանության ճյուղ, և 2022 թվականից սկսած` «Բժշկի ուղի» նախագծում ներդրվեց «Էմոցիոնալ վարքագիծ» (“Emotional Behavior”) դասընթացը, որի հիմքում հենց Էմոցիոնալ ինտելեկտն է:
Լյովա Ծառուկյանի դասավանդման թեման կապված էր բարեվարքության հետ, այժմ ավելացել է 3 գլխավոր թեմա, որոնք նա փորձում է ընկերներին փոխանցել. ինքնազարգացում, ժամանակի կառավարում և ինքնավստահություն: Յուրաքանչյուր թեմա, նրա խոսքով, ինքնին շատ կարևոր է ոչ միայն բժշկագիտության, այլև առօրյա կյանքում: «Ինքնազարգացումը հաջողության ամենակարևոր հիմքերից մեկն է: Ես դասախոսության վերջում ասում եմ. «Հուսով եմ` իմ տված գիտելիքի այս փոքրիկ հատիկը կկարողանաք այնքան ջրել, որ այն հետագայում շատ մեծ պտղատու ծառ դառնա»: Ժամանակի կառավարումը հիմնականում մեր կրտսեր ընկերների համար է. երբ նրանք նոր գալիս են համալսարան, նրանց պետք է որևէ օրինակ, որի հիման վրա կկարողանան իրենց ուղին ճիշտ և արդյունավետ կազմակերպել: Բժշկի ուղին սկսվում է միանգամից, սկզբում դու չես պատկերացնում` ինչպես ես գնալու, ուր ես հասնելու, ու ինքնավստահությունը քեզ հետ անպայման պետք է գա», – ներկայացնում է Լյովան:
Դասընթացի տևողությունը երկու շաբաթվա փոխարեն մեկ ամսով դարձնելու գաղափարն, ըստ նրա, ավելի արդյունավետ էր, որովհետև յուրաքանչյուր դասախոսի հետ ուսանողները մեկի փոխարեն հանդիպում են արդեն 2 անգամ: «Յուրաքանչյուր դասընթաց ունի և’ տեսական, և’ գործնական մաս: Եվ մեր ուսանողների հետ հետադարձ կապը խոսում է այն մասին, որ «Բժշկի ուղին» ճիշտ ուղու վրա է», – ընդգծում է Լյովա Ծառուկյանը:
Խոսելով այն մասին, թե ինչ տվեց նախագիծն իրենց` Տիգրանը շեշտում է. «Ամեն ուսանողից մի նոր բան մենք ենք վերցնում, որովհետև այս տարիների ընթացքում մեզ միացած ցանկացած ուսանող իր ձևով յուրահատուկ է եղել, տաղանդավոր, խելացի, և եթե նրանք նախընտրել են իրենց ազատ ժամանակն անցկացնել նախագծի շրջանակում, մի նոր բան սովորել, դա խոսում է նրանց` մեկ քայլ առաջ լինելու մասին: Այդպիսի մարդկանցից միշտ սովորելու բան կա:
Նախագծի շնորհիվ մեզ փոխանցվեց այն հաճելի զգացողությունը, որ մենք էլ ունենք մեր ներդրումը ապագա բժիշկներին կրթելու հարցում:
Բժշկագիտությունը թիմային աշխատանք է: Շատ կարևոր է կոմունիկացիան այլ մասնագետների հետ: Մեր նախագիծը նաև հնարավորություն է տալիս ստեղծել հարթակ տարբեր տարիքային խմբերի ուսանողների միջև շփման և փորձի փոխանակման համար»:
Գերցինան, իր հերթին, փաստում է. «Նախագիծը մեզ իրար տվեց. դարձանք շատ լավ ընկերներ, հարազատներ, ունեցանք հաղթանակներ, մեկս մյուսի հաջողություններով ու վերելքներով անկեղծ ուրախանալու և հպարտանալու բազմաթիվ հնարավորություններ: Միասին մենք հարթում ենք մեր ճանապարհը: Ամեն հանդիպում նոր ուժ է հաղորդում»: Լյովայի համոզմամբ ևս` նախագիծը հաղորդակցման հմտությունները զարգացնելու, փորձի փոխանակման և ծանոթությունների լայն շրջանակ ստեղծելու հրաշալի հնարավորություն էր:
Անկախ տարիքից, կարգավիճակից և շատ այլ հանգամանքներից` Գերցինան, Լյովան և Տիգրանն այսօր էլ շարունակում են մտնել ալմա մատեր` որպես ուսանող: Բժշկական համալսարանը միշտ կմնա նրանց համար որպես մայր բուհ, իսկ նրանք` դրա զավակները, այստեղ են նրանք ձևավորվել ու շարունակում ձևավորվել` որպես մարդ և մասնագետ:
Սեպտեմբերից «Բժշկի ուղի» նախագիծը նույն տեմպով և գրաֆիկով կկազմակերպի և կշարունակի իր դասընթացները: Հիշեցնենք, որ ծրագիրը տևում է 4 շաբաթ. յուրաքանչյուր շաբաթ` 3-ական պարապմունք, ընդհանուր` 12 հանդիպում, իսկ ավարտին շնորհվում է հավաստագիր: