Հմայիչ և գեղեցիկ ժպիտով 97-ամյա Սիլվա Ալեքսանի Նահապետյանը ԵՊԲՀ շրջանավարտ է: Նրա հետ առաջին իսկ հանդիպումից վարակվում ես բարությամբ և մարդկային ջերմությամբ: Բժիշկ է դարձել մոր ցանկությամբ: Մայրը պառկած է եղել հիվանդանոցում ու տեսնելով բժիշկների հոգատար վերաբերմունքը ցանկացել է, որ դուստրը ևս բժշկի մասնագիտությունն ընտրի: Ավարտել է ինստիտուտը հեռավոր 1949 թվականին: Բժշկական բուհը նրա կյանքում ճակատագրական նշանակություն է ունեցել, քանի որ ուսանողական նստարանին է հանդիպել ամուսնուն՝ թերապևտ Լևոն Այվազյանին, ում մասին հիշում ու պատմում է մեզ մեծ ոգևորությամբ:
Բժշկական բուհի 100-ամյա հոբելյանի առիթվ հյուրընկալվեցինք Սիլվա Նահապետյանի տանը, ով մեզ պատմեց իր անցած մասնագիտական երկարամյա ուղու մասին: Նկարների հարուստ արխիվում առանձնացնում է ավարտական խմբային լուսանկարը, որտեղ մեզ է ցույց տալիս իրեն և ամուսնուն երիտասարդ տարիքում:
Սիլվա Նահապետյանը և Լևոն Այվազյանը 100-ամյա համալսարանի 1948-1949 ուսումնական տարվա, ինչպես այն ժամանակ կոչվել է, հայկական բաժնի 26-րդ շրջանավարտների խմբում են եղել: Ամուսինն ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Սևանում, այնուհետև՝ մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում:
Հետագա նեղ մասնագիտացման ընտրության հարցում ևս ճակատագիրն իր դերն է խաղացել: Տիկին Սիլվայի քույրը գտնվել է Լվով քաղաքում, երբ նրա դպրոցահասակ աղջիկը՝ Դոնարան, եղել է մորաքրոջ խնամքին: Աղջկա մոտ լուրջ առողջական խնդիրներ են ծագել՝ ախտորոշվել է սեպտիկ էնդոկարդիտ: Քանի որ աղջնակի մայրն այստեղ չէր, տիկին Սիլվան ստանձնել է քրոջ դստեր բուժման կազմակերպման հարցը: Աղջիկը ստացիոնար պայմաններում բուժում է ստանում 1-ին հիվանդանոցի՝ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում: Մասնագետները՝ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Նաջարյանի գլխավորությամբ որոշում են կայացնում վիրահատել երեխային: Հետագա խնամքի հարցերով զբաղվելու պատասխանատվությունը նույնպես վերցնում է տիկին Սիլվան: Այսպիսով, բժիշկները փրկում են փոքրիկի կյանքը, իսկ տիկին Սիլվան ևս մեկ կարևոր որոշում է կայացնում: Պրոֆեսոր Նաջարյանի առաջարկով նա թողնում է աշխատանքը 2-րդ բուժմիավորումում, որտեղ արդեն մի քանի ամիս աշխատում էր, և մասնագիտական գործունեությունը շարունակում է 1-ին հիվանդանոցում: Առհասարակ, նա մեծ հարգանքով ու ակնածանքով է հիշում իր բոլոր ավագ գործընկերներին և դասախոսներին, նկատում, որ շատերն են իր մասնագիտական զարգացման գործում կարևոր ներդրում ունեցել:
Կես դարից ավելի է Սիլվա Նահապետյանն ակտիվ զբաղվել է բժշկությամբ: Ամուսին էլ մի շրջան իր հետ բժշկական նույն հաստատությունում է աշխատել: Թե՛ առաջին հիվանդանոցում, և թե՛ հետագայում վերամիավորման արդյունքում 4-րդ պոլիկլինիկայում աշխատելու ընթացքում, ինչպես ինքն է ասում՝ իր դռան դիմաց միշտ հերթեր են գոյացել: Մասնագետը պահանջված է եղել պացիենտների կողմից: Անգամ տանը, թոշակի անցնելուց հետո, իսկ նա աշխատել է մինչև 74 տարեկանը, իրեն դիմում են խորհրդատվության համար, պացիենտներ ուղարկում:
Տանն էլ մասնագիտական գործիքներ ունի, անհրաժեշտության դեպքում իր կարիքն ունեցողներին բուժօգնություն տրամադրելու համար:
Շատ պացիենտների հետ էլ ընկերացել է ու կապ է պահպանում:
Շուտով 100-ամյակը բոլորող Սիլվա Նահապետյանը հերթով մեզ է ներկայացնում սև ու սպիտակ լուսանկարները, որոնք առանձնացրել է հանդիպման համար: Ամեն մի լուսանկար մի պատմությունն ունի և հետաքրքիր հիշողություններ է արթնացնում անցյալից: Դեմքեր և դեպքեր, որոնք ամբողջացնում են բժշկուհու կյանքի ուղին:
Լավ հիշում է նաև առաջին վիրահատությունը, երբ պետք է վիրահատեին Պոլիտեխնիկական համալսարանի մի ուսանողուհու: Երիտասարդ պացիենտը երկար գեղեցիկ մազեր ուներ, որոնք ականջի վիրահատության պատճառով պետք է հեռացվեին: Ուսանողուհին հենց տիկին Սիլվային է դիմում խնդրանքով, որպեսզի մազերը բժիշկները հնարավորինս խնամքով հեռացնեն, շատ չկտրեն:
Մեկ այլ լուսանկարում՝ մասնագիտական կատարելագործման հերթական դասընթացից հետո, հիվանդանոցի բակում արված լուսանկար է: Անուն առ անուն ԵՊԲՀ 97-ամյա շրջանավարտը թվարկում է բոլոր կոլեգաներին, հիշում նրանց հետ կապված հետաքրքիր դիպվածներ: Լուսանկարներից էլ դիտողին է փոխանցվում 20-րդ դարի երկրորդ կեսին ապրող մարդկանց՝ հատկապես բժիշկներին բնորոշ բարեկրթությունը, ճշտապահությունն ու մեկ բառով ամփոփելով՝ ինտելեգենտությունը: Ի դեպ, ճշտապահության մասին տիկին Սիլվան մեջբերում է նկատելով՝ միշտ փորձել է արագ-արագ ավարտել տան բոլոր գործերը, երբեմն չհասցնելով ոչ ժամացույց, ոչ որևէ զարդ կրել, որպեսզի ժամանակին հասնի աշխատանքի, չուշանա:
«Ամեն մարդ պետք է սիրի իր գործը: Եթե դուք սիրում եք մարդկանց, հոգատար եք, ուշադիր, ապա կարող եք լավ բժիշկ դառնալ»,- ընդգծում է ակնարկի հերոսուհին:
Մեկ դարին մոտեցող բժշկուհին շրջապատված է ընտանիքի ջերմությամբ ու սիրով: Բժշկական գիծն ընտանիքում շարունակում են նրա երկու դուստրերը, ինչպես նաև հարսը և թոռնուհիները: Երկու թոռնուհիներն այժմ բժշկական կրթություն են ստանում Բեռլինի Շարիտե համալսարանում:
Տատիկը դեմ չի եղել, թե՛ աղջիկների, թե՛ թոռների բժիշկ դառնալու ցանկությանը: Հենց նրա թոռնուհու Սիլվա կրտեսերի մեզ ուղղված նամակի շնորհիվ առիթ ունեցանք հանդիպելու ԵՊԲՀ 97-ամյա շրջանավարտին:
Հյուրընկալ տունն աչքի է ընկնում նաև մասնագիտական և գեղարվեստական գրականության առատությամբ:
Զրույցի վերջում ԵՊԲՀ շրջանավարտը խոստանում է անձամբ ներկա գտնվել համալսարանի 100-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպվող միջոցառումներին: Նա ամենասպասված հյուրերից է լինելու:
ԵՊԲՀ շրջանավարտի հետ զրուցեց Տաթևիկ Գրիգորյանը
Լուսանկարները՝ Մարի Գալստյանի