Բժշկական մեկդարյա բուհում տասնամյակներ շարունակ սերունդներ կրթող ավագ սերնդի, բժշկագիտության նվիրյալների մասին պատմող ակնարկաշարի հերթական մասը երեխաների սրտի բժիշկ Հովհաննես Զոհրաբյանի մասին է:
Բժշկական գիտությունների թեկծանու, դոցենտ Հովհաննես Զոհրաբյանը բժշկական գործունեությունը սկսել է 1976 թվականին, Վանաձորի քաղաքային հիվանդանոցից: Զոհրաբյանների բժշկական տոհմի երկրորդ սերնդի ներկայացուցիչը Վանաձորում 5 տարի որպես մանկաբույժ աշխատելուց հետո հրավիրվել է նախկին Բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտ, եղել ավագ լաբորանտ, նշանակվել մանկաբուժության ամբիոնի ասիստենտ: Բժշկական մայր բուհի մանկաբուժական ֆակուլտետում Հովհաննես Զոհրաբյանը սովորել է 1970-76 թվականներին:
1987թ. նա Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզը, ստացել դոցենտի կոչում:
Հեղինակել է ավելի քան 70 գիտական աշխատություն: 1993թ.-ից առայսօր Հովհաննես Զոհրաբյանը աշխատում է Երևանի Նորք -Մարաշ բժշկական կենտրոնում:
Այստեղ է եկել անվանի սրտաբան Հրայր Հովագիմիանի հրավերով, մինչ օրս ղեկավարում է երեխաների սրտի նախավիրահատական և վիրահատական բուժումն իրականացնող՝ Մանկական սրտաբանական ծառայությունը:
«Այստեղ մանկական սրտաբանական բաժանմունք կար, իսկ սրտային վիրաբուժություն չունեինք: 1993 թվականին հիմնադրվեց բաժանմունքը: Հրայր Հովագիմիանն ընտրեց մասնագիտական թիմ, ստեղծվեց մանկական սրտաբանության և սրտային վիրաբուժության կենտրոնը: Այս տարիներին կատարվել են հազարավոր վիրահատություններ: Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ հազարավոր երեխաների երկրորդ կյանք ենք տվել: Եթե դա լիներ 25-30 տարի առաջ, նրանց մեծամասնությունը չէր ապրի կամ կապրեր կյանքի վատ որակով, հաշմանդամության խնդիրներով»,-ընդգծում է բժիշկ Զոհրաբյանը:
Նա պատմում է, որ, սերելով բժիշկների ընտանիքից, գիտակցաբար է ընտրել բժշկի մասնագիտությունը և երբեք չի փոշմանել.
«Մանկուց որոշել էի դառնալ բժիշկ, մեծանալով բժիշկների ընտանիքում. և ծնողներս, և ավագ եղբայրս բժիշկ էին, մոտավորապես արդեն պատկերացում ունեի՝ ինչի հետ գործ պետք է ունենամ: Ավանդույթը շարունակվել է. եղբորս զավակները, իմ որդին, բժիշկ են դարձել, հիմա թոռնիկս է որոշել բժիշկ դառնալ»:
2014 թվականից մինչ օրս Հովհաննես Զոհրաբյանը Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժական նեղ մասնագիտությունների կուրսի ղեկավարն է:
«Կուրսը ներառում է մանկական սրտաբանություն և վերականգնողական բժշկություն: Այս մասնագիտությունն ընտրող ուսանողները քիչ չեն: Տարեկան 2-3 կլինիկական օրդինատոր ենք ունենում: Այս տարիներին պատրաստել ենք 50-ից ավելի մանկական սրտաբաններ, որոնք աշխատում են թե՛ Հայաստանում, թե՛ ԱՊՀ անդամ երկրներում, հարևան պետություններում ու անգամ՝ Եվրոպայում: Կադրերի առումով մեր խնդիրը կապված է մարզերի հետ, շատ վայրերում մանկական սրտաբանի կարիք կա: Երեխան դեռևս չծնված՝ մենք ախտորոշում ենք սրտի խնդիրները: Այս հանգամանքը ևս պատճառ է դարձել մասնագետների պահանջարկի ավելացմանը: Երբեմն վիրահատության կարիք է լինում փոքրիկի ծնվելուց ժամեր հետո: 90 տոկոս դեպքերում երեխաների սրտի արատները շտկվում են: Որքան շուտ ախտորոշենք և միջամտենք, այդքան արդյունքը լավը կլինի»,-նշում է համալսարանականը, ում գնահատմամբ` Հայաստանում սրտաբանության մակարդակը բավականին բարձր է: Նախկին խորհրդային պետությունների համեմատ Հայաստանն այս առումով առաջատար դիրքում է:
Այսօր էլ տարբեր երկրներից գալիս են՝ բուժվելու մեր երկրում: Ինչ վերաբերում է մասնագիտական գործունեությանը, ըստ նրա, բժշկի համար ավելի հոգեհարազատ է բուժական գործը, բայց նաև կարևորում է դասավանդման գործի առանձնահատկությունները:
«Սա տեսական առարկա չէ, մասնագիտություն է, որն ավելի շատ պետք է ցույց տալ, ներկայացնել, տեսնելով, ավելի շատ շփվելով, հիվանդին հետազոտելով ու խնդիրը վերլուծելով պետք է սովորի ապագա բժիշկը, ձեռք բերի փորձ»,-ընդգծում է անվանի մասնագետը:
Հովհաննես Զոհրաբյանի խոսքով՝ «սարեր-ձորերի» տարբերություն կա ախտորոշման ու բուժման, ուսման՝ անցյալի և ներկայի պայմանների ու հնարավորությունների միջև:
«Հատկապես, սրտային վիրաբուժության համար նման բուժտեխնիկա նախկինում չկար: Այսպիսի պայմաններ ունենալու մասին կարող էինք միայն երազել: Իհարկե, գիտելիքն առաջնային ու շատ կարևոր է: Տեխնիկան միայն կարող է ուղղություն ցույց տալ, բայց պետք է իմանալ՝ ինչ հետազոտություն, բուժական միջամտություններ են անհրաժեշտ: Անխոս, երիտասարդ բժիշկները հիմա ավելի մեծ ընտրության հնարավորություն ունեն: Ամեն րոպե, ցանկացած տեղեկատվություն հիմա հասանելի է, այն ժամանակ մեկ հոդվածի համար հասնում էինք Մոսկվա, որ մասնագիտական գրականությունը գրադարանից վերցնենք և ծանոթանանք»,-ասում է բժիշկ-գիտնականը՝ գնահատելի համարելով անընդհատ կատարելագործվելու, ավելի բանիմաց դառնալու երիտասարդների ձգտումը:
Ապագա բժիշկներին, ավագ ընկերոջ ու մասնագետի խորհուրդն է ՝ ամենակարևորը՝ սիրել մասնագիտությունը, նվիրված և աշխատասեր լինել:
«Մեզ մոտ յուրահաուկ է ուսուցումը, ուսանողներին ինքնուրույնության ենք սովորեցնում կրթության վաղ փուլերից: Իհարկե, մեր հսկողությամբ, բայց հիվանդանոցներում հերթապահում են` երեք տարի անց դառնալով լիարժեք մասնագետներ»,-ասում է մանկական սրտաբանը:
Իր ուսանողների՝ կրտսեր մասնագետների հետ կապը չի կտրվում: Հատկապես առողջական ծանր խնդիր ունեցող հիվանդների բուժման հարցերը երիտասարդ մասնագետները քննարկում են իրենց դասախոսի՝ ավագ գործընկեր, բժիշկ Զոհրաբյանի հետ, որը ԵՊԲՀ կլինիկական բազա հանդիսացող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանների հզոր թիմի վառ ներկայացուցիչներից է: