Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան, Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Բարոյանի անցած ուղին ու կենսագրությունն անքակտելի կապված է բժշկական 100-ամյա դարբնոցի հետ: Նա մասնագետ է, դասախոս, կազմակերպիչ, համալսարանական, որին ճանաչում, սիրում ու հարգում են բոլորը՝ կայացած մասնագետների ու ապագա բժիշկների տարբեր սերունդները: Չնայած վարակիչ չպակասող կենսախինդությանը, իր մասին խոսել, կատարած աշխատանքը ներկայացնել չի սիրում: Բազմաթիվ աշխատանքային խորհրդակցությունների և հանդիպումների միջակայքում բուհի մեկդարյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» շարքի շրջանակում խոսելու առաջարկը դժվարությամբ, բայց ընդունեց:
Հաջողության հասնելու հարցում տասնամյակների փորձ ունեցող մասնագետն ունի իր բանաձևն ու մոտեցումը, այն է՝ սիրել մարդուն, ուսանողին, աշխատել սիրով և նվիրվածությամբ: Ապագա բժիշկներին ճանաչում է անուն առ անուն, անձամբ տեղյակ է բոլորի խնդիրների մասին, պատրաստ է լսել և ուղղորդել յուրաքանչյուրին:
«Դասավանդել եմ 24 տարեկանից և մանկավարժական գործունեության երեք տասնամյակի ընթացքում հասկացել, որ աշխատանքը, որը կատարում ես, առաջին հերթին պետք է անել սիրով: Անկախ նրանից, թե որ դասաժամին ես մտնում լսարան՝ 7-8, ապագա բժիշկը պետք է բավարարավածություն ստանա մատուցած նյութից: Պետք է խորությամբ տիրապետես առարկային, մանկավարժական հմտություններին, գտնես հեշտ շփման եզրեր»,- ընդգծում է Կարինե Բարոյանը՝ իր օրինակով հաստատելով «խստություն և սեր» մանկավարժական բանաձևի արդիականությունն ու արդյունավետությունը:
Որպես մանկավարժ, դասախոս, դեկան՝ վստահ է, որ խստությունը չպետք է շփոթել չարության հետ, իսկ սերը մարդկային, ներքին բարության վկայությունն է, առանց որի անհնար է պատկերացնել սերունդների կրթման պատասխանատու գործընթացը:
«Ինձ ամբիոնական գործընկերներս երբեմն կատակով ասում էին, որ կարծես Կարլսոնի «Պրոպելլեր» ունենամ: Իրականում, էներգիայի այդ մշտական աղբյուրն իմ ներքին լավատեսությունն է, պոզիտիվը, որն օգնում է շատ դժվար հարցերի նայել առավել սթափ, թեթև և գտնել դրանց լուծման ուղիները»,- պատմում է համալսարանականը:
Կենսագրական տվյալներ
Կարինե Մինասի Բարոյանը 1990 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը գերազանցության դիպլոմով: 1991- 1992 թթ. եղել էԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնի ասիստենտ հայցորդ, 1992-2004 թթ. նույն ամբիոնի ասիստենտ: 2004թ.-ից ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնի դոցենտ է:
2005-2006 թթ. ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի տեղակալն էր, 2006-2011թթ. զբաղեցրել է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի պաշտոնը: 2016-2018 թվականը ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետն էր, 2011-ից առ այսօր ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչը:
2003թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2005թ. -ին ստացել է դոցենտի գիտական կոչում՝ բժշկագիտություն մասնագիտությամբ: 2014թ. հաստատվել է դոկտորական ատենախոսության պլան-անոտացիան: Պարգևատրվել է ԵՊԲՀ-ի «Ոսկե մեդալ»-ով, «Ոսկե կրծքանշան»-ով և «Երկրորդ աստիճանի շքանշան»-ով: 2010-2011 թվականներին Ուսանողական խորհրդարանի կողմից ճանաչվել է տարվա լավագույն դասախոս, իսկ ամբիոնը՝ լավագույն ամբիոն:
2015թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալի, 2017թ. պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Մխիթար Հերացի» շքանշանով:
2018թ. արժանացել է ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալի: 2006թ.-ից ԵՊԲՀ գիտակորդինացիոն խորհրդի, նույն թվականից «Տեսական բժշկություն» մասնագիտական խորհրդի, 1999թ. Հայաստանի մորֆոլոգների ասոցիացիայի անդամ է:
Տասնամյակների ընթացքում ԵՊԲՀ-ն դարձել է իր երկրորդ տունը, հարազատ վայր, որտեղ ամեն օր գալիս է հաճույքով և որևէ բան դեպի լավը փոխելու հստակ պատրաստակամությամբ:
Այս պահին բացի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի և Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչի պաշտոններից, Կարինե Բարոյանին է վստահված նաև Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի ժամանակավոր ղեկավարումը:
Ընդգծում է, որ իր ղեկավարած կոլեկտիվներում տիրում է աշխատանքային ջերմ մթնոլորտ, որտեղ բոլորը պատրաստ են միմյանց օգնել և սատարել:
Անատոմիան՝ մարդակազմություն, մարդու օրգանիզմի և նրա առանձին օրգանների ձևը, դիրքը, չափերը, ներքին կազմությունը (կապված դրանց ֆունկցիայի հետ) ուսումնասիրող գիտություն է, որը Կարինե Բարոյանը նաև իր կյանքի փիլիսոփայությունը, «բժշկության թագուհին» է համարում: Անատոմիան տեսական և գործնական բժշկության հիմնական գիտակարգերից է, առանց որի ժամանակակից բժշկությունը հնարավոր չէ պատկերացնել որևէ ժամանակաշրջանում:
Փորձառու դասախոսը վստահեցնում է, որ տարիների ընթացքում կատարելագործվում է դասավանդման մեթոդիկան. բազմաբաղադրիչ մոտեցման շնորհիվ դասախոսական կազմը մշտապես ձգտում է առարկան առավել հասանելի մատուցել սովորողներին:
Մասնագիտական կայացման ճանապարհին նա հատուկ ակնածանքով է խոսում այն մարդկանց, իր ավագ գործընկերների մասին, որոնք կարևոր ներդրում են ունեցել իր ձևավորման, թրծման, փոխահարաբերությունների հաստատման գործում:
Ապագա բժիշկներին հորդորում է հիշել, որ գիտելիքը կարևոր է, բայց առավել կարևոր է ձգտել լինել և մնալ մարդ:
«Բուժելիս, բժիշկ լինելով պետք է փորձել լինել անչափ բարի ու բարեխիղճ հիվանդի, նրա հարազատների հանդեպ»,- ասում է կրթության կազմակերպիչը:
Կարինե Բարոյանի կյանքում բժշկականը ճակատագրական նշանակություն ունեցավ: Այստեղ է ծանոթացել ապագա ամուսնու՝ այդ ժամանակ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս Սամվել Բարոյանի հետ, որը արդեն երկար տարիներ ԵՊԲՀ տնտեսական վարչության պետն է, ակտիվ մասնակցություն ունի համալսարանի տարբեր նախաձեռնությունների իրականացման գործում, համալսարանական մեծ թիմի կարևոր մասնիկն է: Տարբեր տարիների ընթացքում բժշկական բուհում զբաղեցրել է բազմաթիվ պատասխանատու պաշտոններ:
Բարոյանների երկու զավակներից մեկը՝ դուստրը, նույնպես ընտրել է բժշկի մասնագիտությունը՝ ստոմատոլոգ է, տղան՝ միջազգայնագետ:
Ընտանիքում վերջին տարիներին կարևոր դերկատարում ունեն նաև թոռնիկները: Շուտով նրանց ցանկը կհամալրվի: Ոչ աշխատանքային օրերի հանգստյան ժամերը Կարինե Բարոյանը տրամադրում է թոռնիկներին:
Նշում է՝ թե՛ բուհական ընտանիքում, թե՛ տանը կարողանում է ճիշտ կառավարել ժամանակը, կազմակերպել, հասցնել ամեն ինչ: Սիրում է ճամփորդել՝ այդ կերպ բացահայտելով նորը, հետաքրքիրն ու արտասովորը։