Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լիդա Սահակյանի համար քիմիան կյանքի փիլիսոփայություն է

Լիդա Սահակյանի համար քիմիան կյանքի փիլիսոփայություն է

«Բժշկի ուղին» շարքի շրջանակում hամալսարանական լսարանին ներկայացնում ենք Դեղագիտության ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լիդա Սահակյանի անցած մասնագիտական կայացման ճանապարհը:  

Օրեր առաջ ՀՀ վաստակավոր մանկավարժը նշեց հոբելյանը, ինչը կատարված հսկայական աշխատանքին անդրադառնալու և առաջիկա ծրագրերը նախանշելու լավ հնարավորություն է:

Գիտնականն աշխատանքային օրը սկսում է նամակագրությունը ստուգելու պարտադիր գործով: Նրա էլեկտրոնային հասցեին ուղղված նամակների աշխարհագրությունը լայն է՝ ներկա ու նախկին ուսանողները, կրտսեր գործընկերները նրա հետ մշատական կապ են պահպանում:

«Այս պահին մեկ դոկտորական և երեք թեկնածուական ատենախոսության ղեկավար եմ»,- ոգևորությամբ ասում է հմուտ մասնագետը՝ շտապելով նախ իր մոտ աշակերտողների, ապա սեփական հաջողությունների մասին պատմել:

Սիրով ու հպարտությամբ խոսում է իր գործը շարունակողների, պատանի ու արդեն կայացած քիմիկոսների, բժիշկ-գիտնականների մասին, որոնց  մասնագիտական կայացման գործում լումա ունի:

Լիդա Սահակյանի կյանքում ճակատագրական է դառնում ոչ միայն քիմիայի մասնագետ դառնալու, այլև բժշկական համալսարանում աշխատանքի անցնելու որոշումները:

«Լավ եմ հիշում այդ օրը: Երևանի պետական համալսարանի  ասպիրանտուրայում սովորում, երբ հանդիպեցի երկու կնոջ, որոնք այցելել էին բուհ՝ բժշկական ինստիտուտում աշխատանքի առաջարկով: Դասախոսներից մեկն ինձ մատնանշելով ասաց. «Ամենալավ քիմիա իմացողն ինքն է»: Այսպիսով ինձ համոզեցին աշխատանքի անցնել բժշկական ինստիտուտում, ինչն ինձ համար ճակատագրական դարձավ: Այդ ժամանակ 22 տարեկան էի»,-  կյանքի վճռորոշ օրերից մեկը վերհիշելով՝ նշում է Լիդա Սահակյանը:

Քիմիան նա ընտրել է որպես մասնագիտացում, քանի որ ցանկացել է փոքր-ինչ շեղվել ֆիզիկայի գծով ուսումը շարունակելու ընտանիքում ընդունված ավանդույթից: Ինչպես ընդունված էր նախորդ դարի կեսերին, «Սովետական Հայաստան» թերթում, ծանոթանալով հայտարարությանը և լավ տիրապետելով մաթեմատիկայի, նա դիմում է մայր բուհի Քիմիական ֆակուլտետ (այս ֆակուլտետ ընդունվելու համար այդ ժամանակ անհրաժեշտ էր հանձնել քննություն քիմիա և մաթեմատիկա առարկաներից):  

Արդեն 53 տարի է Լիդա Սահակյանն աշխատում է բժշկական համալսարանում՝ կրթելով, սովորեցնելով և շարունակելով ինքնակրթության և մասնագիտական շարունանական կրթության բեղուն գործունեությունը:

«Կրթել եմ սերունդներ ոչինչ չակնկալելով, և երջանիկ եմ, որ վայելում եմ հայ և օտարերկրացի գործընկերներիս հարգանքն ու սերը»,- նկատում է գիտնականը:

Կենսագրական տվյալներ

Լիդա Սահակյանը 1959-1965 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում, 1965-1968 թթ. նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում ստացել է հետբուհական կրթություն, 1969թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:  

2004թ. պաշտպանել է դոկտորական թեզ՝ արժանանալով մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի (քիմիայի դասավանդման մեթոդիկա, ԺԳ.00.02): Հեղինակ է ավելի քան 300 գիտակրթական հրապարակումների, այդ թվում՝ նախարարության գրիֆն ունեցող՝ 20 –ից ավել դասագրքի: Տասը հեղինակային իրավունքի, 6 գյուտի հեղինակ է։ Քիմիայի «Շտեմարաններ»-ի գլխավոր խմբագիր է և համահեղինակ։ 

Հմուտ քիմիկոսը 2014 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման, 2010-ին ԵՊԲՀ հոբելյանական ոսկե կրծքանշանի, 2000 թ.-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԵՊԲՀ ոսկե մեդալների է արժանացել, իսկ 2006-ին  ՌԴ քիմիական կրթության ընկերության ոսկե մեդալի և ԼՂՀ Լաչինի անկախության 15-ամյակի ոսկե մեդալների:

2004 թ. մինչև օրս ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող 02 մասնագիտական խորհրդի անդամ է:  1996 թ. մինչև օրս ԵՊԲՀ մեծ խորհրդի, Դեղագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ է, 2008 թ. «Բնագետ» ամսագրի քիմիայի բաժնի պատասխանատու խմբագիր է: «Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդեսի, «Մանկավարժական միտք» ամսագրի խմբագրական խորհուրդների անդամ է: 1997, 2006, 2015թթ., քիմիայի միջազգային Մենդելեվյան օլիմպիադայի ժյուրիի նախագահ է եղել: 1995թ. մինչ օրս քիմիայի առարկայական հանրապետական օլիմպիադայի ժյուրիի նախագահն է:
2005 թվականից մինչ օրս քիմիայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի, ինչպես նաև գնահատման մեթոդաբանություն մշակող հանրապետական հանձնախմբի ղեկավարն է, ուսուցիչների վերապատրաստման և որակավորման փորձագետ ուսումնական բոլոր առարկաների գծով: Քիմիա առարկայի չափորոշիչներ և ծրագրեր կազմող հանձնախմբի ղեկավարն է:

Տարբեր տարիների ընթացքում բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի է արժանացել, որոնց թվում են ՀՀ վարչապետի, ԳԱԱ նախագահի
Երևանի քաղաքապետի, ԿԳ նախարարի, Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի կողմից տրվածները:

Գիտական ուղղությունը՝ կենսաբանորեն ակտիվ նյութերի սինթեզ և ակտիվության ուսումնասիրում՝ C–տեղակալված ամինաթթուների և α-ամինաադիպինաթթուների սինթեզը, Նոր ջրալուծ կատիոնային և ամֆիֆիլ մետաղապորֆիրինների սինթեզ և հակաքաղցկեղային ակտիվության in vitro ուսումնասիրում:  Քիմիայի դասավանդման մեթոդաբանություն: Մասնակցել է 4 միջազգային խոշոր գիտական ծրագրերի:

 

Կյանքը՝ շաղախված քիմիայի հետ

Հանրապետության, Արցախի և Ջավախքի 7-ից 12 դասարանների աշակերտները  քիմիա են սովորում հենց Լիդա Սահակյանի հեղինակած և պատասխանատու գերատեսչության կողմից հաստատված 20-ից ավելի դասագրքերով: Քիմիայի  միջազգային օլիմպիադաների ղեկավարը փաստում է՝ յուրաքանչյուր պատանի քիմիկոսի հաջողությունը հուզել է իրեն, յուրաքանչյուր նվաճված մեդալ մղել՝ անել ավելին: Հայաստանի քիմիայի ուսուցիչների մեծ մասը մշտական կապի մեջ են գիտնականի հետ, նա նաև համավարակի պայմաններում է առցանց  խորհրդատվություն տրամադրում, վերապատրաստումներ անցկացնում: Պատահական չէ, որ ընդգրկված է երկրի լավագույն մանկավարժներին ներկայացվող գրքում:

«Իմ կյանքում ես առաջնորդվել եմ կամ ոչինչ կամ շատ լավ սկզբունքով: Եթե անել որևէ բան, ապա շատ լավ: Երբեք չեմ հասկացել, թե ինչ է նշանակում բավարար:  Եթե դասախոսել, ապա դառնալով ամենալավ դասախոսը: Այլ կերպ ես չեմ կարող պատկերացնել»,- ընդգծում է համալսարանականը՝ կատակով նշելով, որ եթե հնարավորություն ունենար կյանքը նորից սկսել՝ կրկին քիմիկոս կդառնար:

Նրա գնահատմամբ՝ քիմիա առկա է կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Այս ճշգրիտ գիտությունը նրա համար կյանքի նկարագրության մեթոդ է, փիլիսոփայություն:  

«Կյանքը շաղախված է քիմիայի հետ, մեզ շրջապատող ամեն ինչում կա քիմիա»,- մանրամասնում է երկար տարիների փորձ ունեցող մասնագետը:

ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանը Լիդա Սահակյանի համար ևս կարևոր իրադարձություն է. կյանքի և օրվա գերակշիռ մասը նա անց է կացնում հարազատ դարձած համալսարանում:

Իր ցանկությունն է, որպեսզի ուսումնական գործընթացը կատարելագործվի, մշտապես բարձրացվի դասախոսական կազմի որակավորումը:

Անցած ճանապարհը ներկայացնելիս չի մոռանում իրեն գիտելիքներ փոխանցած բժիշկ-գիտնականներին: Հատուկ ակնածանքով է հիշում կենսաքիմիայի ոլորտի նվիրյալներ Էմիլ Մխեյանին, Գաբրիել Խաչատրյանին:

Ցավով փաստում է՝ քիմիական կրթության որակը մեր երկրում վերջին տարիներին անկում է ապրել, ինչը պայմանավորված է քիմիական գործարանները փակելու, աշխատատեղերի թվի նվազման հանգամանքով:

Զավակները ևս մայրիկի մասնագիտությունից հեռու չգնացին՝ երկուսն էլ բժշկական գիտությունների թեկնածու են:  Որդին՝ Կարեն Մելիքյանը, մասնագիտական գործունեությունը շարունակում է Մոսկվայում՝ գինեկոլոգ է, դասախոս: Դուստրը՝ Գայանե Մելիքյանը, աշխատում է Քաթարում, հաջողված նյարդաբան է:

Չորս թոռներից երկուսը ևս «սպիտակ բանակի» ներկայացուցիչներ են: Իր անունը կրող թոռնիկը՝ Լիդա Մելիքյանը, ԵՊԲՀ շրջանավարտ է, այժմ հետբուհական կրթությունը շարունակում է կլինիկական օրդինատուրայում, ապագա մաշկաբան է: Նա նաև Heratsi iLAB («Հերացի»  Ինովացիոն լաբորատորիա) ուսանողական նախաձեռնության ղեկավարն էր, ուսմանը զուգահեռ աշխատում է բժշկական բուհում՝ որպես Զարգացման բաժնի ավագ մասնագետ: 

Լիդայի եղբայրը՝ Ռոբերտը, ավարտել է Ի.Մ.Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանը: Նա «1+2» ծրագրի շրջանակում ստանալով սպայի կոչում՝ որպես բժիշկ, ծառայել է Սանասարում (Կուբաթլու), ակտիվ մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին, ստացել՝ վիրավորում: Այժմ վերականգնում է առողջությունը՝ ապագայի նոր ծրագրերով:  

Երկար տարիների փորձ ունեցող դասախոս, մանկավարժ Լիդա Սահակյանը ուրախությամբ նշում է, որ հպարտանում է իր երեխաներով, թոռներով և աշխարհի տարբեր անկյուններում բնակվող և աշխատող սաներով:  

Քիմիական բազմաթիվ բանաձևերի տիրապետելով՝ պրոֆեսորը վստահ է, որ բանաձևեր իմանալն այնքան կարևոր չէ, որքան մարդ լինելը ու մարդկային լավ հատկանիշներ ունենալը:

 

Լուսանկարները՝ Լիդա Սահակյանի անձնական արխիվից