Ներշնչվելով բարեկամուհու՝ անվանի գենետիկ, ոլորտի նվիրյալ Հերմինե Պողոսյանի խոսուն օրինակով, (նա Խորհրդային Միության առաջին անվանի գենետիկներից էր) դպրոցական տարիքից Թամարա Սարգսյանին գրավել է գիտության այս հետաքրքիր ուղղությունը, որի ուսումնասիրմանը և, իհարկե, զարգացմանը գիտնականը նվիրել է ողջ մասնագիտական կյանքը։
ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի մասին է ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի 23-րդ թողարկումը։
Գենետիկայի եզակի կենտրոնի և ամբոնի ստեղծումը զուգակցվեց
Տասնամյակներ շարունակ Թամարա Սարգսյանը համատեղում է գիտական, մանկավարժական և կլինիկական գործունեությունը։ Երկար տարիների փորձն ու կուտակած գիտելիքները մասնագետը մեկտեղեց մեկ կենտրոնում։ Փարիզի 6-րդ համալսարանում դոկտորական ատենախոսությունը կատարելուց հետո՝ նա 1998 թվականին Երևանում հիմնում և մինչ օրս ղեկավարում է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը, փաստացի, նաև բժշկական գենետիկայի ամբիոնի կլինիկական բազան է։
«Գենետիկան բժշկագիտության ամենակարևոր ճյուղերից է: Բացելով այս կենտրոնը՝ մենք առաջին հերթին նպատակ ունեինք զարգացնել մեր երկրում գենոմային և անձնականացված բժշկությունը»,- ասում է պրոֆեսորը։
Նրա խոսքով՝ կենտրոնում իրականացվում է գենետիկական հիմք ունեցող հիվանդությունների նախածննդյան և հետծննդյան ախտորոշում՝ բժշկական նորագույն մոլեկուլային-գենետիկական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև հիվանդների բուժում, վարում և ընտանիքների գենետիկական խորհրդատվություն: Պրոֆեսորն առանձնակի կարևորում և պատվաբեր է համարում այն, որ կենտրոնում կատարվող գենետիկական հետազոտությունների համար հիմք են հանդիսանում Եվրամիության կողմից գենետիկական ծառայությունների համար մշակված հանձնարարականները, որոնք ստեղծվել են 2004-2008թթ. Ստրասբուրգում: Այս աշխատանքներում նա անձամբ ներգրավված է եղել որպես փորձագետ։ Ընդունված հանձնարարականները համապատասխանում են միջազգային արտոնագրված ուղեցույցներին (EuroGentest, EMQN, Orphanet) և չափազանց կարևոր ու արդիական են Հայաստանի առողջապահական համակարգի համար։
Բժշկական գենետիկա առարկայի ուսուցման պատմությունը փաստացի ԵՊԲՀ-ում սկսվել է 1999թ.-ից, գենետիկայի կենտրոնի բացումից մեկ տարի անց, երբ այն որպես ուսումնական կուրս ընդգրկվել է ընտանեկան բժշկության ամբիոնի ուսումնական ծրագրում: Հաշվի առնելով բժշկության ոլորտում գենետիկայի կարևորությունը՝ 2011-ին ձևավորվեց բժշկական գենետիկայի ամբիոնը, որի կայացման գործընթացում մեծ ավանդ ունի ամբիոնի վարիչ Թամարա Սարգսյանը:
Բժշկական գենետիկայի ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի հիմքում դրված են Եվրոպական խորհրդի կողմից մշակված համաեվրոպական կրթական և մասնագետների վերապատրաստման ծրագրերը։
Բժշկական գենետիկա առարկան ներկայումս երեք լեզվով դասավանդվում է համալսարանի չորրորդ և յոթերորդ կուրսի ուսանողներին։ Ապագա բժիշկները հնարավորություն ունեն տեղում ծանոթանալ մոլեկուլային-գենետիկական և բջջագենետիկական ախտորոշիչ մեթոդներին, ներկա են գտնվում գենետիկական խորհրդատվության գործընթացին` ուսումնասիրելով տվյալ դեպքի ժառանգական բնույթն ու գենետիկական ռիսկի գնահատման մոտեցումները, ինչպես նաև ծանոթանում են ստացվող լաբորատոր արդյունքներին ու նրանց մեկնաբանմանը: Կուրսի տևողությունը 1 շաբաթ է, սակայն առաջիկայում բժշկական գենետիկի մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու և անձնականացված բժշկությունն ուսումնասիրող սովորողներին առավել լայն հնարավորություն տալու համար, Թամարա Սարգսյանը կարծում է՝ ցանալի է քննարկել առաջիկայում կուրսի տևողությունը երկարացնելու հնարավորությունը։
Հայաստանում բժիշկ-գենետիկի կլինիկական մասնագիտության բացակայությունը ամբիոնի համար հիմք հանդիսացավ մշակել կրթական նախագիծ, որը հաստատվեց ԵՄ Tempus IV ծրագրով և նպատակաուղղված է եվրոպական կրթական ստանդարտներին համապատասխան բժիշկ-գենետիկի մասնագիտական կրթության ապահովմանը: MedGen-ը միջտարածաշրջանային նախագիծ է, որը ներառում է տասը համալսարաններ՝ Հայաստանից, Իսրայելից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Չեխիայի Հանրապետությունից և Ավստրիայից (www.medgen.asnet.am): MedGen-ի գլխավոր նպատակն է բժշկական գենետիկայի ամուր հիմքերի ստեղծումն ու զարգացումը՝ ակտիվ աշխատուժի հետ միասին, ինչը կհամապատասխանի բժշկական գենետիկայի կրթական և մասնագիտական ստանդարտների ԵՄ հանձնարարականներին, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդմանը:
Ամբիոնում առանցքային նշանակություն ունի մի շարք ոլորտներում նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։ Մասնավորապես՝ հսկայական աշխատանք է կատարվել պարբերական հիվանդության և այլ ժառանգական աուտոբորբոքային հիվանդությունների ուսումնասիրման ուղղությամբ, ինչը հետագայում հիմք է ծառայել գիտական աշխատանքների, թեզերի, դոկտորական ատենախոսությունների, գիտական հոդվածների համար։ Ուսումնասիրության արդյունքում մասնագետները ստեղծեցին նաև տարածված, ինչպես նա հազվադեպ հանդիպող հիվանդությունների աշխարհում ամենամեծ կինիկագենետիկական ռեգիստրը։
Մեծ ոգևորությամբ պատմելով սիրելի աշխատանքի մասին՝ զրուցակիցս հպարտորեն ընդգծում է,որ տասնամյակների աշխատանքի շնորհիվ կարողացան պատարստել երեք կլինիկական գենետիկ, ովքեր և աշխատում են կենտրոնում ու դասավանդում բժշկական համալսարանում։ Կենտրոնի կազմում են միջազգային հավաստագրում ունեցող վեց մասնագետներ. երկուսը՝ գիտության թեկնածուներ են, չորսը՝ դոկտոներ։
«Մեզ հաջողվեց ստեղծել պրոֆեսիոնալ ծառայություն, շարունակ զարգացնել հնարավորություններն ու գիտելիքները, և ամենակարևորը՝ համագործակցել հայ և արտերկրի առաջատար գործընկերների հետ»,- հավելում է տիկին Սարգսյանը։
Կենսագրական տվյալներ
Թամարա Սարգսյանը ԵՊՀ շրջանավարտ է։ 1981 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը՝ գենետիկա մասնագիտությամբ։ 1996 թ. պաշտպանել է դոկտորական թեզը և ստացել կենս. գիտությունների դոկտորի աստիճան «Գենետիկա և մոլեկուլյար կենսաբանություն» մասնագիտությամբ։ 1998 թ-ից առ այսօր Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենն է։ 2000 թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1999-2009թթ. ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսոր, մոլեկուլային բժշկության և բժշկական գենետիկայի դասավանդման կուրսի վարիչն էր, իսկ 2009-2011թթ. բժշկական գենետիկայի և մոլեկուլյար ախտորոշման ամբիոնի վարիչը ՀՀ ԱՆ Ազգային առողջության ինստիտուտում։ 2011 թ-ից առ այսօր ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչն է։
Միջազգային հաջողված գիտական գործունեություն
Թամարա Սարգսյանի գիտական աշխատանքները վերաբերում են ժառանգական հիվանդություններով պայմանավորված գենային և քրոմոսոմային մուտացիաների որոշմանը, որոնք նպաստում են մոլեկուլային և քրոմոսոմային մակարդակով ժառանգական, սրտային, վարակիչ և այլ հիվանդությունների վաղաժամ ախտորոշմանը, Հայատանում բժշկական գենետիկայի և մոլեկուլային ախտորոշման զարգացմանը։ Պրոֆեսորը շուրջ 190 գիտական աշխատանքի հեղինակ է, որոնք տպագրվել են միջազգային հեղինակավոր հրատարակություններում։
Մեկ նյութում դժվար է ամբողջովին ներկայացնել մասնագետի միջազգային գիտական գործունեությունը։ European Board of Medical Genetics–ի կողմից նրան շնորհվել է European Clinical Laboratory Geneticist-ի որակավորում։ 90-ականներից՝ ութ տարի շարունակ, CNRS ծրագրի շրջանակում մասնագիտական գործունեություն է ծավալել Փարիզի 6-րդ համալսարանում՝ կատարելով գիտահետազոտական լայնածավալ աշխատանքներ։ Մեկ այլ՝ INSERM ծրագրով, համագործակցել է նաև Փարիզի երկու հոսպիտալների հետ։
Որպես Եվրոպայի խորհրդի Առողջապահության կոմիտեի (CDSP) SP-GEN փորձագետ՝ Թամարա Սարգսյանը 2004-2008թթ. հանդիսացել է Եվրոպայի առողջապահության համակարգում բժշկական գենետիկական ծառայությունների հանձնարարականների ստեղծման անդամներից մեկը:
Փոխանակման ծրագրերով որպես հրավիրյալ մասնագետ գիտական զեկույցներով հանդես է եկել մի շարք առաջատար համալսարաններում ու առողջապահական կենտրոններում (Բրատիսլավայի, Բուդապեշտի, Փարիզի, Բոլոնյայի, Չիկագոյի համալսարաններ, Հարվարդի հանրային առողջապահության դպրոց):
Բժշկական գենետիկն անդամակցում է շուրջ մեկ տասնյակ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, Եվրոպայի մարդու գենետիկայի ընկերության, Եվրոպայի մոլեկուլային գենետիկայի որակավորման համակարգի (EMQN) անդամ է: Թամարա Սարգսյանը 2000 թ-ից Մարդու գենետիկայի հայկական ասոցիացիայի նախագահն է, 2017 թ-ից՝ հազվադեպ հիվանդությունների փորձագիտության ազգային կենտրոնի կազմակերպիչ-ղեկավարը։
Ինչպես ընդունված է բժշկագիտության ոլորտում՝ մասնագիտությունը Թամարա Սարգսյանին չի փոխանցվել սերնդեսերունդ, բայց բժիշկներ են եղել նրա մոր՝ Թագուհի Սարգսյանի ընտանիքի անդամները, իսկ հայրը՝ Ֆադեյ Սարգսյանը, գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր ու գեներալ էր։ Վերջինս աշխատանքային գործունեության մեծ մասը նվիրել է էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի, կառավարման ավտոմատացված համակարգերի և ռադիոլոկացիոն համակարգերի կառավարման ուսումնասիրմանը։ Ժամանակին պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անվանի գործչի լուսանկարն այսօր փակցված է դստեր աշխատանյակում։ Խորհրդանշական է, որ Թամարա Սարգսյանն իր համեստ աշխատասենյակում նաև հոր պատմական հետաքրքիր շունչ ունեցող սեղանն ու աթոռն է օգտագործում։ Հետահայաց հիշում է՝ հայրը, որպես կիբեռնետիկայի ոլորտի մասնագետ, ողջունել էր իր՝ գենետիկ դառնալու հաստատուն ընտրությունը, քանի որ նրան հայտնի էր 20-րդ դարում ձևավորված այս երկու գիտությունների՝ գենետիկայի և կիբեռնետիկայի ողբերգական ճակատագիրն ու կարևոր նշանակությունը։
Էլեկտրոնային կրիչում Թամարա Սարգսյանը լուսանկարների հարուստ արխիվ ունի։ Դրանց շարքում առանձնանում է հոր պապի՝ եկեղեցական Ֆադեյ Սարգսյանի 1913 թվականին Նախիջևանում արված խմբակային, պատմական լուսանկարը։
Թամարա Սարգսյանն ունի երկու որդի։ Ֆադեյ Չարչօղլյանը դիվանագետ է։ Ռուբեն Չարչօղլյանը՝ ԵՊԲՀ շրջանավարտ,, ով սրտային վիրաբույժի մասնագիտական գործունեությունը շարունակում է Ավստրիայում։
2018 թվականի նոյեմբերից ՀՀ վարչապետի որոշմամբ Թամարա Սարգսյանը համալրել է նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հարուստ փորձ ունեցող գիտնականն իր բազմազբաղ առօրյայում այս աշխատանքը շատ պատվաբեր է համարում և մեծ ոգևորությամբ է պատրաստվում գործընկերների հետ կյանքի կոչել նորանոր ծրագրեր՝ ի նպաստ բժշկական համալսարանի և իհարկե նորագույն և կարևոր, յուրաքանչյուր պացիենտի հանդեպ անձնականացված մոտեցում պահանջող ոլորտի՝ բժշկական գենետիկայի առաջընթացին։
Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ԹԱՄԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ անձնական արխիվից