Մարտի 25-ը հայ վիրաբույժների մեծ համայնքի համար առանձնահատուկ օր է: Այսօր է ծնվել անվանի վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը: Առաջին տարին է, որ կրտսեր գործընկերները, ուսանողները տարեդարձը կնշեն առանց հազարավոր կյանքեր փրկած բժշկի ներկայության:
Ծննդյան տարեդարձից օրեր առաջ բժիշկ-գիտնականը հեռացավ կյանքից` թողնելով բազում հիշողություններ, մեծ հարգանք իր կատարած աշխատանքի հանդեպ:
Վիրաբուժության բնագավառում Հովհաննես Սարուխանյանն անփոխարինելի դեր ուներ
ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Մուշեղ Միրիջանյանի գնահատմամբ` ավագ գործընկերոջ մասին յուրաքանչյուր հուշ հետաքրքիր է ու տարբերվող:
«Հովհաննես Սարուխանյանը յուրահատուկ մարդ էր: Ոչ ոք չի կարող փոխարինել նրան, լրացնել բացը: Վիրաբուժությունը, կարծես, որբացավ նրա մահով»,- նշում է պրոֆեսոր Միրիջանյանը, որը Հովհաննես Սարուխանյանին ոչ միայն վիրաբուժության, այլև կյանքի հարցերում իր ուսուցիչն է համարում:
«Հովհաննես Վազգենովիչից ես սովորել եմ վիրաբուժության ամենանուրբ գործողությունները: Իմ բախտն իսկապես բերել է, որ հանդիպեցի իրեն: Մեզ մնում է արժանին մատուցել սիրելի ուսուցչի հիշատակին»,- ընդգծում է վիրաբույժը:
Երջանկահիշատակ պրոֆեսոր Սարուխանյանի հետ իր առաջին հանդիպումն ու ծանոթությունը Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում է եղել:
Հովհաննես Սարուխանյանը հաճախ էր այցելում ամբիոնական իր գործընկերներին` այդ թվում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի փորձարարական վիրասրահի հիմնադիր, 1983-1991թթ. ամբիոնի վարիչ, դոցենտ Միխայիլ Հովհաննիսյանին, Սերգեյ Սեխյանին: Պրոֆեսորադասախոսական կազմին հերթական անգամ հյուրընկալվելու ընթացքում է կայանում հետագայում արդեն գործընկեր վիրաբույժների հանդիպումը:
Լինելով ամբիոնի ասիստենտ, Մուշեղ Միրիջանյանը նաև 1-ին կլինիկական հիվանդանոցում է հերթապահել որպես վիրաբույժ, հերթապահություններից մեկի ընթացքում էլ միասին շախմատ խաղալու առիթ են ունեցել.
«Շախմատ խաղալիս ինձ հարցրեց՝ կգա՞ս իմ ամբիոն, ես էլ ասացի՝ կգամ անգամ, եթե պահակի հաստիք լինի»,- ժպիտով հիշում է Մուշեղ Միրիջանյանը:
Նրանց գործընկերությունն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունի, որը հարուստ է ինչպես ուրախ հիշողություններով, այնպես էլ տխուր ակնթարթներով, մարդկային ջերմությամբ:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավարը փաստում է, որ մինչև կյանքի գրեթե վերջին ամիսները Սարուխանյանը վիրահատում էր: Անվանի բժիշկ-գիտնականը պատկառելի տարիքում մասնագիտական, գիտամանկավարժական ակտիվ գործունեություն էր ծավալում:
«Նա այնպիսի վիրաբույժ էր, որին հիվանդները չէին կարող չդիմել»,- շեշտում է նա:
Ինչպես ասում են կյանքի մայրամուտին, առավել հասուն տարիքում իր և իր հաջողությունների մասին խոսել չէր սիրում, քչախոս էր, բայց խոսելիս երբեմն կարող էր նաև կտրուկ լինել:
Վիրաբույժին բնորոշ այդ հատկությունը իր բնավորությունն էր, որն արտահայտված էր նաև վիրաբուժության հանդեպ մեծ նվիրումով: Սիրում էր ընթերցել և ընթերցելը կարևորում էր նաև աշակերտների շրջանում:
«Գլխավոր նպատակն էր դաստիարակել լավ աշակերտներ, լավ սերունդ»,- հավելում է կտրսեր գործընկերը:
Եթե մեկ անգամ էլ մասնագիտությունն ընտրելու հնարավորություն ունենար, ապա կրկին բժիշկ կդառնար
Բժշկական բուհում ակադեմիկոս Հովհաննես Սարուխանյանի 75-րդ հոբելյանի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստին լրագրողների հետ զրույցում, 2013 թվականին նշել էր, որ եթե մեկ անգամ էլ մասնագիտությունն ընտրելու հնարավորություն ունենար, ապա կրկին բժիշկ կդառնար:
Հետադարձ հայացք նետելով անցած ուղուն` վիրաբույժը վստահեցրել է, որ բժշկի մասնագիտությունն Աստծո պարգև է:
Չկա մարդկային որևէ օրգան, որին դիպած չլինի պրոֆեսորի բուժիչ նշտարը: ՀՀ ԱՆ նախկին գլխավոր վիրաբույժը հազարավոր բուժառուների է օգնել, ապաքինել, վերադարձրել երկրորդ կյանք:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան ղեկավարում էր 1998 թվականից: 2018 թվականին բաժանմունքն անվանակոչվել է անվանի բժշկի պատվին:
Կոչումով բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում:
«Անցած ուղին եղել է բարդ, ժամանակ առ ժամանակ ծանր, բայց՝ երջանիկ»,- կրկին իր 75-րդ հոբելյանի օրը ասել է պրոֆեսորը:
Երիտասարդներին ուղղված ամենակարևոր հորդորն էր, հարգել այն կոլեկտիվները, որտեղ աշխատում են:
Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է
Սարուխանյանների բժշկական մեծ ընտանիքի առաջին ճյուղը սկիզբ է առնում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վազգեն Սարուխանյանից:
«Հայրս լավ դպրոց է ստեղծել, իր գիտելիքները փոխանցել և բժշկական բարդ ոլորտ գործուղել շատ ու շատ պրոֆեսիոնալների: Ես ծնվել եմ բժիշկների ընտանիքում: Մայրս նույնպես բժիշկ էր: Ես և քույրս ընտրել ենք մեր ծնողների մասնագիտությունը: Քույրս` Կարինեն, բժշկական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` անեսթեզիոլոգ: Նրա դուստրը և տղան ևս բժշկական գիտությունների թեկնածու են: Կինս` Սվետլանա Սարուխանյանը, ընտանեկան բժիշկ էր»,- ընտանիքի բժշկական հարուստ կենսագրությունը ներկայացնելով` ասել է, ՀՀ գիտության վաստակավոր գործիչը:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1938 թվականին, Երևանում: Հովհաննես Սարուխանյանը 1955-1961թթ. սովորել է ԵՊԲՀ–ի բուժկանխարգելիչ ֆակուլտետում: 1961-1963թթ. անցել է կլինիկական օրդինատուրա` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժնում: 1963-1988թթ. ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թորակալ վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնում անցել է կրտսեր գիտաշխատողից մինչև ամբիոնի պրոֆեսորի վաստակաշատ ուղին: 1965-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969-ին` դոկտորական թեզեր: 1988-ից ղեկավարում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնը, բուհի ընդհանուր բժշկության ֆակուլտետի, գիտական մեծ խորհրդի և վիրաբուժության մասնագիտական խորհրդի անդամ էր: 1987-2015թթ. Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահը եղել է Հովհաննես Սարուխանյանը, որը հետագայում ընտրվել է պատվավոր նախագահ: 2000-ից` Հայկական վիրաբուժության 21 պրոֆեսիոնալների միության նախագահն էր:
Բժիշկ-գիտնականի ավելի քան 200 գիտական աշխատություններում, 13 ուսումնամեթոդական ձեռնարկներում, 4 մենագրություններում, 8 ռացիոնալիզատորական առաջարկներում, 9 գյուտերում, նաև նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանած 6 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություններում ընդհանրացված են սրտանոթային, կրծքային, ստամոքսաղիքային, ենթաստամոքսագեղձի, էնդոկրին հիվանդությունների, երկարատև ճնշման համախտանիշի, սթրեսի, վնասվածքների էնդոտոքսիկոզի տեսությունն ու գործառությունը:
Նախկին Խորհրդային Միությունում պրոֆեսոր Սարուխանյանն առաջինն է մշակել զույգ թոքերի միանվագ տրանսպլատացիայի մոդել, կատարել խոլեդոխոլիթիազի ժամանակ արտամարմնային հարվածող աղիքային լիտոտրիպսիա:
Հայաստանում առաջինն է կատարել պանկրեատոդուոդենալ մասնահատում` ենթաստամոքսագեղձի գլխիկի ուռուցքի և կեղծ ուռուցքային պանկրեատիտների ժամանակ, լյարդի ձախ բլթի մասնահատում` լյարդ–բջջային քաղցկեղի ժամանակ, աջ բրոնխի մասնահատում պլաստիկայով` թոքի քաղցկեղի ժամանակ, վիրահատություններ որովայնի խոռոչի էկտոպիկ ֆեոքրոմոցիտոմայի, հարվահանաձև գեղձի ադենոմայի, ինսուլինոմայի կապակցությամբ: Հովհաննես Սարուխանյանը մշակել է շատ այլ վիրահատությունների նոր մեթոդներ, որոնք ճանաչվել են որպես գյուտեր: Նա ուրախությամբ էր նկատում, որ վերջին կես դարում Հայաստանում բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել բոլոր ուղղություններում:
Վաստակաշատ գիտնականն ու բժիշկն արժանացել է «Առողջապահության գերազանցիկ» և «Գյուտարար ռացիոնալիզատոր» կոչումներին: Նա պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, «Մխիթար Հերացի», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, արժանացել ՀՀ առողջապահության նախարարության «Ոսկե մեդալի», ՀՀ կառավարության շնորհակալագրի ու պատվոգրի:
2013թ. մարտի 27-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած գիտական խորհրդի հատուկ նիստը նվիրված էր ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ծննդյան 75-ամյակին և աշխատանքային գործունեության 50-ամյակին:
ՀՀ նախագահի հրամանագրով բժշկության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Սարուխանյանների բժշկական ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցչի համոզմամբ` թեպետ հասարակության մեջ բժշկի դերը բարձրացնելու կարիք կա, այնուամենայնիվ, բոլոր ժամանակներում շատերը ճիշտ են ընկալել բժշկի դերը։ Այժմ էլ հիմնականում առկա է մեծ հարգանք բուժաշխատողի բարդ ու պատասխանատու աշխատանքի հանդեպ.
«Ամենաթանկն առողջությունն է, որի վերականգնման, խնդիրների հաղթահարման առումով եթե կարողանում ես օգնել հիվանդին, ապա բժշկի համար դրանից մեծ երջանկություն չկա: Ուրախ եմ, որ երեք տասնյակից ավելի գիտության թեկնածուներ և դոկտորներ եմ պատրաստել: Նրանք հիմա ղեկավարում են բժշկական ամբիոններ, համակարգի տարբեր ստորաբաժանումներ, շատերն ավագ վիրաբույժներ են, ճանաչված մարդիկ. դա ինձ համար մեծ ուրախություն է»:
Հովհաննես Սարուխանյանի ավագ որդին` Վազգեն Սարուխանյանը, ստոմատոլոգ է, զբաղվում է պրակտիկ բժշկությամբ, իսկ կրտսեր որդին` Հովհաննեսը մանկաբույժ է. բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալում ՌԴ-ում:
84-ամյա բարձունքից ճանաչված վիրաբույժը կարող էր հպարտությամբ նայել իրեն աշակերտողներին, որոնք այսօր մեր երկրի լավագույն վիրաբույժներն են, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, վիրաբուժության բնագավառի առաջամարտիկներ: