Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ճամփորդության սեզոն. կանխարգելենք հիվանդությունները՝ տեղեկացված և պատրաստված

Ճամփորդության սեզոն. կանխարգելենք հիվանդությունները՝ տեղեկացված և պատրաստված

«Հերացի» վերլուծական կենտրոնը շարունակում է կազմակերպել արդի և հանրային նշանակություն ունեցող առողջապահական թեմաների շուրջ մասնագիտական քննարկումներ։ Այս անգամ քննարկման կենտրոնում՝ ճանապարհորդության սեզոնին արդի դարձող առողջապահական ռիսկերը։ «Ճանապարհորդների շրջանում հիվանդությունների կանխարգելման միջոցառումները» խորագրով կոնֆերանսը միավորեց ոլորտի մասնագետներին, բժշկական հաստատությունների ներկայացուցիչներին ու հանրային առողջության պատասխանատուներին՝ նպատակ ունենալով անդրադառնալ ճանապարհորդելիս առավել հաճախ հանդիպող վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եղանակներին, տեղեկատվության բարձրացման և պատվաստումների կարևորությանը։

«Ճանապարհորդների շրջանում հիվանդությունների կանխարգելման միջոցառումները» թեմայով կոնֆերանսը մեկնարկեց վերլուծական կենտրոնի ղեկավար,  Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանի՝ «Ճանապարհորդական բժշկություն. արդի միտումներ» թեմայով զեկույցով:

«Ճամփորդությունները դարձել են մեր առօրյայի մի մասը և իրենց հետ բերող դրական էմոցիաների հետ մեկտեղ բերում են տարբեր առողջական խնդիրներ, մասնավորապես՝ ինֆեկցիոն հիվանդությունների, տրավմաների տեսքով, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միջոցառումը պահանջ է մեր բնակչության կողմից, ովքեր ճամփորդության մեկնելուց առաջ ցանկանում են տեղեկատվություն ստանալ պատվաստումների և տարբեր տարածված հիվանդությունների մասին։

Նրա խոսքով՝ չկան Հայաստանի համար տեղայնացված ուղեցույցներ՝ որ երկիրը ինչպիսի պահանջ է ներկայացնում զբոսաշրջիկներին, որոնք վերջին տարիներին ավելի շատ են ճանապարհորդում այնպիսի էկզոտիկ երկրներ, որոնք կարող են դառնալ տարբեր համաճարակաբանական խնդիրների առիթ։

Անդրադառնալով ճանապարհորդական բժշկությանը՝ նշեց, որ այն զարգացած ուղղություն է և ձևավորվել է որպես առանձին բժշկական գիտություն՝ 20-րդ դարի կեսերից՝ ԱՀԿ-ի ձևավորման հետ միասին։

Ճանապարհորդական բժշկությունն այսօր ընդգրկում է՝ պատվաստումային պլանավորում, հիվանդությունների կանխարգելում ըստ ուղղության, միջազգային առողջապահական խորհրդատվություն, ռիսկերի կառավարում արտասահմանում գտնվելու ժամանակ։ Ճամփորդողների շրջանում ռիսկի խմբում են երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություն ունեցողները։

Խոսելով հղիության ընթացքում ճամփորդելու մասին՝ Մերի Տեր-Ստեփանյանը շեշտեց, որ որոշ ավիաընկերություններ թույլ են տալիս թռչել 36 շաբաթական հղիությունից հետո։ Հղի ճանապարհորդները պետք է խուսափեն ճանապարհորդել այն տարածքներ, որտեղ տարածված են մալարիան, զիկա վիրուսը և այլն։

Ինչ վերաբերում է Հայաստան մեկնողներին՝ միջազգային առողջապահական կազմակերպությունները խորհուրդ են տալիս հետևյալ պատվաստումները՝ հեպատիտ A-ի, պոլիոմիելիտի, կատաղության, հեպատիտ B-ի, գրիպի, COVID-19-ի, պնևմոկոկի, մենինգիտի, ջրծաղիկի, գոտևորող որքինի, Tdap-ի (տետանուս, դիֆթերիա և կապույտ հազ) և կարմրուկի, խոզուկի և կարմրախտի (MMR) դեմ։

Անվտանգ ճամփորդելու համար պետք է պատրաստ լինել՝ դեղերով և տեղեկացվածությամբ, պաշտպանել ինքներս մեզ ջրի ու սննդի միջոցով։ Անհրաժեշտ է սնվել և ջուր խմել ապահով վայրերում, խուսափել միջատների խայթոցներից, ապահով լինել դրսում և այլն։

Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Նաիրա Մելքոնյանը հանդես եկավ «Ճանապարհորդներին առաջարկվող պատվաստումներ անապահով երկրներ մեկնելուց առաջ» զեկույցով։

Նրա խոսքով՝ ճանապարհորդի պատվաստումը համարվում է նախաճանապարհորդական գործողության կարևոր և առանձին բաղադրիչ։ «Այսօր աշխարհում 30-ից ավելի վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներ են իրականացվում, որոնցից մեծ մասի համար պատվաստումը համարվում է հիմնական կանխարգելիչ միջոցառում։

Ճամփորդությունից առաջ պատվաստման անհրաժեշտության որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է գնահատել ճանապարհորդի առողջական վիճակը, պատվաստումային կարգավիճակը, հաշվի առնել երթուղին, երկիրը, ուղևորության տևողությունը, ուղևորության նպատակը, պատճառը, սեզոնը, ուղևորության ընթացքում պլանավորված գործողությունները, նպատակակետում վարակիչ հիվանդությունների էպիդեմիոլոգիական վիճակը, հնարավոր վարակման ռիսկերը՝ վնասվածքներ, սննդով և ջրով փոխանցվող վարակներ, փոխանցողներով փոխանցվող հիվանդություններ, շնչառական վարակներ, արյան և սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ։

Ճամփորդներին պետք է խորհուրդ տալ, եթե դա հնարավոր է, ճանապարհորդելուց առաջ անցնել պատվաստումների ամբողջական կուրսը, քանի որ պատվաստումը նախաուղևորության խորհրդատվության կարևոր բաղադրիչ է։

Ամփոփելով զեկույցը՝ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոսը անվտանգ ճամփորդելու համար խորհուրդ տվեց լինել իրազեկված, ստանալ անհրաժեշտ պատվաստումները՝ վարակներից զերծ մնալու համար։

«Ճանապարհորդական բժշկությունը ներկայումս չափազանց կարևոր ոլորտ է և իրականում ավելի լայն է, քան մենք պատկերացնում ենք։ Այն ներառում է ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների, համաճարակաբանության ոլորտը, այլև բավական մեծ մաս ունի նաև ոչ ինֆեկցիոն հիվանդությունները»,- իր «Վարակաբանի խորհրդատվության անհրաժեշտությունը ճանապարհորդությունից առաջ կամ հետո, քիմկանխարգելման ցուցումները» զեկույցի սկզբում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի բժիշկ Ալվարդ Հովհաննիսյանը։

Մասնագետի փոխանցմամբ՝ ճանապարհորդելու հետ ամենից հաճախ ասոցացվող ինֆեկցիոն հիվանդություններն են՝ ճանապարհորդների դիարեան, կարմրուկը, դենգե տենդը, մալարիան, որովայնային տիֆը, հեպատիտը, դեղին տենդը, գրիպը, COVID-ը, մենինգիտը։

«Ինչ պետք է անի ինֆեկցիոնիստը, եթե պլանավորվում է ճանապարհորդություն և եթե այն գնահատվում է ռիսկային։ Առաջին հերթին անհատական խորհրդատվություն պետք է տրվի, պետք է հասկանալ, թե ինչ ռիսկեր ունի տվյալ մարդը, օրինակ՝ եթե ունի սրտային հիվանդություն կամ սեզոնային ալերգիա, թոքային, նյարդաբանական հիվանդություն, ըստ որի՝ ցուցաբերի անհատական մոտեցում։ Շատ կարևոր է քիմիոպրոֆիլակտիկայի առկայությունը և իրականացումը, խոսքը հիմնականում վերաբերում է մալարիային, բայց որոշ դեպքերում, օրինակ՝ ճանապարհորդների դիարեայի ժամանակ նույնպես ռիսկի խմբերին խորհուրդ է տրվում կատարել քիմիոպրոֆիլակտիկա»,- հավելեց ինֆեկցիոնիստը՝ ներկայացնելով մի քանի դեպք մասնագիտական գործունեությունից։

Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անահիտ Գրիգորյանը ներկայացրեց «Ճամփորդության ժամանակ երեխաների շրջանում հիվանդությունների առաջացման ռիսկերը և կանխարգելման միջոցառումները» թեման։

«Մանկաբույժների համար այս սեզոնում ամենահաճախ հնչող հարցերը հենց այս թեմային են վերաբերում։ Գրեթե ամեն օր մայրիկները հարցնում են՝ ինչպես անել, ինչ վերցնել երեխայի համար ճանապարհորդության ընթացքում։ Թեմայի արդիականությունը հիմնավորվում է նրանով, որ երեխաները սկսել են շատ ճամփորդել։ Ինչու են երեխաները ավելի զգայուն ճամփորդության ժամանակ։ Հիմնական հարցը ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ մեծ զգայությունն է՝ կապված հատկապես մինչև հինգ տարեկան երեխաների իմուն համակարգի ոչ լիարժեք հասունության հետ։ Հատկապես վաղ մանկական հասակի երեխաների մոտ մենք ունենք մեկ այլ խնդիր՝ ջերմակարգավորումը և ջրային բալանսը։ Երեխաները շատ զգայուն են կլիմայի և ջրային բալանսի փոփոխությանը։ Այս փոփոխությունը ջրազրկման և գերտաքացման բարձր ռիսկ է առաջացնում»,- նշեց մասնագետը։

Նա անդրադարձավ մի շարք խնդիրների, որոնց կարող են բախվել ծնողները երեխայի հետ ճամփորդելիս՝ զբոսաշրջիկի փորլուծություն, հիպօքսիա, վնասվածքներ՝ վթարներ, ջրահեղձում, անկումներ, ականջացավ, արևայրուք և այլն։

«Զբոսաշրջիկի փորլուծության հիմնական հարուցիչները վիրուսներն են՝ նորովիրուս, էնտերովիրուս։ Հիմնական բուժման միջոցը օրալ ռեհիդրատացիոն հեղուկներն են։ Ջրազրկման բարձր ռիսկի խմբում են կրծքի հասակի երեխաները։ Էմպիրիկ հակաբակտերիալ թերապիան (ազիտրոմիցին) թույլատրելի է ծանր ընթացքով ջրային լուծերի դեպքում, այնինչ արյունային լուծերի դեպքում ցուցված չէ՝ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի առաջացման ռիսկից ելնելով»,- հավելեց նա՝ ընդգծելով, թե ինչպես կարելի է պաշտպանել երեխաներին։

Երեխաները պետք է քնեն փակվող պատուհաններով, օդորակիչով օդափոխվող սենյակներում։ Հնարավորության դեպքում մանկական մահճակալները պետք է ծածկել հատուկ ցանցերով։

«Մի ամբողջ կրթություն է անցնում ճամփորդողը, մինչև այս կամ այն ուղղությամբ ճանապարհորդելը»,- փաստեցին ոլորտի մասնագետները։