Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ճարպակալումը՝ 21-րդ դարի առողջապահական մարտահրավեր  

Ճարպակալումը՝ 21-րդ դարի առողջապահական մարտահրավեր   

Մարտի 4-ը բժշկական օրացույցում նշվում է որպես ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օր։

Ճարպակալման խնդիրը 21-րդ դարում դարձել է հանրային առողջապահության առաջնային մարտահրավերներից մեկը՝ պահանջելով համալիր և համակարգված միջամտություններ։

2025 թվականի ճարպակալման դեմ պայքարի օրվա կարգախոսն՝ «Համակարգերի փոփոխություն՝ առողջ կյանք», ընդգծում է քաղաքական, առողջապահական, հասարակական և տնտեսական համակարգերում փոփոխությունների կարևորությունը՝ առողջ կենսակերպի հասանելիությունն ապահովելու համար։

«Ավելցուկային քաշ» և «ճարպակալում» ախտորոշումները հաստատվում են մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ)  հաշվարկի միջոցով՝ քաշը( կգ)բաժանելով  հասակի քառակուսու (մ²) վրա։ Սակայն, ՄԶԻ-ն անուղղակի ցուցանիշ է, ուստի անհրաժեշտության դեպքում կիրառվում են լրացուցիչ չափումներ, օրինակ՝ գոտկատեղի շրջագծի գնահատումը։ Երեխաների և դեռահասների դեպքում գնահատման չափանիշները տարիքային առանձնահատկություններ ունեն։

ԱՀԿ-ն ավելցուկային քաշի և ճարպակալման ախտորոշման համար հետևյալ չափանիշներն է առաջարկել՝

  • Մեծահասակների համար՝
    • ՄԶԻ ≥ 25 – ավելցուկային քաշ
    • ՄԶԻ ≥ 30 – ճարպակալում
  • Մինչև 5 տարեկան երեխաների համար՝
    • Ավելցուկային քաշ՝ «քաշ/հասակ» հարաբերությունը գերազանցում է ֆիզիկական զարգացման ստանդարտների մեդիանը 2 ստանդարտ շեղումով,
    • Ճարպակալում՝ նշված հարաբերությունը գերազանցում է ստանդարտների մեդիանը 3 ստանդարտ շեղումով
  • 5–19 տարեկանների համար՝
    • Ավելցուկային քաշ՝ տվյալ տարիքի համար ՄԶԻ-ն գերազանցում է ստանդարտների մեդիանը 1 ստանդարտ շեղմամբ։
    • Ճարպակալում՝ ՄԶԻ-ն գերազանցում է ստանդարտների մեդիանը 2 ստանդարտ շեղումով։

Վերջին տասնամյակներում ճարպակալման տարածվածությունը զգալիորեն աճել է։ 1985 թվականից ի վեր մեծահասակների շրջանում ճարպակալման մակարդակը կրկնապատկվել է, իսկ դեռահասների շրջանում՝ քառապատկվել։

Համաձայն ԱՀԿ տվյալների՝ 2022 թվականին աշխարհում 18 տարեկանից բարձր բնակչության 43%-ը (2.5 միլիարդ մարդ) ավելցուկային քաշ է ունեցել, իսկ 16%-ը (890 միլիոն մարդ)՝ ճարպակալում։ 5-19 տարեկանների շրջանում ավելցուկային քաշ ունեցողները կազմում էին 390 միլիոն, նրանցից 160 միլիոնը (8%-ը)՝ ճարպակալում է ունեցել։  Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ավելցուկային քաշ ունեցողները կազմել են 37 միլիոն։

Համաշխարհային ճարպակալման ֆեդերացիայի տվյալներով՝ 2035 թվականին աշխարհի բնակչության 51%-ը (ավելի քան 4 միլիարդ մարդ, այդ թվում 383 միլիոն երեխա) կունենա ավելցուկային քաշ կամ ճարպակալում, որոնցից 2 միլիարդը՝ ճարպակալում։

Ճարպակալման տարածվածությունը զգալիորեն տարբերվում է ըստ տարածաշրջանների: 2022 թվականին այն կազմել է 31% Հարավարևելյան Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջաններում, մինչդեռ Ամերիկայի տարածաշրջանում հասել է 67%-ի։

Պատմականորեն բարձր եկամուտ ունեցող երկրներում ճարպակալման մակարդակն ավելի բարձր էր, սակայն ներկայումս ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները  բախվում են այս խնդրի տարածվածության արագ աճին։ 2022 թվականին ավելցուկային քաշ կամ ճարպակալում ունեցող <5 տարեկան երեխաների գրեթե կեսը բնակվում էր Ասիայի երկրներում։ Համաշխարհային ճարպակալման ֆեդերացիայի 2023 թ․ զեկույցի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2035 թվականը ավելցուկային քաշ կամ ճարպակալում ունեցող մեծահասակների 79%-ը կբնակվի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Այս փոփոխությունը պայմանավորված է նախևառաջ,  ուրբանիզացիայուվ և սննդակարգի փոփոխություններով։

Ճարպակալման տարածվածությունն ամենաբարձրն է 40-59 տարեկան մեծահասակների շրջանում։ Կանայք ավելի հաճախ են ունենում ճարպակալում, քան տղամարդիկ, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչը պայմանավորված է կենսաբանական և սոցիալ-տնտեսական գործոններով։

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումն հանրային առողջության կարևորագույն խնդիրներից են։ STEPS հետազոտության համաձայն՝ 18-69 տարեկան բնակչության 47.8%-ի մոտ առկա է ավելցուկային քաշ կամ ճարպակալում։ Տղամարդկանց և կանանց շրջանում դրանց  տարածվածությունը կազմել են, համապատասխանաբար, 45.4% և 50.1%։ Տարածվածության ցուցանիշը բարձրանում է տարիքին զուգահեռ` 45-69 տարեկանների շրջանում ցուցանիշը 3 անգամ բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին Հայաստանում կանանց 52.1%-ն ու տղամարդկանց 31.3%-ը կունենան ճարպակալում։

Համաձայն դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության տվյալների (2022թ), ՀՀ 11 տարեկան երեխաների շրջանում աղջիկների 17%-ի և տղաների 31%-ի մոտ նկատվում է ավելցուկային քաշ կամ ճարպակալում, սակայն 15 տարեկանում այս թվերը որոշ չափուվ նվազում են՝ հասնելով, համապատասխանաբար, 12% աղջիկների և 25% տղաների շրջանում: Մինչև 5 տարեկան երեխաների խմբում ցուցանիշը կազմում է 15%:

Ճարպակալումը բազմագործոն հիվանդություն է, որի առաջացումը պայմանավորված է երեք խմբի ռիսկի գործոններով․

  1. Վարքագծային գործոններ
  • Սննդային սովորություններ․ մշակված սննդամթերքի, շաքարի և քաղցր ըմպելիքների չափից ավելի սպառում՝ միաժամանակ օպտիմալ քանակությամբ բջջանյութի, մրգերի և բանջարեղենի անբավարար օգտագործմամբ
  • Անբավարար ֆիզիկական ակտիվություն
  • Քնի պակաս. քնի պակասը խաթարում է հորմոնային բալանսը, բարձրացնում ախորժակը և բարձր կալորիականությամբ սննդամթերքի պահանջարկը
  1. Կենսաբանական գործոններ
  • Ժառանգական նախատրամադրվածություն
  • Հորմոնալ խանգարումներ (օրինակ՝ հիպոթիրեոզ)
  1. Արտաքին միջավայրի գործոններ
  • Սոցիալ-տնտեսական պայմաններ․ ցածր եկամուտ ունեցող խավերը հաճախ բախվում են առողջ սննդամթերքի սահմանափակ հասանելիության և ֆիզիկական ակտիվության հնարավորությունների պակասի հետ
  • Անառողջ սննդային միջավայր․ բարձր կալորիականությամբ, բայց քիչ սննդարար արժեք ունեցող մթերքի լայն հասանելիությունը նպաստում է ճարպակալման տարածմանը
  • Քաղաքային միջավայր․ անվտանգ զբոսայգիների և կանաչ գոտիների պակասը սահմանափակում է ֆիզիկական ակտիվության հնարավորությունները

Ճարպակալման հետևանքները

Ճարպակալումը զգալիորեն բարձրացնում է բազմաթիվ ոչ վարակիչ հիվանդությունների /ՈՎՀ/ զարգացման ռիսկը՝

  • Սիրտանոթային հիվանդությունների
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետի
  • Շնչառական խանգարումների
  • Հենաշարժական համակարգի խնդիրների
  • Հոգեբանական և սոցիալական հետևանքների
  • Ուռուցքաբանական հիվանդությունների
  • Այլ հիվանդությունների (օրինակ` լեղաքարային հիվանդություն, ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզ և այլն)։

Գնահատականների համաձայն, 2019 թվականին ճարպակալումը դարձել է ՈՎՀ-ից առաջացած 75% մահվան դեպքի պատճառ։ Կանխատեսվում է, որ 2048 թ․-ին ՈՎՀ-ների պատճառով մահացության մասնաբաժինը կհասնի 86%-ի՝ տարեկան 77 միլիոն մահով:

Համաձայն 2019թ-ի ԱՀԿ զեկույցի` Հայաստանում գրանցված բոլոր մահերի շուրջ 93%-ը պայմանավորված է ՈՎՀ-ով: ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված չորս ՈՎՀ-ից որևէ մեկով պայմանավորված վաղաժամ մահվան (մինչև 70 տարեկան) հավանականությունը կազմում է 22%:

Տնտեսական վնասի վերլուծությունը վկայում է, որ ՈՎՀ-ով պայմանավորված ՀՀ տնտեսական ծախսերը (թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի) կազմում են 362.7 մլրդ ՀՀ դրամ, որը հավասար է 2018թ-ի ՀՀ համախառն ներքին արդյունքի 6.5%-ին:

Ճարպակալման կանխարգելման ուղիները

  1. Անհատական միջոցառումներ
    • Առողջ սննդակարգ
    • Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն
    • Էկրանային ժամանակի սահմանափակում
    • Հղիության ընթացքում քաշի վերահսկում
    • Կրծքով կերակրում
    • Երեխայի մոտ առողջ սովորությունների ձևավորում
  2. Բժշկական միջոցառումներ
    • Սննդային ու կենսակերպի վերաբերյալ խորհրդատվություն
    • Ռիսկի գործոնների վերահսկում
    • Ավելցուկային քաշի և ճարպակալման վաղ ախտորոշում, հիվանդների  քաշի վերահսկում։
  3. Հասարակական միջոցառումներ
    • Առողջ սննդի հասանելիության խթանում
    • Սննդարդյունաբերության մասնակցություն՝ սննդամթերքներում շաքարի, ճարպերի և աղի նվազեցման, ինչպես նաև երեխաների համար անառողջ սննդի գովազդի սահմանափակման միջոցով։