Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Չկա առավել թանկ բան, քան մարդկային կյանքն է

Չկա առավել թանկ բան, քան մարդկային կյանքն է

ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Սրտաբանության ամբիոնի առաջին կուրսի ուսանող Տիգրան Գրիգորյանը ևս պատերազմական դժվարին օրերին հայրենիքի պաշտպանների կողքին էր: 

Պատերազմի ժամանակ ընկերների հետ օգնություն է ցուցաբերել վիրավորներին՝ փորձելով անել հնարավորինը: 

«Այն վիրավորներին, որոնց վիճակը թույլ էր տալիս տեղափոխել, մենք շտապ հասցնում էինք Երևան: Բայց կային նաև այնպիսիները, ում ստիպված էինք տեղում օգնություն ցույց տալ ու տեղափոխել Ստեփանակերտ, Մարտակերտ և Վարդենիս»,-նշում է Տիգրանը: 

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ բժիշկը պետք է պատրաստ լինի, որ վիրավորներին օգնելուց բացի ցանկացած պահի կարող է զենք վերցնել և զինվորականների հետ հավասար պայքարել. «Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ բժիշկը նույնպես զինվոր է, իսկ շուրջդ մարտական ​​ընկերներն են, ովքեր նույնպես կփրկեն և չեն թողնի քեզ փորձանքի մեջ»: 

Ապագա մասնագետը շեշտում է՝ չկա ավելի սարսափելի բան, քան երիտասարդ տղաների մահը, որոնց համար ամեն ինչ դեռ նոր էր սկսվում: «Պատերազմի գլխավոր դասն էր՝ մարդկային կյանքից ավելի թանկ բան չկա: Սովորեցրեց գնահատել կյանքը, խաղաղությունը և մեր հողը, որը նույնքան կենդանի է, ինչպես բոլորս…»,-ընդգծում է Տիգրանը: 

Անդրադառնալով բժիշկ դառնալու որոշմանը, ապագա սրտաբանը նշում է. «Բժիշկ դառնալու հատուկ որոշում չեմ կայացրել, քանի որ կարծում եմ, որ սա ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում: Կամ մարդուն բնորոշ է կարեկցանքի ուժեղ զգացումը և օգնելու ցանկությունը, կամ՝ ոչ: Միայն, երբ մեջդ այդպիսի ձգտում ես զգում, պետք է ընտրել բժշկի մասնագիտությունը, ավելի ճիշտ՝ բժշկի կոչումը: Հակառակ դեպքում, կստացվի, որ պարզապես արհեստավոր ես, ով գիտի բժշկություն: Իսկ բժիշկն արդյունքի հասնելու համար ներդաշնակորեն աշխատում է ոչ միայն մարմնի, այլև հոգու հետ: Հնարավոր չէ լինել իսկական բժիշկ առանց հոգու, մարդկանց հանդեպ սիրո»: 

Տիգրանի համոզմամբ՝ մարդկանց հանդեպ ունեցած սերն է թույլ տալիս ոչ միայն նրանց ավելի ջանասիրաբար օգնելու, այլև չհանձնվելու` մահ և կորուստներ տեսնելիս, դժվարին պահերին: Հոգու տոկունությունը և ամրությունը կենսական կարևորություն ունեն բժշկի համար:

ԵՊԲՀ սովորողը ազատ ժամերին սիրում է կարդալ, հայտնաբերել նորը մեզ շրջապատող աշխարհում և գիտության մեջ:

«Իմ երազանքն է շատ ճանապարհորդել, կցանկանայի օգնել մարդկանց այն երկրներում, որտեղ ճգնաժամ է, ծանր իրավիճակ, ուր այդքան պակասում է օգնության մեկնած ձեռքը»,-իր խոսքն ամփոփում է կլինիկական օրդինատորը: