Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դասախոսական զեկույցներով հագեցած էր «Առողջ ծերացում» խորագրով երկօրյա գիտաժողովը

Դասախոսական զեկույցներով հագեցած էր «Առողջ ծերացում» խորագրով երկօրյա գիտաժողովը

Բժշկական մայր բուհում շարունակվեց ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի և ախտաֆիզիոլոգիայի ամբիոնների կազմակերպած «Առողջ ծերացում» խորագրով ուսանողադասախոսական երկօրյա գիտաժողովը: Դասախոսական զեկույցներով հագեցած էր գիտաժողովի երկրորդ օրը, որի ընթացքում հնչեցին ծերացման խնդիրներին ուղղված կարևոր փաստարկներ:

Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանը ներկայացրեց «Գերիատրիա. ծերացումը՝ 21-րդ դարի հիմնախնդիր» թեմայով զեկույցը:«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը, որովհետև ոչ վաղ անցյալում ես էլ էի ուսանող: Կխոսենք, թե ինչ է գերիատրիան, ինչ խնդիրների է այսօր հանգեցնելու ծերությունը: Այս խնդիրը մեզ համար մարտահրավեր է, մեր մոլորակն ինտենսիվորեն ծերանումն է, դրա պատճառներից է ծնելիության նվազումը: Իրականում շատ լավ է, որ կյանքի միջին տևողությունը երկարում է, բայց մնացած հետևանքները խնդիր են առաջացնելու մեր մոլորակի տնտեսության համար, ի վերջո տարիքային տարբեր փուլերում և շրջաններում ունենում ենք որոշակի խնդիրներ»,-նշեց նա:Արթուր Թորոսյանն ընդգծեց, որ առողջ ծերացումն այսօր ԱՀԿ-ի ծերացման կոնցեպտներից է. «Առողջ ծերացման բանալի, կարևոր բառը ֆունկցիոնալ կարողությունն է, բարեկեցիկ կյանք վարել տարեց հասակում, ունենալ կյանքի բարձր որակ»:Ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Կարինե Մելքումյանը և Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը շարունակեցին ավելի հանգամանալից քննարկել՝ արդյոք ծերացումը ֆիզիոլոգիակա՞ն, թե՞ ախտաբանական գործընթաց է՝ բերելով մի շարք հակափաստարկներ:«Իմ ելույթի հիմնական իմաստն այն է ՝ եթե մենք հասկանանք, որ ծերությունը հիվադություն է ճիշտ այնպես, ինչպես քաղցկեղը, մենք կկարողանանք այն ավելի լավ կանխարգելել, վերահսկել, բուժել»,-ասաց Արտեմ Գրիգորյանը:

Ամբիոնի վարիչը պնդեց, որ ծերությունը պաթոլոգիա է, որը մեծացնում է մահվան ռիսկը. «Ես չեմ ասում, որ բնական չէ ծերանալը, իհարկե, բնական է, որ մարդիկ ծերանում են, բայց դա հիվանդություն է: Եկեք այս մեկնակետից նայենք այս հարցին: Մեր սովորածը, ուսումնասիրածը, մեր գիտությունը, պրակտիկան, փայլուն գերիատրները պետք է այս պրոցեսի արգելակները սեղմեն: Մեքենայի, որն արագությամբ գնում է, կարողանանք արգելակները սեղմել, որ հասցնենք նայել շուրջը, հիանալ շրջապատով: Ես ուզում եմ պնդել, որ ծերությունը պաթոլոգիա է: Սրանից հետո դուք կարող եք ասել, որ դա ֆիզիոլոգիա՞ է»: Ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Կարինե Մելքումյանը այլ փաստեր նշեց՝ ընդգծելով, որ ծերացումը ֆիզիոլոգիական բնական գործընթաց է. «Դա ապացուցվում է մի քանի գործոններով, օրինակ բոլոր կենդանիներինն է բնորոշ: Ամրագրված է այն գենետիկորեն: Ինչ է ասել գենետիկորեն ամրագրված լինել, ծերացման գործընթացը ոչ կապ ունի չափի, ոչ գույնի հետ, կաթնասուն կլինի, թռչուն, սողուն, կապ չունի: Բոլոր մարդկանց մոտ ընդանում է նույն օրինաչափությունը»:

Ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Կարինե Մելքումյանը հակառակվեց՝ նշելով. «Կան բազմաթիվ առողջ ծերեր, ովքեր մինչև կյանքի վերջին օրերը ակտիվորեն զբաղվել են իրենց գործով՝ Ազնավուրը, Եղիսաբեթ Երկրորդը, Կուստոն հիվանդ չէին: Նրանք ծերացան ոչ թե, որովհետև ախտահարվեցին, այլ որովհետև ծերությունը ամրագրված է գենոտիպորեն: Դա աօացուցվում է փաստով, որ բոլոր կենդանիներն են ծերանում և ունեն կյանքի տևողության միջին սահման: Օրինակ՝ գայլն ապրում է 15 տարի, նման թվացող աղվեսը՝ կիսով չափ պակաս, սկյուռը 10 տարուց ավել է ապրում, երբ նրան նման առնետը՝ եռակի պակաս: Ու կապ չունեն ախտահարումները, դրանց կուտակումները, միևնույնն է՝ կյանքի տևողությունը սահմանափակ է, և ծերացումն ու մահն անհրաժեշտ են սերնդափոխության համար, քանի որ նոր սերունդն առավել լավ կհարմարվի փոփոխված՝ նոր միջավայրին»:

ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանն իր զեկույցում ապացուցեց, որ մաշկի «երիտասարդացման» բոլոր գործընթացները միմիայն փոխում են մաշկի արտաքին տեսքը և կապ չունեն մաշկի երիտասարդացման հետ:

Գիտաժողովն ամփոփեց Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանը, ով նշեց, որ գիտաժողովը 2 կարևոր նորարամուծություն ուներ.

1. Կառուցված էր այնպես, որ երկրորդ օրվա զեկուցող դասախոսնե՛րն էին հենվում նախորդ օրը զեկուցած ուսանողների ներկայացրած փաստերի վրա, ինչը խիստ ոգևորիչ կարող է լինեն ուսանողների հետագա գիտական գործունեության համար:

2. Ֆիզիոլոգիա, թե՞ ախտաֆիզիոլոգիա հատուկ ծայրահեղացված բանավեճ կիրառվեց՝ մեզ՝ դահլիճում ներկաներիս հնարավորություն տալով, որ ինքնուրույն վերլուծենք և մե՛ր կարծիքը գտնենք այդ արհեստականորեն ծայրահեղացված 2 կարծիքների արանքում: Ուրախ եմ, որ վերջում Արտեմն ու Կարինեն հաշտության եզրեր գտան:

Ուսանողների զեկույցները ղեկավարելու հարցում մեր 2 ամբիոնների հետ ակտիվ համագործակցելու համար շնորհակալությունս եմ հայտնում Հյուսվածքաբանության, Կենսաքիմիայի և Հիգիենայի ամբիոններին, Գենետիկայի կենտրոնին, ինչպես նաև բոլոր զեկուցած դասախոսներին:

Հետաքրքիր բանավեճից հետո զեկույցով հանդես եկավ Ֆարմակոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Կարեն Դիլբարյանը` խոսելով ծերացումը դանդաղեցնող նյութերի մասին: Մասնագիտական շեշտադրումներ առաջ քաշեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբանության ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանը ներկայացնելով մանրամասներ, թե ինչպե՞ս ճանաչել դեմենցիան:

Գիտաժողովի ամփոփիչ մասը ևս հետաքրքրական էր և արդյունավետ: Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ, արյունաբան Լուսինե Հարությունյանը «Ցողունային բջիջները՝ երիտասարդացման աղբյուր» թեմայով զեկույց ներկայացրեց: 

Ծերության սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններին անդրադարձավ Բժշկական հոգեբանության ամբիոնիավագ դասախոս, դոցենտ Քրիստինե Ավետիսյանը: