Պատերազմի ժամանակ անմահացած երեք տասնյակից ավելի համալսարանակաների կեսը Հիպոկրատի և զինվորական երդում տված բժիշկներ էին: Նրանք անձնական օրինակով առաջնորդել են իրենց ենթականերին՝ ընտրելով ինքնազոհության ճանապարհը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի Համազորային պատրաստության ցիկլի դասախոս, պահեստազորի մայոր Սամվել Պարզյանը զորակոչվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին մարտական ծառայություն անցնելով Մարտակերտի պաշտպանական շրջանում և զորացրվել՝ նոյեմբերի 20-ին: «Յուրաքանչյուր կադրային սպա, անկախ իր կարգավիճակից, ոչ թե կամավորության սկզբունքով, այլ պատասխանատվությամբ և պարտավորվածության բարձր զգացումով առաջորդվելով պետք է շտապեր առաջնագիծ»,-ընդգծում է Սամվել Պարզյանը՝ ավելացնելով, որ դիրքում գտնվող յուրաքանչյուր զինվոր ունի աջակցության կարիք:
Ինչպես նշում է պահեստազորի մայորը, ռազմաճակատ մեկնելու համար այլընտրանք չկար, եթե պահը հասունացել է, ապա դա յուրաքանչյուրի պարտքն է:
Զինվորական գործունեության ընթացքում բժշկական համալսարանի հետ կապը եղել է տարբեր առիթներով: ՀՀ զինված ուժերում 20 տարի ծառայելուց հետո, Սամվել Պարզյանը զինվորականի իր առաքելությունը շարունակում է ԵՊԲՀ-ում. բժշկական համալսարանի և քոլեջի սովորողներին դասավանդում է «Համազորային պատրաստություն», «Ռազմական առաջնորդություն», որի շրջանակում կարևորվում է անհատի լիդերական հատկությունների վերհանումը, և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաները:
«Կուրսանտների հետ աշխատելն ավելի հեշտ է, քան ուսանողների, քանի որ կուրսանտները գիտակցաբար են ընտրում զինվորական մասնագիտությունն ու կրում զինվորական համազգեստ՝ իրենց վրա վերցնելով մեծ բեռ: Իսկ ուսանողին այդ դաշտ բերելը դրված է դասախոսի պատասխանատվության վրա»,- նշում է համազորային պատրաստության ցիկլի դասախոսը՝ շեշտելով այն փաստը, որ կուրսանտներն առանձին զորանոցում չեն բնակվում, դրական ազգեցություն ունի, քանի որ շփման շրջանակն ինքնահաստատման ժամանակահատվածում լուրջ ազդեցություն է թողնում մարդու հոգեբանության վրա: Այս տեսանկյունից բժշկական համալսարանի կուրսանտներն ունեն առավելություն:
«Զինվորական բժիշկը նույնպես հրամանատար է, ինչ-որ ճանապարհ անցնելով՝ նա հասնում է կառավարչական պաշտոնի և ունենում է ենթականեր, որոնց համար կրում է պատասխանատվություն: Միայն առաջնորդության հատկություններ ունենալու պարագայում է հնարավոր ղեկավարել և քո հետևից տանել մարդկանց: Պատերազմի դաշտում հրաման տալով հնարավոր չէ հասնել արդյունքի»,-ասում է պահեստազորի մայորը՝ հիշեցնելով, որ դաստիարակության համար գլխավոր մեթոդն անձնական օրինակն է: «Ղեկավարելը և որոշում ընդունելը բխում է անձնական հատկություններից: Եթե անձնական օրինակ ցույց չտանք, թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ պատերազմի դաշտում, ենթական չի առաջնորդվի հրամանատարի հրամանով: Պատերազմի ժամանակ դա շատ ակնհատ է, քանի որ քո ենթակայության տակ գտնվող անձին ուղարկում ես մահվան»,-ասում է սպան:
Լինելով ռազմական գործողությունների ակտիվ մասնակից՝ վերահաստատում է իր կարծիքը՝ մասնագիտական հարցերի հետ կապված ծրագրային փոփոխություններ կատարելը հրատապ է: «Հարցերին զինվորականի հայացքով նայելով, ուսումնասիրելով թերությունները՝ որպես ռազմաբժշկական ֆակուլտետի ուսումնամեթոդական հանձանժողովի քարտուղար, խորհրդակցել է ղեկավարության հետ: Ֆակուլտետի առաջնահերթություններից են ռազմադաշտային վիրաբուժության ծրագրերում փոփոխությունների իրականացումը: Ապագա բժիշկներին պետք է ավելի շատ հրաձգային զենքերի մասին տեղեկություն տալ, տարին մեկ անգամ հնարավորություն ընձեռել կրակային պատրաստության ժամանակ նռնակ օգտագործել, ինչպես նաև ավելի շատ մասնակցել գործական պարապմունքների: «Մինչ պատերազմը, այն ինչ ստանում էին ուսանողները բավարար էր, սակայն ստեղծված իրավիճակում այդպես չէ: Անհրաժեշտություն է առաջացել, պատերազմի ժամանակ արյան գնով ձեռք բերված փորձը ներդնել ուսումնական գործընթացում՝ կադրերի պատրաստման հարցում»,-ընդգծում է դասախոսը՝ հավելելով, որ ծրագրերը պետք է համահունչ լինեն մեր երկրի շահերին:
Ինչպես նշում է Սամվել Պարզյանը, ըստ կանոնադրության՝ հրամանատարի որոշումն ամեն ինչի հիմքն է: Բժիշկները նույնպես պետք է կարողանան սթրեսային իրավիճակում արագ որոշում կայացնել, ինչը հնարավոր է անձնական, անհատական հատկանիշների վեր հանման դեպքում: