Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դասընթաց` ուղղված առողջապահության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական չափանիշների ամրապնդմանը

Դասընթաց` ուղղված առողջապահության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական չափանիշների ամրապնդմանը

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ հիվանդանոցների բուժաձնակազմի համար անցկացվեց Առողջապահության ոլորտում մարդու իրավունքների միջազգային և ազգային հիմնական ստանդարտների վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա կրեդիտավորված դասընթաց:

Սեպտեմբերի 28-ից 29-ն անցկացվող միջոցառումն ուղղված էր Օվիեդոյի կոնվենցիայով և լրացուցիչ արձանագրություններով ամրագրված մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Ծրագրի ավագ պատասխանատու Մերի Կատվալյանի խոսքով՝ մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի և դրա հիմնական սկզբունքները քննարկելուն նվիրված հանդիպումը նպատակ ունի հասկանալ՝ ինչպես կարող են դրանք կիրառվել բժիշկների կլինիկական պրակտիկայում՝ բարելավելով պացիենտներին տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակը:

«2024 թվականի մայիսի 16-ին Հայաստանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և այժմ այն գտնվում է վավերացման գործընթացում»,-հիշեցրեց նա՝ հույս հայտնելով, որ մինչև տարվա վերջ հնարավոր կլինի վավերացնել կոնվենցիան՝ ավելի ակտիվ կիրառելով եվրոպական ստանդարտներն առողջապահության ոլորտում:

 ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական՝ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը խոսքն ուղղելով համալսարանական հիվանդանոցների բժշկական համայնքին՝ ասաց, որ քննարկվող թեմաները տեղ են գտնելու իրենց առօրյա աշխատանքում: «Դուք որպես բազային բժշկական կրթություն տրամադրող հիմնական կառույցի ներկայացուցիչներ այստեղ ստացած տեղեկատվությունը փոխանցելու եք թե՛ ձեր պացիենտներին, թե՛ ուսանողներին, որոնք որպես ապագա բժիշկ կմտնեն իրենց գործնական առօրյա՝ էթիկայի եվրոպական կանոններին համապատասխան»,- շեշտեց կենտրոնի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով Երևանում Եվրոպայի խորհրդին՝ ԵՊԲՀ աշխատակիցների հետ կոնվենցիայի հիմնական դրույթները ներկայացնելուպատրաստակամության համար և հագեցած օրակարգով գործնական աշխատանքին մաղթելով բարի ընթացք:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի միջազգային և ազգային ծրագրի փորձագետները դասընթացի առաջին օրը հիբրիդային հանդիպման ընթացքում անդրադարձան հասանելի և ընդունելի առողջապահական ծառայությունների իրավունքին, իրազեկված համաձայնությանը (եվրոպական և ազգային ստանդարտներին), թե որքանով են դրանք համապատասխանում և բարելավվելու կարիք ունեն:

Բոլոր զեկույցներում շեշտվում էր այն գաղափարը, որ առողջապահական համակարգը պետք է հասանելի լինի բոլորին: Դա վերաբերում է ֆիզիկական, տնտեսական, տեղեկատվական հասանելիությանը: Հասանելիության սկզբունքը վերաբերում է՝ բժշկական էթիկայից մինչև մշակութային տեսանկյունից պատշաճ հարաբերություններ և գենդերային խնդիրների նկատմամբ զգայունություններ:

Պահանջվում է, որ առողջապահական ծառայությունները լինեն մարդակենտրոն՝ համապատասխանելով բժշկական էթիկայի միջազգայի չափանիշներին:

Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի նախագահ, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ծրագրի փորձագետ Իզաբել Աբգարյանը ներկայացնելով իրազեկված համաձայնությունը և դրա կարգավորումները, ինչը վերաբերում է բուժաշխատողների և պացիենտների հաղորդակցությանը` նշեց, որ Օվիեդոյի կոնվենցիայով ամրագրված մոտեցումներն առկա են մեր օրնսդրության մեջ, ինչը բժշկական համայնքը պետք է կիրառի առօրյա պրակտիկայում:

Իզաբել Աբգարյանի փոխանցմամբ՝ պացիենտի տեղեկացված համաձայնության հասկացությունը գործընթաց է, որի արդյունքում բուժաշխատողը ստանում է միջամտություն իրականացնելու թույլտվություն, նախապես ներկայացնելով դրա նպատակը, բնույթը, հետևանքները և ռիսկերը: Այն պացիենտի առանցքային իրավունքներից մեկն է, որը երաշխավորում է ինքնավար, կամավոր, գիտակցված որոշուներ կայացնելու հնարավորությունը, ապահովում է գործընթացի արդյունավետությունը, կենտրոնական դեր է խաղում պացիենտ-բուժաշխատող առողջ հարաբերությունների ձևավորման և փոխվստահության ձեռքբերման գործում:

Նշենք, որ բժշկական գաղտնիքի պահպանումը բուժաշխատողների և այդ գատնիքը կրողների կողմից ամրապնդում է պացիենտների վստահությունն առողջապահական կազմակերպությունների նկատմամբ: Գաղտնիքի տերը պացիենտն է և դա կարող է տրամդրվել հարազատին՝ նրա համաձայնության դեպքում: Անդրադարձ կատարվեց այն բոլոր կարգավորումներին, որոնք վերաբերում են անձնական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը: Խիստ անհրաժեշտության դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է՝ ապանձնավորելով այն:

Առողջապահական իրավունքներն արտակարգ իրավիճակների ժամանակ հանդիպման 2-րդ օրը ներկայացրեց ծրագրի միջազգային փորձագետ Սուրեն Քրմոյանը: «Պացիենտը բժշկական օբյեկտից դարձել է սուբյեկտ: Պահպանելով բժշկական էթիկան և սահմանված օրենքները` դուք առաջին հերթին պաշտպանում եք ձեզ»,-խոսքն ուղղելով բժիշկներին՝ ասաց նա՝ հավելելով, որ արտակարգ իրավիճակների պայմաններում պետք է տրամադրվի ճիշտ տեղեկություն, ճիշտ անձի միջոցով: Մարդը պետք է ստանա այնքան տեղեկատվություն, որ կարողան որոշում կայացնել: «Ճիշտ կոմունիկացիայի դեպքում բուժման հավանակությունն ավելի բարձր է»,- ասաց ծրագրի միջազգային փորձագետը՝ շեշտելով, որ բուժանձնակազմն իմանալով իր և պացիենտի իրավունքները, անշեղորեն հետևելով դրանց՝ կարող է պաշտպանված լինել ցանկացած իրավիճակում:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի միջազգային փորձագետ Սամվել Գրիգորյանը ներկայացրեց Իրավունքահեն մոտեցումներն առողջապահության ոլորտում: Խմբային աշխատանքի մեջ ներգրավելով դասընթացի մասնակիցներին՝ փորձագետը վեր հանեց այն խնդիրները, որոնք այսօր արդի են առողջապահական ոլորտում և պրակտիկ բժիշկների մոտեցումները հաշվի առնելով՝ տվեց մի շարք հարցերի պատասխաններ:

Երկօրյա հանդիպումը եզրափակեց ծրագրի ազգային փորձագետ Հայարփի Սահակյանը՝ խոսելով պացիենտակենտրոն հաղորդակցության էթիկական ասպեկտների վերաբերյալ:

Նա նշեց, որ հարգանքը պացիենտի նկատմամբ, համատեղ որոշումերի կայացումը, իրազեկված համաձայնությունը պրոֆեսիոնալ բժշկի կարևոր բաղադրիչն են, և եթե չլինի հաղորդակցության ճիշտ կազմակերպում, բուժման պրոցեսը կարող է տապալվել:

Միջոցառման արդյունքում համալսարանական երեք հիվանդանոցների բուժաշխատողները կատարելագործեցին իրենց հմտությունները, ինչը կնպաստի հետագայում կիրառել Օվիեդոյի կոնվենցիայում ամրագրված ստանդարտները որպես իրենց մասնագիտության գործունեության մաս, այդ թվում` կուտակել շարունական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 10 կրեդիտ: