Դեղագետի մասնագիտությունը` առողջ հասարակության անփոխարինելի հենասյուն

Դեղագետի մասնագիտությունը` առողջ հասարակության անփոխարինելի հենասյուն

Սեպտեմբերի 25-ին աշխարհում նշվում է Ֆարմացևտի (դեղագետների և դեղագործների) համաշխարհային օրը:

Այս տոնը պաշտոնապես սահմանվել է 2009 թվականին՝ Միջազգային ֆարմացևտների ֆեդերացիայի (International Pharmaceutical Federation, FIP) կողմից՝ միջազգային կառույցի, որը միավորում է դեղագետներին, դեղարծներին և ոլորտում աշխատող կրթության մասնագետներին։

Տոնի ամսաթվի ընտրությունը պատահական չէ․ հենց այս օրը 1912 թվականին հիմնադրվել է FIP-ը։  Ավելի քան մեկ դարի ընթացքում կազմակերպությունը դարձել է ԱՀԿ-ի վստահելի գործընկեր և դեղագետների դերի խթանման առաջնորդ ողջ աշխարհում:

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` այս տարվա արշավի թեման խորհրդանշական է․ «Մտածիր առողջության մասին՝ մտածիր ֆարմացևտի մասին», որն ընդգծում է դեղագետների առանցքային դերը առողջ հասարակությունների ձևավորման գործում։

«Ֆարմացևտ» տերմինը ունի հինհռոմեական ծագում․ մ.թ.ա. III դարում այդպես էին անվանում այն անձանց, ովքեր զբաղվում էին դեղերի պատրաստմամբ և բուժական գործունեությամբ։

Այսօր դեղագիտությունը գիտություն է, որը ուսումնասիրում է դեղամիջոցների ամբողջ կենսական ցիկլը՝ սկսած դրանց մշակումից և արտադրությունից մինչև որակի վերահսկումը, պահպանումը ու կիրառությունը։ Այն համադրում է քիմիայի, կենսաբանության և բժշկության նվաճումները՝ ապահովելով դեղերի արդյունավետությունը, անվտանգությունը և հասանելիությունը։

Դեղագիտության զարգացմանը զուգահեռ ստեղծվեցին դեղատները։ «Դեղատուն» բառը ծագում է հունարեն apotheke բառից, որը նշանակում է «պահեստ»։ Դեղատների վերաբերյալ առաջին հիշատակումները հանդիպում են դեռևս մ.թ.ա. IV դարում՝ Հիպոկրատեսի աշխատություններում, երբ դեղամիջոցները պահվում և տրամադրվում էին հատուկ սենյակներում։ Եվրոպայում առաջին դեղատները բացվել են XII դարում վանքերի տարածքներում, որտեղ վանականները պատրաստում էին դեղորայք և անվճար տրամադրում հիվանդներին։ XIII դարից սկսեցին գործել քաղաքային դեղատներ, իսկ XVII դարում բժշկական և դեղագործական գործունեությունը վերջնականապես բաժանվեցին․ բժիշկները դադարեցին ինքնուրույն դեղեր պատրաստել իրենց հիվանդների համար։

Այսօր դեղագործական ոլորտը չի սահմանափակվում միայն դեղատների ցանցով․ այն ներառում է նաև՝

  • հետազոտական կենտրոններ և արտադրական ձեռնարկություններ,
  • նախակլինիկական և կլինիկական փորձարկումների լաբորատորիաներ,
  • դեղորայքի պահեստարաններ և բաշխման կենտրոններ,
  • որակի վերահսկման ծառայություններ։ Ըստ FIP-ի վերջին տվյալների (2023թ.), աշխարհում գրանցված է մոտ57 միլիոն ֆարմացևտ, որոնցից շուրջ 65%-ը կանայք են, իսկ 30.8%-ը՝ մինչև 35 տարեկան մասնագետներ։

Հայաստանում առաջին դեղատունը հիմնադրվել է 1830 թվականին՝ Արևելյան Հայաստանի Ռուսական կայսրությանը միանալուց հետո։ Երևանում բացվեց ռազմական դեղատուն, որը սկզբում սպասարկում էր բանակի կարիքները, իսկ հետագայում հասանելի դարձավ նաև քաղաքացիական բնակչությանը։

Մեր երկրում դեղագետների պատրաստման գործում կարևոր դեր ունեցավ 1972 թվականին Երևանի բժշկական ինստիտուտում դեղագիտական ֆակուլտետի բացումը։ Մինչ այդ ապագա մասնագետները ստիպված էին ուսանել Մոսկվայում կամ Պյատիգորսկում։ Այդ տարիներին ռեկտոր Էմիլ Գաբրիելյանի նախաձեռնությամբ ֆակուլտետը սկսեց պատրաստել մասնագետներ, և արդեն 1977 թվականին ունեցավ առաջին շրջանավարտները։ Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանը շարունակում է ապահովել Հայաստանի դեղագործական ոլորտը որակյալ կադրերով։

2023 թվականին Հայաստանում պատրաստվել է 134 պրովիզոր, որոնցից 42-ը ԵՊԲՀ շրջանավարտներ էին, իսկ միջին մասնագիտական կրթությամբ դեղագործների թիվը կազմել է 551։ Նույն թվականին հիվանդանոցային և ԱԱՊ հաստատություններում աշխատել է 53 դեղագործության կազմակերպիչ և կառավարիչ, ինչպես նաև 114 դեղագործ։ Հանրապետությունում գործում է մոտ 2620 լիցենզավորված դեղատուն։

Ժամանակակից առողջապահության հիմնական մարտահրավերները՝ բժշկական օգնության սահմանափակ հասանելիությունը, մանրէադիմադրողականությունը, կլիմայական փոփոխությունները և տնտեսական անորոշությունը, դեղագետի մասնագիտությունը դարձնում են առավել պահանջված։ Նրանք յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգի անբաժանելի մասն են և հաճախ առաջին օղակն են պացիենտի առողջապահական ուղեգծում։

 Նրանց գործունեությունը ընդգրկում է․

  • դեղերիև բժշկական ապրանքների հասանելիության ապահովում, ինչպես նաև խորհրդատվություն դրանց վերաբերյալ,
  • հիվանդների խնամքի և հանրային առողջապահության հարցերում փորձագիտական աջակցություն,
  • հիվանդությունների կանխարգելման խթանում՝ ներառյալ պատվաստումները, սքրինինգային ծրագրերը,
  • հանրային առողջության քարոզչական նախաձեռնությունների աջակցություն,
  • բնակչության բժշկական գրագիտության բարձրացում, հատկապես սոցիալապես խոցելի համայնքներում,
  • մասնակցություն գիտահետազոտական աշխատանքներին և նոր դեղամիջոցների մշակմանը,
  • դեղերի անվտանգության վերահսկում և ռացիոնալ օգտագործման ապահովում։

Շնորհավորում ենք ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի  առթիվ և մաղթում մասնագիտական հաջողություններ։