Կարճ ժամանակ առաջ կյանքից հեռացած կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլյա Վահրիճի Ռևազովան խորը հետք թողեց կրտսեր գործընկերների, սաների և իրեն ճանաչողների հիշողություններում։
Լիլյա Ռևազովան 1974 թվականից ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետում՝ մասնագիտական ամբիոնների շրջանակում, մասնավորապես դեղագիտական քիմիայի և կլինիկական ֆարմակոլոգիայի, ինչպես նաև ֆարմակոգնոզիայի և բուսաբանության ամբիոններում, հիմնել, ղեկավարել և կազմակերպել է ֆարմակոգնոզիայի դասընթացը։
«Նա վաստակաշատ գիտնական, ֆարմակոգնոստ և մեծ ուսուցիչ էր։ Անգնահատելի է նրա դերը և ավանդը բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում ֆարմակոգնոզիայի դասընթացի հիմնադրման գործում»,– ընդգծում է Ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ Նաիրա Չիչոյանը։
Դոցենտ Ռևազովան 1970–2000-ականներին կրթել է դեղագետների մի մեծ սերունդ։ Իր ամբողջ գիտական գործունեության ընթացքում զբաղվել է Հայաստանի բուսականության ֆարմակոգնոստիկ ուսումնասիրությամբ։
Մասնավորապես՝ նա իրականացրել է Հայաստանում վայրի աճող բարդածաղկավորների, վարդազգիների որոշ տեղածին տեսակների, ինչպես նաև անտոցիաններ պարունակող բուսահումքերի ֆիտոքիմիական ուսումնասիրություններ։
Դոցենտի հետազոտությունների առանցքային մասը կազմել են Հայաստանում աճող տարկավանի տեսակները (Tanacetum parthenifolium, Tanacetum argyrophyllum), որոնց նվիրված էր և՛ թեկնածուական ատենախոսությունը, և՛ հետագա աշխատանքները։
Ռևազովան սերունդներին թողել է արժեքավոր ժառանգություն՝ բազմաթիվ գիտական աշխատություններ և մենագրություններ։
Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են ֆարմակոգնոզիայի առաջին հայերեն ուսումնական ձեռնարկը (Ռևազովա Լ. Վ., Չիչոյան, 2000 թ.), օտարերկրացի ուսանողների համար ռուսերեն լեզվով ուսումնական ձեռնարկը (Ревазова Л. В., 1998 г.), ինչպես նաև դեղատու տեսակների եռալեզու բառարանը (Ռևազովա Լ. Վ., Մուսայելյան Մ. Ս., 1997 թ.)։
Նրա ղեկավարությամբ 1980–2000-ականներին դեղագիտական ֆակուլտետում պաշտպանվել են բազմաթիվ ավարտական դիպլոմային աշխատանքներ և Հայաստանի Հանրապետության ֆլորայի բուսական արգասիքների ֆարմակոգնոստիկ վերլուծությանը նվիրված թեկնածուական ատենախոսությունն։
Լինելով Հայաստանում ֆարմակոգնոզիայի հիմնասյուներից մեկը՝ Լիլյա Ռևազովան մշտապես կենդանի կմնա իր գիտական ժառանգությամբ։
«Վերջում ուզում եմ հավելել, որ Ռևազովան սիրահարված էր իր մասնագիտությանը։ Նա կարծես խոսում էր բույսերի հետ։ Ամառային դաշտային պրակտիկայի ընթացքում բույսերը հավաքում էր այնքան խնամքով ու նրբորեն՝ առանց վնասելու անգամ մի ծաղկաթերթիկ, և անտառում կամ դաշտի բաց տարածքում համբերատար բացատրում էր ուսանողներին»,– պատմում է պրոֆեսոր Չիչոյանը։
«Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը նվիրվում է Լիլյա Ռևազովայի լուսավոր հիշատակին։