Դեղագիտական ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողները ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնում նույնանուն առարկան տևական ժամանակ է ուսուցանում են հենց դասասենյակում` դեղատան ձևաչափով պատրաստված ֆունկցիոնալ տաղավարում։
Երեք շաբաթ տևողությամբ ցիկլի տասնօրյակում ապագա դեղագետները թրծում են իմացությունը` համադրելով այն գործնական հմտությունների ձեռքբերման հետ։
«Դեղագործության կառավարումը դեղագործական ողջ գործունեության կազմակերպումն է արտացոլում․ սկսած դեղատնային օղակից՝ վերջացրած մեծածախ կազմակերպություններով և արտադրողներով։ Անհնար էր ապահովել պրակտիկ հմտություններ առանց մուլյաժային դեղատան, որը փորձեցինք ստանալ մեր և կոլեգաների ջանքերով», – պատմում է ամբիոնի վարիչ, դոցենտ Մարթա Սիմոնյանը։
Դասապրոցեսի համար նախատեսված դեղատունը ձևավորված է իրական դեղատան օրինակով, որտեղ ներկայացված ապրանքների տեսակները (ցուցադրված են միայն տուփերը) համապատասխանում են ամենօրյա դեղատան գործունեությանը։
«Ուսանողներն այստեղ սովորում են ինչպես բաց թողնել դեղերը, իրականացնել կոմունիկացիոն հմտություններ պացիենտների և նրանց հարազատների հետ, ինչպես փոխարինել այս կամ այն առանց դեղատոմս դեղը նույն ազդող նյութն ունեցող դեղով, որովհետև տեսականին բավականին լայն է, և հնարավոր է կատարել ընտրություն», – ընդգծում է նա՝ շեշտելով, որ դեղատունն օգնում է նաև մերչանդայզինգի՝ ապրանքի վաճառքի մարքեթինգի տեսակետից, համապատասխան ուսումնական նյութի շրջանակում, որի միջոցով ապագա մասնագետները պետք է մարքեթինգային ճիշտ սկզբունքների հիման վրա դեղատուն ձևավորելու առաջադրանք իրականացնեն։
Նախքան այս էլ, պրակտիկաների միջոցով հնարավոր էր լրացնել գործնական գիտելիքը, բայց այլ բան է դեղատնային ցանցում և լիովին այլ, երբ գործիքներին տիրապետելու հարթակը ձևավորված է բժշկական բուհում՝ ուսումնառության մեջ․ «Շատ հետաքրքիր է լսել ուսանողների նոր գաղափարներն ու առաջարկները հենց այս դեղատան շրջանակում փոփոխություններ կատարելու համար և առանց կաշկանդվելու միանգամից իրականացնել այդ փոփոխությունները, ինչը պրակտիկայի ընթացքում գործնականում անհնար է», – ավելացնում է համալսարանականը։
Դասին ներկա Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Անի Աղաջանյանը փաստում է, որ առարկան ուսանելիս երրորդ կուրսում ապագա դեղագետների գերակշիռ մասը, որպես կանոն, դեռ չի աշխատում և ծանոթ չէ դեղատանային աշխատանքի նրբություններին։
«Հետագայում արդեն համոզվեցինք, որ այն, ինչ ուսանել ենք, պետքական է և ուսուցողական», – ասում է նա։
Հաշվի առնելով, որ բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետը միջազգային ծրագրային հավատարմագրման գործըթնաց է անցնում, այս ամբիոնը՝ որպես դեղագործական բնագավառի հիմնական ամբիոններից մեկը, ևս անմասն չէ զարգացմանն ուղղված ծրագրերից։
«Ինչպես գիտեք, մեր հանրապետությունում դեղերի մեծ մասը ներմուծված է, այլ ոչ թե արտադրված Հայաստանում։ Այս պարագայում մեր առարկայի նշանակությունն առանձնակի է կարևորվում, որովհետև ոլորտում նեղ մասնագիտական աշխատատեղերի լայն հնարավորություն կա, որն ուսանողների կողմից հաճախ օգտագործվում է», – ասում է դոցենտ Սիմոնյանը՝ հավելելով, որ դեղագիտական մյուս ստորաբաժանումներին զուգահեռ ամբիոնում ամբողջությամբ վերափոխում են կրթական ծրագրերը՝ դրանք ձգտելով դարձնել աշխարհի լավագույն բուհերին համահունչ։
Վերջին երկու տարվա ընթացքում նրա ղեկավարած թիմը սերտորեն համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, դասախոսների և ուսանողների մասնակցությամբ իրականացվում են համատեղ ծրագրեր՝ հետազոտական նախաձեռնությունների, համաժողովների տեսքով, որի արդյունքում առողջապահական միջազգային այս կառույցի հետ արդեն մշակվել է մի քանի դասախոսություն։ Սա ամբիոնի վարիչը մատնանշում է որպես ձեռքբերում և հաջողություն։
Նա վստահ է, որ չկա առողջապահություն առանց դեղագործության․ «Որքան էլ հմուտ և պրոֆեսիոնալ լինեն բժիշկները, նրանք բուժման համար անպայման նշանակում կամ կիրառում են դեղեր, որոնք առանց դեղագետների հնարավոր չէ ստանալ»։
Երիտասարդ, փորձառու դասախոսն առողջապահական համակարգում դեղագետի դերի բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքի անհրաժեշտություն է տեսնում, քանի որ աշխարհում դեղագետներն ու դեղագործները մարդու առողջության պահպանման մեծ փազլի անքակտելի մասն են։
Նրա մեծագույն ցանկությունն է, որ ապագայում մեր երկրում դեղագիտական բարձրագույն կրթություն ստացողները լինեն ոչ թե տասնյակներ, այլ հարյուրներ, քանի որ այս ոլորտում զբաղվածություն գտնելու, առողջապահական համակարգին ու հանրությանն օգուտ բերելու հեռանկարային ուղղությունները շատ են։
Ամփոփելով՝ Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչը մեր խնդրանքով մատնանշում է դեղատեսակների այն հիմնական առաջին հնգյակը, որը պահանջված է ինչպես ուսումնական դեղատանը, այնպես էլ առօրյա կյանքում, և մշտապես տեղ է գտնում քաղաքացիների տնային դեղատուփում․