Կրոնի հիվանդության և կոլիտի մասին իրազեկման շաբաթն ամեն տարի անցկացվում է դեկտեմբերի 1-ից 7-ը: Այն կոչված է լույս սփռելու այն խնդիրների վրա, որոնց բախվում են այդ հիվանդություններով ապրող մարդիկ:
Պացիենտներին ներկայացնելով բուժման տարբերակները, հիվանդությունների վիճակագրությունը, կենսակերպի բարելավված կառավարումը, ներառյալ դիետան և ճիշտ սննդակարգը և բարձրացնելով բուժման համար արհեստական ինտելեկտի նոր առաջընթացի մասին իրազեկության մակարդակը` առողջապահական ծառայություններ մատուցողները կարող են նպաստել այս հիվանդություններով ապրող մարդկանց ավելի առողջ և լիարժեք կյանք վարելուն:
Կրոնի հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հակված է սկսվել կյանքի երկրորդ և երրորդ տասնամյակում։ Հիվանդությունը հավասարապես է ախտահարում տղամարդկանց և կանանց։ Հիվանդությունը անվանվել է գաստրոէնտերոլոգ Բյուրիլ Բերնարդ Կրոնի պատվին, ով 1932 թվականին Նյու-Յորքի Մաունթ Սայնա հոսպիտալում իր կոլեգաների հետ համատեղ նկարագրել է բարակ աղու և զստաղու վերջնահատվածի բորբոքմամբ մի շարք հիվանդների:
Կրոնի հիվանդությունը, լինելով քրոնիկ բորբոքային հիվանդություն, առաջացնում է բազմաթիվ համակարգային ախտանիշներ։ Երեխաների շրջանում տարածված է աճի կանգը։ Բազմաթիվ երեխաների մոտ առաջին անգամ ախտորոշվում է Կրոնի հիվանդությունը` հիմնվելով աճի կանգի վրա։ Քանի որ այս հիվանդությունը հաճախ արտահայտվում է սեռական հասունացման ընթացքում հետևաբար երեխաների ավելի քանի 30%-ի մոտ կարող է դիտվել աճի հապաղում։ Տենդը ևս կարող է լինել համակարգային ախտանիշ, չնայած 38.5 °C-ից բարձր ջերմաստիճան հազվադեպ է հանդիպում, բացառությամբ թարախակույտի առկայության դեպքում։ Ավելի մեծ տարիքային խմբում, Կրոնի հիվանդությունն արտահայտվում է քաշի անկումով, որը սովորաբար պայմանավորված է սննդից հրաժարվելով, ախորժակի բացակայությամբ, քանի որ աղիքային ախտանիշների առկայության դեպքում սննդի ընդունման հետ կապված հիվանդների ինքնազգացողությունը վատթարանում է։
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում Կրոնի հիվանդությունն ախտահարում է մոտ 3.2 հոգու 1000 մարդու հաշվարկով։ Ասիայում և Աֆրիկայում այն ավելի քիչ է տարածված։ Պատմականորեն այս հիվադությունն ավելի տարածված է եղել զարգացած երկրներում, սակայն հիվանդության տեմպերն աճում են հատկապես զարգացող երկրներում սկսած 1970-ականներից:
2019թ.-ին ամբողջ աշխարհում գրանցվել է աղիքային բորբոքային հիվանդությունների շուրջ 4.9 միլիոն դեպք, իսկ դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Չինաստանում և ԱՄՆ-ում` համապատասխանաբար 911.405 և 762.890 կամ 66.9 և 245.3 դեպք` 100.000 մարդու հաշվով:
Դեռևս չկան դեղորայքային կամ վիրահատական միջոցներ, որոնք կարող են բուժել Կրոնի հիվանդությունը։ Բուժական միջոցառումներն ուղղված են ախտանիշների բարելավմանը, ախտադադարի պահպանմանն ու սրացման կանխարգելմանը:
Չնայած Կրոնի հիվանդությունը և կոլիտը քրոնիկ հիվանդություններ են, դրանց ախտանիշները կարող են կառավարվել դեղորայքային բուժման և խորհուրդների միջոցով: Խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը աղիների առավել բարդ, և երկարատև ընթացքով հիվանդություններ են, որոնց դեպքում տեղի է ունենում մարսողական խողովակի բորբոքում և խոցոտում: Հիվանդության զարգացման ենթադրյալ պատճառներն են՝ աղիների էպիթելիալ պատնեշի, իմուն համակարգի և աղիների միկրոբիոտայի միջև հավասարակշռության խանգարումը, ինչպես նաև, կարող է պայմանավորվաած լինել գենետիկ նախատրամադրվածությամբ և էկոլոգիական ազդակների միջև առկա փոխազդեցությամբ:
Խոցային կոլիտը դրսևորվում է աղիքային և արտաաղիքային ախտանիշներով: Աղիքային դրսևորումներից են՝ կծկանքները որովայնի շրջանում, որոնք սովորաբար ուժեղանում են կղազատումից առաջ և որոշակիորեն թեթևանում կղազատումից հետո: Լուծը, հաճախ արյան առկայությամբ: Օրվա ընթացքում կղազատման հաճախականությունը, որը կարող է տատանվել 4-10 և ավելի անգամ, բնորոշ է նաև՝ թարախալորձային արտազատուկի առկայությունը կղանքում: Քրոնիկ լուծը նաև Կրոնի հիվանդության ամենահաճախ հանդիպող սիմպտոմներից է: Այն կարող է լինել ռեկտալ արյունահոսությամբ և առանց դրա: Արյունային լուծը ավելի քիչ է հանդիպում Կրոնի հիվանդության, քան խոցային կոլիտի ժամանակ: Լուծը սովորաբար ուղեկցվում է սպաստիկ ցավերի առաջացումով, հարկ է նշել, որ ուժեղ ցավն առավել բնորոշ է Կրոնի հիվանդությանը, քան խոցային կոլիտին:
Խոցային կոլիտի և Կրոն հիվանդոթյան ախտորոշման հիմանկան մեթոդ է համարվում՝ էնդոսկոպիկ հետազոտությունը (կոլոնոսկապիա և գաստրոսկոպիա), հյուսվածքաբանական մեթոդը, կղանաքային զանգվածում աղու բորբոքային մարկերների որոշումը (կալպրոտեկտին, լակտոֆերին): Կիրառվում են նաև ռադիոլագիական հետազոտման մեթոդներ՝ ռենտգեն, կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԿՏ) և մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիա(ՄՌՏ):
Խոցային կոլիտի և Կրոնի հիվանդոթյան բուժման նպատակով հիվանդներին ցուցաբերվում է համակարգային մոտեցում՝ նշանակվում է անհրաժեշտ դեղորայքային թերապիա և սննդակարգ:
Դեկտեմբերը համարվում է նաև մեկ այլ աղիքային հիվանդության` փորկապության իրազեկման ամիս: Համաշխարհային առողջապահական միջոցառումը, որն անցկացվում է ամեն տարի` ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակով` միավորում է տեղեկատվական արշավները և միջոցառումներ իրականացնում՝ նպատակ ունենալով մարդկանց տեղեկացնել հիվանդության, դրա բարդությունների և փորկապության կանխարգելման միջոցառումների մասին:
Փորկապությունը ստամոքս-աղիքային համակարգի ընդհանուր խանգարում է, որը ազդում է բոլոր տարիքի մարդկանց վրա, ընդ որում տարածվածությունը կազմում է ընդհանուր բնակչության մոտ 20%-ը, իսկ մինչև 18 տարեկան երեխաների մոտ 29.6%-ը: Փորկապությունն ավելի տարածված է տարեցների, քան երիտասարդների մոտ: Տարեց կանայք ավելի հաճախ են ունենում ծանր փորկապություն (երկու-երեք անգամ), քան տղամարդիկ:
Կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են փորկապությանը, օրինակ`
Մանկահասակ պացիենտների մեծամասնության համար դեղորայքային բուժումն արդյունավետ է, բայց մեծահասակների մոտ փորկապությունն ունի անբարենպաստ կանխատեսում և լրջորեն ազդում է կյանքի որակի վրա:
Ռիսկի գործոններից են.
Երկարատև փորկապությունը կարող է հանգեցնել բարդությունների, ինչպիսիք են`
ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի ավագ դասախոս, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մանիկ Գեմիլյանի և նույն ամբիոնի կլինիկական օրդինատոր Ամալյա Մխիթարյանի այս թեմայով զրույցը կարող եք լսել «Բժշկություն 5 րոպեում» նախագծի շրջանակում: