Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դոցենտ Գաբրիել Դերոյանը կդառնար 100 տարեկան

Դոցենտ Գաբրիել Դերոյանը կդառնար 100 տարեկան

Արխիվային նյութերի,  լուսանկարների ու ջերմ հիշողությունների միջոցով է ամբողջանում դոցենտ Գաբրիել Վարազդատի Դերոյանի (1924-1998) անցած ուղին, վառ կերպարը երիտասարդ սերնդի համար:

Սանիտարահիգիենիկ ֆակուլտետի ստեղծման ակունքներում կանգնած մասնագետին բժշկական մայր բուհում  կրտսեր կոլեգաներն ու նախկին ուսանողները չեն մոռացել, մեկդարյա հոբելյանն էլ առիթ է «Բժշկի ուղին» ակնարկաշարի շրջանակում պատմել  արժանի շրջանավարտի ու երկար տարիների աշխատակցի մասին, որն իր շատ սերնդակիցների պես խորհրդանշում էր 20-րդ դարում ապրող և արարող կիրթ և պարկեշտ մարդու, դասախոսի օրինակ:

Գաբրիել Վարազդատի Դերոյանը ծնվել է 1924 թվականին նոյեմբերի 10-ին, Գյումրիում: 1942 թվականից մինչև 1947 թվականը սովորել է բժշկական ինստիտուտի Սանիտարահիգիենիկ ֆակուլտետում`ավարտելով և ստանալով բժիշկ-հիգիենիստի որակավորում:

1947-1954թթ. աշխատել է Սիսիանի շրջանային Սանէպիդկայանում որպես գլխավոր բժիշկ: Նրա կենսագրության առացքային էջերը գրվել են արդեն համալսարանական հարկի ներքո: 1954-1957թթ. Կոմունալ հիգիենայի ամբիոնում ասիստենտի աշխատանքից է սկսել իր ուղին Գաբրիել Դերոյանը` մինչև կյանքի վերջ անմնացորդ նվիրումով ու բարեխղճորեն նպաստելով հարազատ ինստիտուտի առաջընթացին, կրթելով սերունդներ: 1956-ից մինչև 1963 թվականը համատեղության կարգով աշխատել է որպես Սանիտարահիգիենիկ և Մանկաբուժական ֆակուլտետների դեկանի տեղակալ: 1959 թվականին պաշտպանել է  թեկնածուական թեզը, որը նվիրված է Ալավերդու մթնոլորային օդի աղտոտվածությանը, սանիտարահիգիենիկ բնութագրին: 1963-ից 1965 թվականը եղել է Կոմունալ հիգիենայի ամբիոնի դոցենտ, հաջորդիվ 1965-1975թթ. նույն ամբիոնի վարիչ:

Գիտամանկավարժական ուղղություններից զատ հոբելյարը նաև հասարակական կյանքում է ակտիվություն դրսևորել: 1963-ից 1966 թվականը եղել է  Սպանդարյան շրջանի դեպուտատ: Տիրապետել է ռուսերենի, գերմաներենի, անգլերենի:  Շուրջ 100 գիտական աշխատանքի, հոդվածների հեղինակ է:

«Մթնոլորտային օդի աղտոտումը ավտոմոբիլային տրանսպորտից»  հոդվածում դոցենտ Դերոյանն անդրադառնում է  բնակավայրերի մթնոլորտային օդը կեղտոտող բազմաթիվ պատճառների, որոնց թվում է ավտոմոբիլային տրանսպորտը: Վերլուծական այս հրապարակումն իր արդիականությունը չի կորցրել նաև մեր օրերոմ:

Տարիներ անց, Կոմունալ հիգիենայի ամբիոնը վերակազմավորվում  է` դառնալով Պրոֆիլային հիգիենաների ամբիոն, որտեղ դասավանդում էին Սանիտարահիգիենիկ և Մանկաբուժական ֆակուլտետների ուսանողներին:  Պրոֆիլային հիգիենաների ամբիոնն ուներ Աշխատանքի հիգիենայի, Կոմունալ հիգիենայի, Սննդի հիգիենայի, Երեխաների և դեռահասների հիգիենայի բաժիններ:

ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ Լարիսա Ավետիսյանը Գաբրիել Դերոյանին բնորոշում է որպես շատ ընթերցասեր,  լավ  մարդու և սիրված դասախոսի:

«1993 թվականից աշխատել եմ բժշկական ինստիտուտում, որպես Աշխատանքի հիգիենայի ամբիոնի ասիստենտ, ապա դոցենտ և ինձ բախտ է վիճակվել  աշխատել պարոն Դերոյանի հետ: Այդ տարիների ընթացքում բոլորս զգացինք, թե նա ինչպիսի փայլուն անձնավորություն էր, շատ բարի, հոգատար: Բացառիկ հիշողություն ուներ: Հիշում էր իր բոլոր ուսանողներին»,- պատմում է Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սոֆյա Մկրտչյանը:

Կրտսեր կոլեգան ժպիտով է հիշում, թե ինչպես էր դոցենտ Դերոյանը վարում «Մայր մատյան», որը շուրջ  20 տարվա պատմություն ուներ` գրանցելով ոչ միայն ուսանողների խմբերը, առաջադիմությունը, այլև նրանց հետագա աշխատանքային գործունեությունը, ընտանեկան կարգավիճակը:

«Մեզ համար նա ուսուցիչ էր իր պահվածքով, ապագա բժիշկների հանդեպ մոտեցումով: Պարտաճանաչ էր, աշխատասեր: Բոլորին, կարծես, իր թևի տակ էր վերցնում»,- ասում է դոցենտ Մկրտչյանը` հավելելով, որ հաճախ է առիթ ունեցել ավագ կոլեգայի հետ մասնակցելու սանիտարահիգիենիկ հետազոտությունների և փորձաքննությունների, ինչը գործնական հմտություններ ձեռք բերելու մեծ հնարավորություն էր սկսնակի համար: Նախկինում ընդունված էր շենքներ, շինություններ կառուցելիս փորձագիտական եզրակացություն համար ընդգրկել հիգիենիստների, այլ նեղ մասնագետների:

Հոբելյարի անձնական արխիվում, բազմաթիվ փաստաթղթերի կողքին առանձնանում է Հայկական աշխարհագրական ընկերության նախագահության 1987 թվականի պատվոգիրը` աշխարհագրական գիտությանը և հայկական աշխարհագրական ընկերությանը մատուցած նշանակալի ծառայությունների համար, երկար տարիների փորձով դասախոսի բազմակողմանի զարգացվածության, գործընկերային լայն կապերի  վառ վկայություններից է:

Ամբիոնական տարբեր հավաքույթներին, միջոցառումներին նա սպասված մասնակից էր, ավագ ընկեր և բարեկամ, ում խորհուրդն ու խոսքն ուներ արժեք և կշիռ:

Դոցենտ Դերոյանի զավակները ևս բժշկի ուղին են ընտրել: Արթուր Դերոյանը` Ստոմատոլոգիական, իսկ դուստրը` Աննան,  Ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ են:

Բժշկական բուհում ավագներին, նվիրյալներին մեծարելու ու գնահատելու ավանդույթը նպատակ ունի ամրացնել  սերունդների միջև կապը` պահպանելով ու փոխանցելով կարևոր արժեքներ, մեր երկրի բժշկագիտության 104-ամյա պատմության լավագույն էջերը: