Անվանի դասախոս, Ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Բեկյանին նրա ուսանողներն ու գործընկերները հիշում են բարի ժպիտով:
Այսօր՝ օգոստոսի 16-ին, նրա ծննդյան տարեդարձն է, առաջին անգամ առանց նրա ֆիզիկական ներկայության: «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը նվիրվում է Ռուբեն Բեկյանի լուսավոր հիշատակին:
Բժշկական կրթություն ստացած բազում սերունդներ կփաստեն, որ նա բժշկական համալսարանի լավագույն դասախոսներից էր՝ հայտնի գիտելիքի մատուցման որակով, աշխատանքի հանդեպ նվիրումով և անսահման մարդասիրությամբ:
Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասյանը ավագ կոլեգային բնութագրում է որպես ամբիոնի այցեքարտ, մանկավարժ, որը հստակ և կայուն գիտելիքով դաստիարակել է բժշկական բազմաթիվ սերունդներ:
«Շատ կարևոր առանձնահատկություններից էր նրա բարությունը, որի արտահայտությունն էր նաև նրա բարի ժպիտը: Որքան էլ վրդովված լինեինք, ունենայինք խնդիրներ, երբ խոսում, կիսվում էինք պարոն Բեկյանի հետ, թվում էր՝ ամեն ինչ տեղն էր ընկավ, հարթվեց: Այնքան իմաստուն էր, որ երբեմն զարմանում էինք, երբ տալիս էր այս կամ այն հարցի պարզ լուծումը. մտածում էինք՝ ինչպես չէինք մտածել նման պարզ լուծման մասին: Ինձ թվում է՝ համալսարանի ցանկացած աշխատող միշտ հիշում է, որ Ռուբեն Բեկյանի հետ շփվելիս ունեցել է միմիայն տրամադրության բարձրացում, հարցերի լուծման բանալի, և որ ամենակարևորն է՝ մարդկային հարաբերություններում լիովին ներդաշնակություն: Նա զավակներ չուներ, բայց ուսանողներին սիրում էր այնպես, ինչպես կսիրեր սեփական երեխաներին: Ես եղել եմ նրա ուսանողը: Ռուբեն Բեկյանը զբաղվում էր ուղեղային արյան շրջանառության հարցերով: Ավելի շատ սիրում էր դասախոսական աշխատանքը, ուսանողների հետ շփումը: Հիմա ևս, երբ ամբիոնում ինչ-որ հարց ենք քննարկում, որոշում կամ ամբիոնի նիստ է լինում, անպայման մտածում ենք՝ պարոն Բեկյանն ինչպես կմտածեր այս հարցի շուրջ: Մեծի իրավունքով միշտ վերջին խոսքը նրանն էր: Սկզբում լուռ լսում էր, որևէ մեկին չէր ընդհատում, հետո, ընդհանրացնելով բոլորի կարծիքները, առաջարկում էր բացառիկ լուծում: Հանգիստ էինք, որ նա մեր կողքին էր»,-նշում է պրոֆեսոր Բալասանյանը:
Նրա գնահատմամբ` կան մարդիկ, որոնք իրենց ներդրումով, գիտելիքով, շրջապատի հետ ներդաշնակվելու կարողությամբ վերածվում են չափանիշի:
«Այդպիսին էր մեր սիրելի Ռուբեն Ստեփանովիչը: Մանկավարժ էր բառի բուն իմաստով, որը ոչ միայն առարկա էր սովորեցնում, այլև իր բանիմաց, մարդասեր, բարյացկամ և դիմացինին հասկանալու օրինակով ուսանողին հաղորդում էր նաև այն ամենը, ինչին պետք է ձգտի և հասնի «իսկական» բժիշկը: Պարոն Բեկյանի մանկավարժական հմտությունները չափանիշ են եղել նաև մեր համալսարանի բազմաթիվ դասախոսների համար, որոնք նախկինում նրա ուսանողներն են եղել: Նրան բնորոշ էր ամենաբարդը` պարզ ներկայացնելու դասախոսի հանճարը»,- հավելում է Մարինե Բալասանյանը:
Ռուբեն Բեկյանը 1976-1989 թթ. եղել է ԵՊԲՀ ֆարմակոլոգիայի ամբիոնի ասիստենտ, 1990-2010 թթ. դոցենտ, իսկ 2010-2011 թթ., ղեկավարել է այս ամբիոնը:
1980թ. նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
Ֆարմակոլոգիայի ամբիոնի աշխատակիցների բնորոշմամբ՝ նրա ոգևորվածությունը և սերը մասնագիտության հանդեպ, անսահման մարդասիրությունն ու անմնացորդ տրվելու հատկությունները օրինակ են ծառայել շատերի թե՛ մասնագիտական ընտրության, թե՛ մասնագիտության մեջ կայանալու հարցում:
ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանը ևս եղել է անվանի դասախոսի ուսանողը: Նրա բնորոշմամբ՝ առաջին հայացքից ամենախիստ հայացքով ու դիրքով դասախոսը լսարանում դառնում էր ամենաբարի, անվերջ բացատրող, խորհուրդ տվող, ժպտացող ու ժպտացնող դասախոսը:
«Շատ բարի էր, բայց միևնույն ժամանակ, անսահման գիտելիք էր տալիս և այդ բարության ներքո փոքրիկ խստության նոտա կար, որն ակամայից ձգում էր բոլոր ուսանողներին: Նա ամենօրյա աշխատանքով փորձում էր ապացուցել, որ հնարավոր չէ արդյունք չունենալ: Ընկերանում էր ուսանողների հետ՝ կոտրելով ուսանող-դասախոս պատնեշը, որը մեր ուսանողության տարիներին առավել էր, քան հիմա, առավել ևս Ֆարմակոլոգիայի ամբիոնում, առավել ևս քեզնից տարիքով դասախոս լինելու դեպքում: Ինքն այդ պատնեշը կոտրող դասախոսներից էր: Հիշում, եմ՝ ինչպես էր անհանգստանում յուրաքանչյուր ուսանողի համար: Քննությանը ուսանողի՝ բանավոր պատասխանի ժամանակ, կարծես ինքն այդ գնահատականը ստանար, անհանգստանում էր, նաև ոգեշնչում ստանալ բարձր գնահատական: Հետագայում էլ տեսնելիս ոչ թե ընդունում էր որպես նախկին ուսանող, այլ որպես հարազատ մարդ, ժպիտով, հարցուփորձով, հետաքրքրվելով յուրաքանչյուրիս կյանքով, առօրյայով: Հրաշալի մարդ, հրաշալի դասախոս, ափսոս, որ այսօր մեզ հետ չէ»,-իր դասախոսին սիրով է հիշում դոցենտ Սիմոնյանը:
Ռուբեն Բեկյանը կյանքից հեռացել է 2024 թ.-ի նոյեմբերի 25-ին` կոլեգաների հուշերում մնալով որպես պարկեշտ, իր գործի գիտակ մարդ, գիտնական, որին հեշտ չէ մոռանալը: