Բժշկական մայր բուհի այս ուսումնական տարվա «Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան» կրթաթոշակառուն Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Ժասմենա Հայրապետյանն է:
Ապագա բժիշկը խոսելով ուսումնառության և ուսման ընթացքում ունեցած դժվարությունների մասին, շեշտում է՝ ցանկացած խնդիր հաղթահարելի է, եթե ունես մեծ ցանկություն և քեզ աջակցող մարդկանց։
«Առաջին ծանոթությունը մայր բուհի հետ եղել է որպես քոլեջի ուսանողուհի։ Սովորել եմ ԵՊԲՀ քոլեջում։ Քոլեջում սովորելու տարիներին տեսնելով համալսարանի ուսանողներին,անհամբեր սպասում էի այն օրվան,երբ ես նույնպես կհամալրեմ նրանց շարքերը։ Այժմ հետադարձ հայացք գցելով համալսարանական տարիներին՝ գիտակցում եմ, որ, չնայած դժվարություններին, ունեցել եմ հագեցած ու լավ ուսումնական տարիներ: Գիտակցում եմ, թե որքան գիտելիքներ եմ ստացել այս ընթացքում, ինչի համար շնորհակալ եմ բուհի դասախոսական կազմին։ Գիտելիքից բացի մյուս կարևոր ձեռքբերումս ընկերներս են»,-նշում է ուսանողը։
Նրա խոսքով՝ մուտք գործելով բժշկագիտության բարդ, բայց միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր աշխարհ, գիտակցել է մասնագիտության ընտրության պատասխանատվության աստիճանը, որն էլ ստիպում է ամեն օր ինքնակրթվել և շարժվել դեպի առաջ։
«Մանկության տարիներին բժշկի մասնագիտությունն ընտրելու ցանկություն չեմ ունեցել։ Բժիշկ դառնալու միտքն ինձ մոտ առաջացավ ավելի հասուն տարիքում, շատ անսպասելի, երբ մի օր հասկացա,թե որքան մեծ ու անձնվեր աշխատանք են կատարում բժիշկները, և որ ես ուզում եմ դառնալ նրանցից մեկը և իմ փոքր ներդրումն ունենալ մարդկանց առողջության պահպանման գործում»,-հավելում է անվանական կրթաթոշակառուն։
ԵՊԲՀ ուսանողը որպես նեղ մասնագիտություն պատրաստվում է ընտրել ճառագայթային ախտորոշումը, քանզի ճիշտ ախտորոշումը բուժման առաջին նախապայմանն է։
«Կարծում եմ ցանկացած բժիշկ առաջին հերթին պետք է լինի մարդասեր, ազնիվ և էմպաթիայի ունակություններով։ Իհարկե պակաս կարևոր չեն նաև պատասխանատվության զգացումը, հոգատարությունը և ինքնակրթման ունակությունը։ Բժիշկ դառնալու ուղին լի է բարդություններով, որոնք ի հայտ են գալիս արդեն իսկ ուսումնառության առաջին տարիներից։ Ցանկացած խնդիր հաղթահարելի է, եթե ունես մեծ ցանկություն և քեզ աջակցող մարդկանց։ Ուսման մեջ և առհասարակ ցանկացած գործում հաջողելու համար պետք է պարզապես ունենալ մեծ նպատակ և անել հնարավորինս ամեն բան,որը քեզ թեկուզ դանդաղ քայլերով, բայց կմոտեցնի նպատակիդ»,-ընդգծում է հերացիականը:
Ըստ նրա՝ ուսումնական գործընթացում հաջողության հասնելու համար կարևոր է հատկապես ժամանակի ճիշտ բաշխումը և ունեցած գիտելիքով չսահմանափակվելու ցանկությունը։
«Պետք է ձգտել ամեն օր թարմացնել իմացությունը, իսկ դժվարությունները ընդունել որպես շարժիչ ուժ, որոնք անխուսափելի են, քանզի մեզ է վստահվելու մարդու համար ամենակարևորը՝ առողջությունը»,-ամփոփելով ասում է ապագա ճառագայթաբանը։