Նարեկ Մխիթարյանը ԵՊԲՀ-ում  ձեռք է բերել երկու մասնագիտացում

Նարեկ Մխիթարյանը ԵՊԲՀ-ում  ձեռք է բերել երկու մասնագիտացում

ԵՊԲՀ շրջանավարտ Նարեկ Մխիթարյանը գերազանցությամբ է ավարտել  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության  ֆակուլտետը, այնուհետև ընդունվել մանկաբուժության կլինիկական օրդինատուրա, հիմա նա մանկաբուժության գծով  3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր է:

Նարեկ Մխիթարյանը կարճ ժամանակ առաջ գերազանցությամբ ավարտեց նաև ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը, նա հանրային առողջության մագիստրոս է:

Նարեկ Մխիթարյանի երկու եղբայրները ևս ընտրել են բժշկի մասնագիտությունը: «Հայրս բնագիտական կրթություն ունի, և փոքր տարիքից մենք եղբայրներով մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էինք կենսաբանություն և քիմիա առարկաները։ Հայրս միշտ մեծ սիրով բացատրում էր այդ գիտությունները՝ փոխանցելով մեզ իր գիտելիքներն ու հետաքրքրությունը բնագիտության հանդեպ։ Միևնույն ժամանակ, մայրս մեծ ներդրում ունեցավ, ճիշտ ուղղորդեց մեզ՝ տեսնելով  երեքիս առանձնահատուկ ոգևորությունն ու հետաքրքրությունը բժշկական ոլորտի նկատմամբ։

Արդյունքում այսօր մենք երեքս էլ դիպլոմավորված բժիշկներ ենք։ Միջնեկ եղբայրս՝ Էմիլը, սովորում է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկական օրդինատուրայում, իսկ ավագ եղբայրս` Բենիկը, ուռուցքաբան է. նա նաև եղել է Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու։ Ես, իմ հերթին, ընտրեցի մանկաբուժությունը»,-նշում է Նարեկ Մխիթարյանը։

Ուսումնառության առաջին երեք տարիներին Նարեկը պարզապես ցանկացել է բժիշկ դառնալ։ «Ի տարբերություն շատերի, որոնք արդեն հստակ մասնագիտական պատկերացումներով են մուտք գործում բժշկական համալսարան, ես սկզբում դեռ որոնումների փուլում էի։ Սակայն ուսման որոշակի փուլում հասկացա, որ առավել մեծ ցանկություն ունեմ օգնելու երեխաներին։ Այդ պահից սկսած, երբ ինձ հարցնում էին ապագա մասնագիտության մասին, ես արդեն վստահորեն նշում էի, որ ցանկանում եմ դառնալ մանկաբույժ։ Բուհի դռներից ներս անցկացրած տարիները, ինչպես գիտեն մեր բոլոր ուսանողները և շրջանավարտները, ամենահեշտերից չեն։ Սակայն հենց այդ տարիների ընթացքում, լինելով ուսանող, մանկաբուժության կլինիկական օրդինատոր և հանրային առողջության մագիստրոս, կարծում եմ, ձեռք եմ բերել բազմաթիվ կարևոր հմտություններ և հատկանիշներ։ Այստեղ ես սովորել եմ ճիշտ սովորել՝ ընկալել և վերլուծել ինձ փոխանցվող տեղեկատվությունը, ընտրել դրանից ամենակարևորը և տարբերակել առաջնային տեղեկատվությունը երկրորդայինից։ Կուզեմ առանձնացնել նաև սթրեսակայունությունը, որը, իմ կարծիքով, բժշկի համար շատ կարևոր, բայց երբեմն թերագնահատված հատկանիշ է, և որը նույնպես ձեռք եմ բերել այստեղ սովորելու տարիների ընթացքում»,-ընդգծում է ԵՊԲՀ շրջանավարտը։

Մանկաբույժ դառնալու վերջնական որոշումը Նարեկը կայացրել է կլինիկական օրդինատուրայի դիմումների ընդունման վերջին օրերին։ Նշում է, որ որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը։ «Նրան ճանաչում էի դեռ ուսանողական տարիներից՝ որպես միջազգային մակարդակի նեֆրոլոգի, մարդու, ով նաև եղել է Հայաստանում երիկամի փոխպատվաստման իրականացման ակունքներում։ Նրա մասնագիտական ճանապարհը ինձ միշտ տպավորել է։ Երբ իմացա, որ նա իր առաջին մասնագիտությամբ մանկաբույժ է և  ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է (ամբիոնի որպես կլինիկական բազա տեղակայված է «Արաբկիր» ԲՀ–ԵԴԱԻ-ում), որտեղ ես էլ պլանավորում էի անցկացնել իմ կլինիկական օրդինատուրան, որոշում կայացնելը ինձ համար դարձավ ավելի հեշտ։ Պրոֆեսոր Սարգսյանը օգնեց ինձ կայացնել այդ որոշումը, սակայն այն ավագ մասնագետները, որոնց հետ ես բախտ եմ ունեցել շփվել և սովորել առաջին իսկ օրից մինչև այսօր, միայն ավելի են ամրապնդել իմ համոզմունքը, որ ես ճիշտ տեղում եմ։ Չեմ ցանկանա առանձնացնել որևէ մեկին, քանի որ արդարացի չի լինի։ Այն մարդիկ, ովքեր ազդեցություն են ունեցել իմ մասնագիտական և անձնական աճի վրա, շատ են»,-նշում է երիտասարդ մասնագետը:

Նա վստահ է, որ կլինիկական օրդինատորներից յուրաքանչյուրը կհավաստի, որ  մանկաբուժության կլինիկական օրդինատուրան, ինչպես նաև մանկաբույժներն ու ոլորտի  նեղ մասնագետները, առանձնանում են իրենց մասնագիտական գիտելիքով, կրթելու ներուժով, մոտեցմամբ, սրտացավությամբ, հոգատարությամբ։ «Այս ամենը նույնիսկ ունի իր «բացասական» կողմը․ սկզբում վստահորեն ցանկանում էի դառնալ մանկաբույժ, հետո՝ մանկական նեֆրոլոգ։ Սակայն տարբեր բաժանմունքներում օրդինատուրա անցնելիս սկսեցի ցանկանալ դառնալ նաև մանկական թոքաբան, ալերգոլոգ, նյարդաբան, զարգացման մանկաբույժ, մանկական հոգեբույժ, և սա դեռ այդ ցանկությունների երկար ցանկի միայն վերին հատվածն է»,-փաստում է Նարեկը:

Ինչ վերաբերում է հանրային առողջությանը,  ոլորտով նա հետաքրքրվել է այն ժամանակ, երբ սովորում էր մանկաբուժության կլինիկական օրդինատուրայում։

«Իմ մասնագիտական և անձնական նպատակն է՝ նպաստել մանկաբուժության զարգացմանը՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Հենց այդ նպատակը հետապնդելով՝  որոշեցի դիմել հանրային առողջության մագիստրոսական ծրագրին: Ուսման ընթացքում հնարավորություն ունեցա ստանալ բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ ուսումնասիրելով ինչպես Հայաստանի առողջապահական համակարգի, այնպես էլ տարբեր երկրների առողջապահական համակարգերի առանձնահատկությունները»,-ընդգծում է Նարեկ Մխիթարյանը։

Նրա կարծիքով, հանրային առողջության ոլորտում մարտահրավերները բազմաթիվ են, և կան շատ արժանի մասնագետներ, որոնք կարող են առաջարկել լուծումներ կարևոր խնդիրների համար։ «Ինձ համար շարունակում է առաջնահերթ մնալ Հայաստանում մանկաբուժության զարգացումը: Շատ մարզերում, ինչպես առաջնային օղակում, այնպես էլ ստացիոնար բուժհաստատություններում, մասնագետների պակաս կա։ Միևնույն ժամանակ, շատ դրական է տեսնել, որ ավելի ու ավելի շատ երիտասարդ մասնագետներ ունեն մարզերում աշխատելու մտադրություններ»,-նշում է համալսարանականը` հավելելով, որ ունի ընկերներ և գործընկերներ, որոնք պատրաստ են աշխատել մարզերում: