Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Ալվարդ Նասիբյանն այս ուսումնական տարում ակադեմիկոս Էմիլ Գաբրելյանի անվան կրթաթոշակի է արժանացել:
Բժշկապետի, ակադեմիկոսի անվան կրթաթոշակառու լինելը պատվաբեր և նույնքան պարտավորեցնող է ապագա դեղագետի համար, հատկապես որ անգնահատելի է Էմիլ Գաբրիելյանի ներդրումը մեր երկրում ինչպես դեղաբանության, այնպես էլ բժշկագիտության զարգացման գործում:
«Դեղագետի մասնագիտությունը ընտրել եմ մեծ սիրով՝ ցանկանալով դառնալ իմ հայրենիքում այս զարգացող և խոստումնալից ոլորտի մի մասնիկը»,-խոսելով մասնագիտության ընտրության և առանձնահատկությունների մասին, նշում է Ալվարդ Նասիբյանը՝ շեշտելով, որ ուսման հետ մեկտեղ մեծ սիրով մագիստրոսական թեզի պաշտպանությանն է նախապատրաստվում:
Ականավոր բժիշկ-գիտնականի անվան կրթաթոշակառուն ընդգծում է՝ ԵՊԲՀ-ում սովորելը անշուշտ դժվար է, բայց միևնույն ժամանակ այն հեշտ ու հետաքրքիր է, եթե կա սեր ու աշխատասիրություն.
«Հենց այս հատկանիշներն են ինձ բերել և հասցրել այս կետին: Այնքան եմ սիրում իմ մասնագիտությունը, որ ինձ ուրիշ որևէ տեղ չեմ էլ պատկերացնում»:
Նշենք, որ մեկդարյա բժշկական բուհում անվանական կրթաթոշակ սահմանված կարգի համաձայն շնորհվում է գերազանց առաջադիմություն, հասարակական ակտիվություն և օրինակելի վարք ունեցող ուսանողներին: