Բժշկական մայր բուհի շրջանավարտները ոչ աշխատանքային օրով հավաքվել էին հարազատ համալսարանում: Առիթը բուհն ավարտելու 29-ամյակն էր: Նրանք 35 տարի առաջ ընտրել են բժշկի ուղին և մինչև այսօր շարունակում են սիրելի մասնագիտության նվիրյալները լինել:
Վաղուց կայացած բժիշկներ, գիտնականներ, տարբեր ուղղություններ ներկայացնող հմուտ մասնագետներ եկել էին բժշկական մայր բուհ միմյանց տեսնելու, կենդանացնելու ուսանողական տարիներին ունեցած զգացողությունները:
Նրանց թվում էր նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արեն Բաբլումյանը, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Էդուարդ Բարսեղյանը, նույն հիվանդանոցի բուժական գծով տնօրեն, ԵՊԲՀ զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Արա Ղազարյանը:
Շրջանավարտները չէին մոռացել նաև իրենց ուսուցիչներին: Պատվավոր հյուրերի թվում էին ԵՊԲՀ նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը, Դատական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շոթա Վարդանյանը, Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանը, Բժշկական մանրէաբանության ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանը, ովքեր իրենց օրինակով և գիտելիքով մեծ ներդրում են ունեցել շրջանավարտների մասնագիտական զարգացման և կայացման գործում:
Ողջույնի խոսքերը հուզիչ էին, հիշողություններով լի:
«Սիրելի՛ ուսուցիչներ, ընկերնե՛ր, ինձ համար այսօր առանձնահատուկ օր է, ես ինձ կրկին զգում եմ որպես ուսանող: Այս օրերին մտովի վերապրել եմ բոլոր հուշերը, հաջողությունները, հնարավորությունները, որոնք իմ առջև բացել է մեր համալսարանը: 35 տարի առաջ մեզ բաժին հասավ ընդունվել բժշկական համալսարան և հայտնվել անկախ պետությունում: Բազմաթիվ փորձությունների մեջ մենք կարողացել ենք ամենակարևորը պահել՝ երազանքը, և այսօր այստեղ հավաքվելով ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ, այո՛, մենք երազում էինք պիտանի լինել, երազում էինք օգտակար լինել»,-նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ շնորհակալություն հայտնելով պրոֆեսորադասախոսական կազմին տված գիտելիքի համար:
Բժշկական համալսարանում նման հանդիպումները շարունակական են, ավանդույթ են դարձել: Բուհի համար ողջունելի է, որ երկար տարիներ անց նախկին ուսանողները ցանկանում են վերադառնալ համալսարան՝ դեպի ամենագեղեցիկ, ամենաբարի հիշողությունները: