ԵՊԲՀ ուսանողները բժշկական կրթությունը յուրացնելու հետ մեկտեղ, ակտիվորեն ներգրավվում են տարբեր սպորտաձևերում և մասնակցում մրցումների: Այս մասին նշում է ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վոլեյբոլի դասախոս, ՀՀ միջազգային կարգի միակ մրցավար Նարեկ Շիրինյանը:
«Եթե տարիներ առաջ մենք ունեինք դահլիճի խնդիր, հիմա դրա լուծումը գտնվել է, մնում է ավարտին հասցնել և առաջիկայում կունենանք նոր մարզագույքով դահլիճ: Ես համալսարանում դասավանդում եմ 90-ականներից, թեև սկզբում որպես պրեպարատոր, այնուհետև՝ վոլեյբոլի դասախոս, պետք է նշեմ, որ սպորտաձևի հանդեպ միշտ էլ հետաքրքրություն նկատել եմ թե՛ տղաների, թե՛ աղջիկների շրջանում»,-ասաց նա:
Դասախոսի խոսքով՝ միշտ եղել են շատ լավ թիմեր, ովքեր հաջողություններ են գրանցել ուսանողական մրցումներին և պատվավոր հորիզոնականներ զբաղեցրել:
«Բացի ուսանողական մրցումներից, դասախոսների միջև ևս ամեն տարի հունվարին անցկացվում են վոլեյբոլի մրցումներ, որի ժամանակ միմյանց հետ հանրապետության բոլոր բուհերի դասախոսական թիմերն են մրցում: Մեր բուհի դասախոսական թիմը միշտ պատվով է հանդես եկել այդ մրցումներում »,-նշեց Նարեկ Շիրինյանը:
Իրավաբանական կրթություն ևս ստացած դասախոսը նշում է, որ սպորտի հանդեպ սերը դեռ փոքրուց է ձևավորվել իր մեջ, այդ պատճառով էլ ընտրել է երկրորդ մասնագիտությունը և այժմ սպորտային բազմաթիվ հաջողություններ է հասցրել գրանցել՝ հանդիսանալով Հայաստանի միջազգային կարգի միակ մրցավարը:
«Ես միակն եմ, ով Հայաստանը ներկայացնում է արտերկրում, որպես մրցավար, մենք չունենք հավաքական թիմ, բայց ունենք միջազգային մրցավար: Սպասարկել եմ ակումբային խաղեր, հավաքականների մակարդակով հանդիպումներ: «Ոսկե լիգա» մրցաշարում եղել եմ Ավստրիայի եւ Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականների գլխավոր մրցավարը: Իսկ դեկտեմբերի 19-ին Իսրայելում վարելու եմ կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումը՝ տեղի «ԿՖԱՐ ՍԱԲԱ» եւ հունական ակումբի մասնակցությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ շարունակելու է նպաստել ինչպես բուհում, այնպես էլ Հայաստանում վոլեյբոլի զարգացմանն ու առաջընթացին: