Այս տարվա գարնանը լույս է տեսել Հասարակագիտական առարկաների ամբիոնի ավագ դասախոս, պ.գ.թ., դոցենտ Արշալույս Տետեյանի «Շառլ Ազնավուրը և Հայաստանը» գիրքը:
Հեղինակի գնահատմամբ` գիրքն առաջին հերթին երախտագիտության արտահայտություն է 1980-ականներին ծնված այն բազմաթիվ երեխաներից մեկի կողմից, որոնց ապագայի համար այդքան մտահոգ էր բոլոր ժամանակների մեծագույն հայերից մեկը:
216 էջ ունեցող հրատարակությունը ֆրանսաբնակ նշանավոր երգիչ, շանսոնիե Շառլ Ազնավուրի տասնամյակների պատմություն ունեցող գործունեությունը ներկայացնելու փորձ է:
Բազմաթիվ սկզբնաղբյուրների, հուշագրությունների, հայաստանյան և արտասահմանյան մամուլում հրատարակված նյութերի, հեռուստահաղորդումների և հարցազրույցների միջոցով փորձ է արվել ներկայացնել Շառլ Ազնավուրի նվիրումը Հայաստանին:
«Շատերը կարող են կարծել, թե Ազնավուրի կյանքի, գործունեության, ստեղծագործական ուղու մասին գրեթե ամեն ինչ հայտնի է: Չէ՞ որ երգիչն ինքը մի քանի կենսագրական է գրել, իր ձախողումների, վերելքների մասին պատմել բազմաթիվ հարցազրույցներում: Ոչ միայն Ազնավուրի, այլև Ազնավուրյանների էպոպեան հոյակապ ներկայացրել է ընտանիքի մյուս նշանավոր ներկայացուցիչը՝ Աիդա Կառվարենց-Ազնավուրը, իր «Ափարիկս, իմ փոքրիկ եղբայրը» գրքում: Ազնավուրի մասին գրքեր են հրատարակվել բազմաթիվ լեզուներով, աշխարհի տարբեր երկրներում: Դրանք պատմում են նրա ստեղծագործական ուղու, հյուրախաղերի, արտիստական կարիերայի ամենատարբեր կողմերի մասին: Իսկ ի՞նչ պետք է գրել Ազնավուրի մասին, որ հանրությանը հայտնի չէ: Թերևս պետք է պատմել ի նպաստ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության նրա գործունեության մասին, մեկ բառով՝ նվիրումի մասին»,- նշում է Արշալույս Տետեյանը` հավելելով, որ համաշխարհային արվեստի ոլորտում դժվար թե գտնվի որևէ արտիստ, որ համերգային շրջագայություններին, կինոնկարահանումներին զուգահեռ զբաղվել է հայրենակիցների կենսական խնդիրների լուծման հարցերով՝ պարեն, էներգետիկա, առողջապահություն և այլն:
Այս առումով հատկանշական է համարում, որ 1995թ. հունիսին ֆրանսիական «Le Figaro» թերթի՝ Ազնավուրի գործունեությանը նվիրված անդրադարձի վերնագիրը՝ «Aznavour entre l’Armenie et l’Academie» (Ազնավուրը ակադեմիայի և Հայաստանի միջև): Հանրահայտ պարբերականը նկատի ուներ ֆրանսիական ակադեմիայից Ազնավուրին շնորհված շքանշանը (Grande médaille de la chanson française) և ի նպաստ Հայաստանի գործունեությունը:
«Մինչև կյանքի վերջին օրերը Ազնավուրն անմնացորդ գործում էր հանուն Հայաստանի և աշխարհասփյուռ հայության՝ իր մասնակցությամբ և ներկայությամբ կշիռ տալով համահայկական ամենատարբեր միջոցառումների։ Նույնիսկ մահից հետո Ազնավուրը շարունակում է դերակատարում ունենալ հայ ժողովրդի ճակատագրում: Նրա ընտանիքը շարունակում է երգչի գործը»,- ընդգծում է գրքի հեղինակը:
Գիրքը սկսվում է 1920-1930-ական թվականներին Ազնավուրյանների ֆրանսահայ մշակույթի մեջ ունեցած ներդրումին նվիրված անդրադարձով, այնուհետև հաջորդաբար ներկայացնում Շառլ Ազնավուրի շուրջ ութ տասնամյակների ընթացքում հայ ինքնության հանրահռչակմանն ու Հայաստանի բարգավաճմանն ուղղված գործունեությունը: