Բժշկական համալսարանի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, UNESCO-ի բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հրավերով մասնակցեց մայիսի 25-26-ը Ստոկհոլմում կայացած Ազգային Էթիկական կոմիտեների 31-րդ վեհաժողովին (NEC Forum)։
Միջոցառմանը Հայաստանից մասնակցում էր ևս 3 մասնագետ։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև UNESCO-ի բիոէթիկայի ամբիոնի անունից ողջունելով մասնակիցներին՝ Սուսաննա Դավթյանն ընդգծեց նման վեհաժողովների, նախագծերի կարևորությունը և վստահություն հայտնեց, որ կարվի հնարավորը վեհաժողովի առաջարկները, ծրագրերը, նկատառումներն ու գաղափարները մեր երկրում իրականացնելու համար։
Վեհաժողովը բացառիկ հնարավորություն էր բժշկագիտության, նորագույն տեխնոլոգիաների և էթիկայի ոլորտներում տեղեկատվության և փորձի փոխանակման համար, ինչպես նաև լավ հարթակ էր Շվեդիայի բժշկական էթիկայի ազգային կոմիտեի հետ արդյունավետ համագործակցությունը զարգացնելու համար:
«Ազգային Էթիկական կոմիտեների 31-րդ վեհաժողովը նաև կոչ էր, կոչ՝ համատեղ մտածելու, փնտրելու և պատասխանելու այն հարցին, թե ինչպես անել, որ աշխարհը, մարդը, մենք բոլորս դառնանք ավելի մարդկային, ազատամիտ, ստեղծագործող, լավատես, հույսով, հավատով ու սիրով լի։ Դրան կարելի է հասնել նաև Ռոմեն Ռոլանի նշած ճանապարհով. «․․․Եթե նայես աշխարհին առանց գունազարդումների և եթե ոչ միայն սիրես ազգդ և աշխարհը, այլև, որ առավել կարևոր է, սիրես ամբողջ սրտով և ձգտես ավելի լավը դարձնել այն»։
Այսօր առկա են բազում մարտահրավերներ․փոխվում է կլիման՝ նոր էթիկական հարցեր, խնդիրներ առաջացնելով, ծագում են նորանոր պատերազմներ՝ նույնպես պահանջելով էթիկական նոր հարցադրումներ ու լուծումներ, ստեղծվում ու տարածվում են անօրինակ համաճարակներ, տեխնիկան, տեխնոլոգիաները զարգանում են աննախադեպ սրընթաց արագությամբ և առաջ են քաշում էթիկական նոր հարցեր, որոնց պատասխանը պետք է փորձել տալ համատեղ ուժերով։ Օրինակ՝ արհեստական ինտելեկտը, քսենոտրանսպլանտացիան (տարբեր տեսակի կենսաբանական էակների միջև օրգանների, հյուսվածքների պատվաստումը, ինչպես, օրինակ, կենդանուց՝ մարդուն և այլն)», – նշեց Սուսաննա Դավթյանը։
Ակտիվ մասնակցությունը միջազգային կառույցների միջոցառումներին մեծապես նպաստում է բժշկական բուհի միջազգայնացման գործընթացին։
Վեհաժողովի մասնակիցները նաև հրավիրվել էին Նոբելյան մրցանակի թանգարան (Nobel Prize Museum), որտեղ պաշտոնական ճաշի ընթացքում Սուսաննա Դավթյանն ավարտեց իր խոսքը դաշնամուրային կատարմամբ՝ արժանանալով երկարատև ծափահարությունների: