Եվրոպական Միության SAFEMED+ նախագծի շրջանակում իտալական Կատանիա քաղաքում սեպտեմբերի 12-14-ը կայացավ ERASMUS+ ծրագրի գագաթաժողովը, որին մասնակցում էին բազմաթիվ համալսարաններ եվրոպական տարբեր երկրներից։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասնագետները՝ Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի ասիստենտ, Ռևմատոլոգիայի ծառայության բժիշկ-ռևմատոլոգ Մարիցա Էֆրեմիդուն և Վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դասախոս Դավիթ Արազյանը, ևս մասնակցում էին միջոցառմանը։
Հայկական պատվիրակության անդամներին ողջունեցին Կատանիայի համալսարանի ռեկտոր Ֆրանչեսկո Պրիոլոն, Բժշկական դպրոցի ղեկավար Պիետրո Կաստելինոն և Կենսաբժշկական ու կենսատեխնոլոգիական գիտությունների, Ընդհանուր վիրաբուժության և բժշկական-վիրաբուժական մասնագիտությունների ամբիոնների վարիչներ Մարիա Անժելա Սորտինոն և Ալեսանդրո Կապելլանին։
Եռօրյա նախաձեռնության մասնակիցներն այցելեցին Կատանիայի «Ռոդոլիկո-Սան Մարկո» համալսարանական հիվանդանոց։
Նշենք, որ SAFEMED+ նախագծի շրջանակում բժշկական բուհի արտասահմանյան գործընկերներն են Թբիլիսիի բժշկական ակադեմիան (Վրաստան), Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը (Վրաստան), Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը (Իսպանիա), Կատանիայի համալսարանը (Իտալիա), Վիլնյուսի համալսարանը (Լիտվա), Ուկրաինայի բարձրագույն պետական կրթական հաստատության «Բուկովինյան պետական բժշկական համալսարանը» (Ուկրաինա), Ուկրաինայի առողջապահության նախարարության Իվան Հորբաչևսկի Տերնոպիլի ազգային բժշկական համալսարանը (Ուկրաինա):
SAFEMED+ նախագիծն իրականացվում է ERASMUS+ ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Նախագծի նպատակն է բարելավել Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի բժշկական կրթության որակը՝ իրականացնելով հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ծրագրային ռեֆորմ, ներառյալ օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության ներդնումը (OSCE – Objective Structural Clinical Exams), ինչպես նաև համալրել բուհերի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնների բժշկական սիմուլյացիոն սարքավորումները:
Նախագիծը համակարգում է Թբիլիսիի բժշկական ակադեմիան, իսկ եվրոպական գործընկերներն ապահովում են հետևողական մոտեցում՝ հիմնված կառավարման լայն փորձի վրա, և օգնում են ստանդարտացնել գործընթացները, գործիքակազմն ու հմտությունները:
SAFEMED+ նախագծի իրականացումը կարևորագույն գործոններից է բուհի միջազգայնացման գործընթացում:
Նյութի սկզբնաղբյուրը՝ https://rb.gy/u21iv.