2022-2023 ուսումնական տարվա ավարտին ԵՊԲՀ-ում առաջին անգամ պետական ավարտական քննության գործնական հմտությունների ատեստավորումը կանցկացվի OSCE (Objective Structural Clinical Exams – Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության) ձևաչափով:
OSCE քննական կենտրոնը տեղակայված է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում, որի բացումը՝ կրթության պատասխանատուների մասնակցությամբ, ազդարարվեց քննությունների փորձնական անցկացմամբ:
Ձևավորված նոր կենտրոնի 12 կայանում փորձնական քննության մասնակիցը պետք է սահմանված ժամանակացույցով ճիշտ իրականացնի գործնական հմտությունները:
Կատարվող գործողությունները գնահատում են հանձնաժողովի կազմում ընդգրկված դասախոսները` քննական ողջ ընթացը համապատասխան էկրանին է:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գնահատմամբ՝ քննական նոր ձևաչափը կբարձրացնի կրթության որակը և, ամենակարևորը, կհամապատասխանեցնի միջազգային, մասնավորապես՝ եվրոպական չափորոշիչներին:
«OSCE քննությունը հմտությունների օբյեկտիվ ստուգման՝ աշխարհում ընդունված եղանակ է: Բժշկական համալսարանը, որն ունի կրթության արտահանման երկար տարիների փորձ, այսօր ևս Հանրապետությունում առաջատարն է․ շուրջ 33 երկրից 2000-ից ավելի տարբեր ազգությունների ուսանողներ սովորում են համալսարանում, և եռափուլ ամփոփիչ քննության օբյեկտիվության բարձրացմանը նպաստող այս քննությունը հմտությունների զարգացում է՝ վիրաբուժության, թերապիայի, ծննդօգնության, գինեկոլոգիայի, վերակենդանացման բնագավառում: Սա նշանակում է՝ ԵՊԲՀ շրջանավարտները կարող են իրենց գնահատականները և հնարավորությունները համեմատության մեջ դնել եվրոպական առաջատար բուհերի հետ, իսկ մենք գտնվում ենք միջազգային ծրագրային հավատարմագրման շեմին, սա, անշուշտ, կնպաստի միջազգային հավատարագրման գործընթացին», – մանրամասնեց Արմեն Մուրադյանը` շեշտելով, որ կենտրոնը ձևավորվել է համալսարանական հիվանդանացում, որտեղ տեղակայված է նաև ԵՊԲՀ ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը, և այսպիսով բուհը համալսարանական հիվանդանոցի տարածքում ձևավորել է ուսումնական-կրթական հատված:
«Ապացուցողական բժշկության հիմքերը ուսանողները ստանում են բժշկական համալսարանում և այս քննությամբ ամփոփում են իրենց գործողությունների հենց ապացուցողական հատվածը, թե ինչ պետք է անել, ինչ կարգով, չափաբաժնով՝ հետագա իրենց գործունեությունը՝ շարունակական բժշկական կրթությունը հաշվի առնելով», – նշեց ռեկտորը:
Համալսարանում գործող «Էրազմուս+» ծրագրի SAFEMED+ նախագիծը փորձի փոխանակման, մասնագետների փոխայցերի, համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռել բժշկական համալսարանին ներդնել ՕSCE ձևաչափով քննությունները: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի խոսքով` ՕSCE ձևաչափի կիրառման մասին որոշումը կայացվել է 6 ամիս առաջ:
«Այդ ընթացքում համալսարանի 1 տասնյակից ավելի դասախոսներ վերապատրաստվեցին Իսպանիայում, Իտալիայում, Վրաստանում, Լիտվայում (մայիսի վերջին), իսկ զուգընթաց բուհը կարողացավ կառուցել և կահավորել պահանջվող բոլոր նորմերին համապատասխան ՕSCE քննության 2 շղթա` 12 կայաններով»,- ընդգծեց պրոռեկտորը:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան, OSCE քննությունների պատասխանատու Ռաֆայել Մեսրոպյանը տեղեկացրեց, որ վերանորոգվել է 27 (ինչպես նաև 2 տեխնիկական) սենյակ, որոնք նախատեսված են միաժամանակ 2 խմբի քննություն անցկացնելու համար։
«Մեզ քննության ընթացքում պետք է լինելու 24 կամ 25 սենյակ։ Ուսանողները մտնում և դուրս են գալիս սենյակներ միաժամանակ և ներսում հանձնում են գործնական հմտությունների քննությունը՝ OSCE ձևաչափով։ Այն լինելու է ամփոփիչ ատեստավորման ավարտական քննության առաջին փուլը։ Սակայն հետագայում՝ հաջորդ ուսումնական տարվանից սկսած, մենք արդեն ուզում ենք նաև ընթացիկ նմանատիպ քննություններ անցկացնել», – ասաց նա։
OSCE քննությունը ներառում է և՛ տեսական իմացություն, և՛ գործնական հմտությունների սիմբիոզ։
Երեք սենյակ նախատեսված է վիրաբուժության համար, 5 սենյակ՝ ներքին հիվանդությունների՝ նեֆրոլոգիա, թոքաբանություն, սրտաբանություն, ռևմատոլոգիա և գաստրոնէնտերոլոգիա, 2 սենյակ՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի, 1 սենյակ՝ անհետաձգելի բուժօգնության համար, 1 սենյակն էլ կոչվում է hանգստի սենյակ, որը նույնպես միջազգային չափանիշ: Բոլոր սենյակներում կան տեսախցիկներ, և ամբողջ գործընթացը տեսաձայնագրվում է։