Հանրային առողջության ֆակուլտետի նախաձեռնությամբ բժշկական տարբեր կազմակերպություններ ներկայացնող ավագ բուժաշխատողները, բժշկական հաստատությունների ղեկավարները, իրավական և ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցներն առաջին անգամ հնարավորություն ունեցան մասնակցելու «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային ինտենսիվ դասընթացի, որի մեկնարկը տրվեց այսօր:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, նշեց, որ բժշկական բուհի կարևոր առաքելություններից է, որպեսզի շրջանավարտները նաև իրավական տեսանկյունից լինեն կրթված և պաշտպանված:
«Մեր նպատակն է, որ առողջապահության ոլորտում իրավական դաշտը լինի ընկալելի և բուժաշխատողները մասնագիտական գործունեությունն արժանապատիվ իրականացնելու հնարավորություն ունենան»,- ընդգծեց բուհի ղեկավարը` կարևորելով առողջապահական իրավունքի վերաբերյալ բժշկական ոլորտի աշխատակիցների գրագիտությունը:
Ռեկտորի գնահատմամբ`դասընթացը հնարավորություն կտա հստակեցնել բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության չափը:
Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ ծրագիրը շարունակական է և առաջիկայում կկազմվի մասնակիցների ռեեստր, որը հնարավորություն կտա նրանց ԵՊԲՀ գործընկեր փաստաբանական կազմակերպությունների հետ համագործակցել զեղչային փաթեթների շրջանակում:
Նա ծրագրի մասնակիցներին մաղթեց` ձեռք բերելով առողջապահական ոլորտի գիտելիքներ շարունակեն ազգանվեր, աստվածահաճո առաքելությունը` ի նպաստ բնակչության առողջության պահպանման:
Դասընթացի դասախոսական կազմը ձևավորված է իրավունքի բնագավառում և հատկապես առողջապահական իրավունքի ոլորտում մասնագիտական փորձ և բարձր որակավորում ունեցող դասախոսներից:
Իրավաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Քրմոյանը նշեց, որ դասընթացը իրավաբանների և առողջապահության կազմակերպիչների միջև ինտերակտիվ հաղորդակցման աննախադեպ հնարավորություն է:
Անդրադառնալով առողջապահական համակարգում տեղի ունեցող իրավական կարգավորումներին` նա շեշտեց, որ վերջին տարիներին կառավարմանը մեծ ուշադրություն է տրվում:
Առողջապահական և իրավական համակարգում աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող մասնագետը նշեց, որ դասընթացի տեսական և գործնական բաղկացուցիչը կհարստացնի մասնակիցների պրակտիկ գիտելիքները:
Չորս շաբաթ տևողությամբ ծրագրի շրջանակում մասնակիցներին իր գիտելիքներն ու փորձը կփոխանցի նաև ԵՊԲՀ ռեկտորի իրավական հարցերով խորհրդական Իզաբել Աբգարյանը, որը առողջապահության համակարգում աշխատանքի մեծ փորձ ունի:
Նա նշեց, որ առողջապահության ոլորտի իրավական ակտերը հաճախ են փոփոխվում և բուժաշխատողները միշտ չէ, որ կարողանում են ժամանակ հատկացնել դրանց մանրամասն ուսումնասիրմանը:
Իզաբել Աբգարյանը նշեց, որ առաջին դասի ընթացքում անդրադարձ կկատարվի ՀՀ առողջապահության ոլորտի իրավական կարգավորումներին, օրենսդրական համակարգին, հիմնական իրավական ակտերին:
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` ֆակուլտետը պարբերաբար հանրությանն է ներկայանում կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների ծրագրերով:
Չնայած նրան, որ առողջապահության ոլորտում իրավական կառավարմանը և բուժաշխատողների իրավունքների պաշտպանությանը նվիրված դասընթաց առաջին անգամ է կազմակերպվում, պահանջնարկն աննախադեպ է. գրանցվել է 35 մասնակից:
Մարինե Հովհաննիսյանը նշեց, որ դասընթացն իրականանում է «100 տարի ժողովրդի թիկունքին» համալսարանական նախաձեռնությունների շարքի խորագրով և ԵՊԲՀ շրջանավարտների համար իրականացվող ծրագրերից առաջին ու կարևոր մասն է:
Առաջիկայում ֆակուլտետը կիրականացնի նաև ապացուցողական բժշկության և բիոէթիկայի դասընթացներ:
Նշենք, որ ունկնդիրները հնարավորություն կունենան քննարկել բժշկական ծառայությունների մատուցման ընթացքում ծագած իրական վիճահարույց դեպքեր, մասնակցել վեճերի կարգավորման ուղիների մշակման գործընթացին։
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր` հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և 24 ՇՄԶ կրեդիտ: