Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Ամալյա Սարգսյանն ութ անվանական կրթաթոշակառուներից մեկն է: Նա բացարձակ գերազանց առաջադիմություն ունենալու և անվանական կրթաթաշակառուի բոլոր չափանինշներին համապատասխանելու արդյունքում արժանացել է Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան կրթաթոշակի: Ապագա բժշկի համար բժշկի մասնագիտությունը հակասությունների միասնությունն է. իր մեջ ներառում էր այն ամենն ինչ նա սիրում է՝ մի կողմից գիտությունը, մյուս կողմից՝ մարդասիրությունը, մարդկանց հետ շփվելու ու նրանց վստահությանն արժանանալու շանսը, հաշվարկներն ու ինչու ոչ՝ թղթաբանությունը, և իհարկե անհայտը բացահայտելու ու դրանով մարդկանց օգնելու հնարավորությունը։
Խոսելով բարձր առաջադիմությամբ սովորելու և անվանական կրթաթոշակառու լինելու մասին՝ Ամալյան ասում է, որ եթե հաճույքով ես անում, ոչինչ անհնար չէ: «Կարծում եմ ոչ մի նոր բան չեմ բացահայտի, եթե ասեմ, որ պետք է լինել հետաքրքրասեր, աշխատասեր և ամենակարևորը սիրել սովորելն ու նորը բացահայտելը»,- ցույց է տալիս իր հաջողության գաղտնիքը:
Անվանական կրթաթոշակառուն արդեն ընտրել է նեղ մասնագիտացումը: «Տատանվում էի նյարդաբանության և ուռուցքաբանության մեջ, բայց հասկացա, որ ուռուցքաբանության ոլորտում ինձ ավելի վստահ եմ զգում: Չնայած ցանկանում եմ մեծահասակների ուռուցքաբան դառնալ՝ որոշումս ընդունելուն մեծապես նպաստել է այն, որ այդ առարկան անցել ենք մանկական ուռուցքաբանության կենտրոնում՝ յուրահատուկ բժիշկ և դասախոս Գևորգ Թամամյանի ղեկավարությամբ, ով ոչինչ անհնար չէր համարում։ Այդ երեխաների պայքարող հայացքներից հետո անհնար է չուզել իրենց հետ պայքարել»,- նշում է իր որոշման պատճառը։
Ամալյայի խոսքով՝ բուհում լուրջ խոչընդոտների կարելի է ասել չի հանդիպել: Սկզբում դա նոր միջավայրին հարմարվելն էր, սակայն ադապտացիայի շրջանը շատ արագ է անցել։ «Կես կատակ, կես լուրջ կարող եմ ասել՝ երբ նոր էինք ընդունվել, ամենադժվարն ինձ համար համալսարանի տարածքում կողմնորոշվելն էր, ամբիոնների ու լսարանների տեղերը գտնելը, անծանոթներից անըդհատ հարցնելը, բայց, բարեբախտաբար, մեր ուսման տարիները այնքան երկար են, որ ես բավական ժամանակ ունեցա սովորելու»,- հիշում է նա: ԵՊԲՀ-ում նրա համար ամենասիրելի վայրը, որն այս վեց տարիների ընթացքում չի փոխվել՝ «Листик»-ն՝ համալսարանի ճաշարանը:
Անդրադառնալով ամենասիրելի տեսական, կլինիկական առարկային և սիրելի ու խստապահանջ դասխոսին՝ նշում է. «Տեսական առարկան ախտաֆիզիոլոգիան է, որը, բարեբախտաբար, դասավանդել է իմ ամենասիրելի դասախոս Արտեմ Սերգեյիչը: Կլինիկական առարկաներից էլ ամենաշատը սիրել եմ նյարդաբանությունը»:
Ապագա ուռուցքաբանը, ով, եթե չընտրեր բժշկի մասնագիտությունը, ապա կդառնար իրաբավան կամ հետախույզ, ընդծում է՝ բժշկական համալսարնն իրեն տվել է միջավայր, որտեղ ոչ միայն կրթվում, այլև ձևավորվում են որպես անհատ: Այդ ընթացքում բոլորն էլ ունենում են հաջողություններ և անհաջողություններ, ձեռք են բերում նոր ընկերներ, պահպանում կամ կորցնում են հներին։ Բժշկական համալսարանում սովորում են արժևորել գիտելիքն ու գնահատել այն մարդկանց, ովքեր այն տալիս են։
Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը