Բժշկագիտությունը հայրենիքում զարգացնելու ձգտմանը հավատարիմ մնալով` Հայկական ուրոլոգիական ասոցիացիան (ՀՈՒԱ) 24-րդ տարեկան համագումարով և Եվրոպական ուրոլոգիական դպրոցի դասընթացի անցկացմամբ ամփոփեց հիմնադրման 25-ամյակը:
Աշխատանքը մասնակիցները սկսել էին վաղ առավոտից` արտասահմանցի կոլեգաների հետ «Հիմնարար գիտությունը՝ գործնական ուրոլոգիային» նիստով:
Բժշկական բուհում անցկացվող երկօրյա ներկայացուցչական միջոցառումը համալսարանական հարկի ներքո է համախմբել արտերկրի անվանի մասնագետների, հանրապետության առաջատար բժշկական կենտրոնների ուրոլոգիական ծառայությունների ղեկավարների, բժիշկների և կլինիկական օրդինատորների:
Հանդսիավոր մեկնարկի ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում անմահացածների հիշատակը:
ԵՊԲՀ ռեկտոր, Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Մուրադյանը համառոտ պատմական էքսկուրս կատարեց` ներկայացնելով վերջին 40 տարվա ընթացքում բժշկագիտության որոշ բնագավառներում, այդ թվում` ուրոլոգիայում տեղի ունեցած հեղափոխությունները:
Ռեկտորը շեշտեց, որ այն, ինչի մասին երազել են ինքն ու իր կոլեգաները, ընկերները, ուրոլոգիական համայնքը 25 տարի առաջ, մեծ մասամբ կյանքի է կոչվել, խոսքը նորագույն սարքավորումների, համալսարանական ուրոլոգիական կլինիկաների, ժամանակակից գործելակարգերի շարունակական ներդրման, արտերկրի բժիշկների հետ սերտ գործակցության մասին է:
Կադրերի դարբնոց հանդիսացող մեկդարյա բուհում հավաքվածների հետ նա կիսվեց այն բոլոր հաջողություններով ու ձեռքբերումներով, որոնք հնարավոր են դարձրել կայացնել ու զարգացնել երիտասարդների հետաքրքրությունը վայելող մասնագիտացումը` հիշելով, իհարկե, ուսուցիչներին:
«Փաստացի մեր պատմությունը թույլ է տալիս ամփոփել այն ամենը, ինչի մասին երազել էինք 90-ականներին: 25 տարին բավականին մեծ ճանապարհ է, որն անցել ենք միասին: Այս հարթակը և’ պատմական է, և’ իր առաքելությամբ առանձնահատուկ է եղել ամեն տարի: Այս հարթակում հաճախ քննարկված հարցերը, կարծես թե, անիրատեսական այժմ իրականություն են մեր երկրում: Համոզված եմ, որ այն ինչի մասին այսօր խոսում ենք մոտ ժամանակներում ևս կլինի իրականություն»,- 25 տարի անց վստահությամբ փաստելով, որ ասոցացիան առաջատարներից է:
ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ-խորհրդատու, պրոֆեսոր Արթուր Գրաբսկին անդրադարձ կատարեց ուրոլոգիայի զարգացմանն աշխարհում և Հայաստանում:
«Մխիթար Հերացին իր աշխատության մեջ անդրադարձել է առաջին ուրոլոգիական պրոցեդուրաներին՝ անագե զոնդերի կիրառմանը միզապարկի քարերի առկայության դեպքում, միզապարկի լվացմանը կաթով և ափիոնի տերևների թուրմով՝ ցիստիտի և միզապարկի ցավի բուժման նպատակով», – ասաց նա՝ շեշտադրելով նաև այն անվանի բժշկապետերին ու վիրաբույժներին, որոնք մեր երկրում վիրաբուժական ծառայության և ուրոլոգիայի որպես առանձին ճյուղ ձևավորման ակունքներում են:
Արթուր Գրաբսկին, վերհիշելով Վիկտոր Համբարձումյանի խոսքերը, ընդգծեց, որ Ավետիք Միդոյանը Հայաստանում ուրոլոգիայի հիմնադիրն է:
Նա հատուկ առանձնացրեց նաև Արամ Աբրահամյանին և Աշոտ Գասպարյանին, որոնք եղել են ԽՍՀՄ գլխավոր ուրոլոգներ, Յուրի Զոհրաբյանին, Իվան Աղաջանյանին, Արա Բաբլոյանին, Արմեն Մուրադյանին, որոնց ներդրումը մեծ է:
«Վստահ եղեք, որ ո’չ ես, ո’չ պրոֆեսոր Մուրադյանը չենք ընտրել ուրոլոգիան, որպեսզի դառնանք նախարար, բայց մենք օգտագործել ենք այդ պաշտոնը, որպեսզի կարողանանք այն, ինչ սովորել ենք ուրոլոգիայում, ներդնել ընդհանուր առողջապահության մեջ: Մենք կարողացանք անել այդ բարեփոխումները: Խոստովանենք, որ առաջին անգամ Հայաստանն այս ասպարեզում առաջ անցավ ամբողջ Խորհրդային Միությունում»,- նշեց «Արաբկիր» բժշկական համալիր-ԵԴԱԻ-ի տնօրենների խորհրդի նախագահ և գիտական ղեկավար Արա Բաբլոյանը:
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՌՈՒԸ–ի նախագահության անդամ, Մ.Վ. Լոմոնոսովի անվ. ՄՊՀ համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արմաիս Կամալովի գնահատմամբ` քառորդ դարում հայ ուրոլոգները մեծ հաջողությունների են հասել` ասոցացիայի, բժշկական համալսարանի հետ կապերի ընդլայնման միջոցով:
«Այս հարթակները կապված են միմյանց հետ, քանի որ այստեղ ստեղծվում են ֆունդամենտալ հետազոտություններ, որոնք հաջորդիվ փոխանցվում են դեպի պրակտիկ օղակ և օգտագործվում են բժիշկների կողմից: Մենք մեծ պատվիրակությամբ ենք եկել, որպեսզի ներկայացնենք մեր ձեռքբերումները», – ավելացնելով, որ ուրոլոգիան բժշկագիտության մյուս մասնագիտությունների շարքում ամենաբարձր տեխնոլոգիական հագեցվածությունն ունի:
Ամերիկահայ անվանի բժիշկ, Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիան ներկայացնող Կարո Դերձակյանը պատմեց Հայաստան կատարած իր առաջին այցի մասին.
«1986 թվականի աշնանը ինձ հրավեր եկավ Խորհրդային Հայաստանի Սփյուռքահայ կոմիտեի կողմից՝ գալու հայրենիք և փորձով փոխանակվելու մեր հայրենի ուրոլոգների հետ: Եվ զարգացավ այս ճանապարհը, որն ընտրել ենք միասին: Արդեն 37-րդ տարին է, ինչ առաջին անգամ ոտք դրեցի Հայաստան 1987-ին, և հիմք դրեցինք հայ ուրոլոգիայի վերաշինմանն ու վերակառուցմանը: Մենք փոքր քայլերով սկսեցինք՝ ապագայի հանդեպ մեծ վստահությամբ: Կատարվեց իմ կարևոր նպատակներից մեկը: Ամեն տարի, ամեն այցելության ժամանակ փորձեցինք ավելի շատ նորություններ ներկայացնել, զուգահեռ վիրաբուժական գործողություններ կատարել: Ես պետք է նաև հիշեմ այն սփյուռքահայ ուրոլոգներին՝ ֆրանսահայ, կանադահայ, որոնք այս գործին մասնակցել են: Փոխվել է, անշուշտ, նշանակետն այս տարիների ընթացքում»:
Լ.Գ. Մանագաձեի անվան ազգային ուրոլոգիայի կենտրոնի գիտական փոխտնօրեն, Վրացական ուրոլոգիական ասոցիացիայի (ՎՈՒԱ) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Արչիլ Չխոտուան ողջույնի խոսքում շեշտեց․
«Մենք պետք է պատվով շարունակենք և խորացնենք այն գործընկերային հարաբերությունները, որոնք ստեղծել են մեր ուսուցիչները՝ պրոֆեսորներ Աղաջանյանը և Մանագաձեն։ Ուրոլոգների վրացական ասոցիացիան պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը։ Արդեն շուրջ 25 տարի և ավելի հայ և վրացի ուրոլոգները ձեռք ձեռքի քայլում են առաջ, ինչը շատ կարևոր է մեր գիտության զարգացման տեսանկյունից։ Մենք պետք է շարունակենք մեր ուսուցիչների սկսած առաջընթացը»։
Միջոցառումն ունեցավ հանդիսավոր մաս: Ասոցիացիայի նախկին նախագահները` ներկայիս նախագահ Ռուբեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, Կարո Դերձակյանին շնորհեցին «Ուրոլոգիայի պատրիարք» մեդալը և դիպլոմը:
Ասոցիացիայի սահմանած այս պատվաբեր կոչումը տրվում է Հայաստանում ուրոլոգիայի ոլորտի զարգացմանը մեծապես նպաստելու համար:
«Անկախ փորձություններից, բազմաթիվ իրադարձություններից, անփոփոխ է եղել մեր մեծ ցանկությունը` երկրին, առողջապահությանը անվերապահորեն ծառայելու: Մեր բոլոր առաջատար ուրոլոգներն ապրել են Ձեր և Ձեր հարգարժան տիկնոջ` Սիլվիի հետ ձևավորված գեղեցիկ տանը: Ամեն տարի անշահախնդիր եկել եք Հայաստան, կազմակերպել եք առողջապահության, բժշկագիտության զարգացմանը զարկ տվող դասընթացներ և այսօր մեր հարգարժան սիրելի ուսուցիչների` լուսահոգի Իվան Աղաջանյանի և սիրելի Յուրի Զոհրաբյանի հետ համալրեցիք մեր նահապետների կազմը: Սա մեզ համար շատ պատասխանատու և պարտավորեցնող է, որովհետև այս ամենից հետո մեր երիտասարդ ապագա սերունդը պետք է կարողանա գերազանցել Ձեզ, ինչպես դա փորձել ենք անել մենք»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` որպես բարերարության և հայրենասեր ընտանիքի օրինակ ներկայացնելով Դերձակյաններին:
Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց գիտական զեկույցները` հագեցած կլինիկական դեպքերի քննարկմամբ, հետազոտական աշխատանքների ներկայացմամբ:
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ՌՈՒԸ–ի նախագահության անդամ, Մ.Վ. Լոմոնոսովի անվ. ՄՊՀ համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արմաիս Կամալովի մասնագիտական զեկույցը «Ինչու՞ են տղամարդիկ կանանցից ավելի քիչ ապրում և արդյո՞ք հնարավոր է դա փոխել» խորագրով էր։
Մասնագետը մեջբերեց ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալները, որոնց համաձայն՝ տղամարդկանց մահացության բարձր ցուցանիշը պայմանավորված է սիրտ-անոթային համակարգի, օնկոլոգիական և մարսողական օրգանների հիվանդություններով։ «Ընդ որում՝ յուրաքանչյուր սանդղակում տղամարդկանց մահացության մակարդակը գերազանցում է կանանց մակարդակը», – տեղեկացրեց Արմաիս Կամալովը։ Տղամարդու և կնոջ կյանքի որակը պայմանավորող գործոնները, նրա խոսքով, կարելի է բաժանել մի քանի խմբի՝ գենետիկական, էպիգենետիկական, ֆիզիոլոգիական, սոցիալ-հոգեբանական։ «COVID-19 համավարակի դեպքում հաստատված է որոշակի գենդերային անհավասարություն․ համարյա բոլոր տարիքային խմբերում տղամարդկանց շրջանում մահացության հաճախականությունն ավելի մեծ է։ Ապացուցված է, որ տղամարդիկ ավելի ծանր են տանում համավարակը, քան կանայք», – հայտնեց նա։ Տղամարդկանց մոտ, ըստ մասնագետի, առանձնահատուկ է էպիգենետիկական կարգավորումը՝ ժառանգաբար փոխանցվող ինֆորմացիայի իրացումը։
«Առաջին հերթին՝ էպիգենետիկական գործոնը կապված է պացիենտի կենսաբանական և ժամանակագրական տարիքների տարբերությունների հետ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ, որպես կանոն, ունեն ավելի բարձր կենսաբանական տարիք ժամանակագրականի համեմատ, քան կանայք։ Հետևաբար տղամարդկանց բնորոշ է էպիգենետիկական տարիքային ավելի մեծ արագացում՝ ի տարբերություն կանանց։ Ինչպես պարզվեց, էպիգենետիկական տարիքային ավելի մեծ արագացումը հանդիսանում է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկի գործոն, ինչպիսիք են մետաբոլիկ համախտանիշը, ճարպակալումը, լիպիդային պրոֆիլի տարատեսակ խանգարումները, օնկոլոգիական և անոթային հիվանդությունները», – Արմաիս Կամալովը։ Ֆիզիոլոգիական գործոնները, ըստ նրա, մասնավորապես, նյութափախանակության առանձնահատկություններն են։ «Ընդհանուր առմամբ, կանայք ապրում են ավելի երկար, քան տղամարդիկ, և ավելի քիչ են հակված ուղեղի անոթային, սիրտ-անոթային հիվանդություններին, սակայն գոյություն ունի պարադոքս․ կանանց առողջության և կյանքի տևողությունը հավասար պայմաններում նշանակալիորեն ցածր է, քան տղամարդկանցը։ Կանանց համար մենոպաուզայից հետո բնորոշ է էստրոգենի մակարդակի կտրուկ անկումը, մինչդեռ տղամարդկանց մոտ ողջ կյանքի ընթացքում տեստոստերոնի կտրուկ անկում տեղի չի ունենում։ Տեստոստերոնի անկման հիմնական գործոնը համարվում է ոչ թե տարիքը, այլ ուղեկցող հիվանդությունները, որոնք պայմանավորված են կենսակերպով՝ ճարպակալումը, շաքարային դիաբետը, վատ սովորությունները», – փաստեց Արմաիս Կամալովը։
Տղամարդկանց կյանքի կարճ տևողությունը, հավելեց նա, պայմանավորված է ևս մեկ գործոնով՝ ռիսկային պահվածքով։
«Դժբախտ պատահարները տղամարդկանց մահացության թվով երկրորդ պատճառն են։ Եվ, իհարկե, կյանքի տևողություն տարբերության գործում դեր ունի կանանց և տղամարդկանց վերաբերմունքը սեփական առողջությանը։ Հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ բավարար կերպով տեղեկացված չեն սեփական առողջության վերաբերյալ և մոտիվացված չեն։ Եզրափակելով՝ անվանի բժիշկ-գիտնականը փաստեց, որ այսօրվա դրությամբ հնարավոր չէ ազդեցություն ունենալ տղամարդկանց և կանանց գենետիկ անհավասարության վրա․ «Սակայն մենք կարող ենք այն հավասարեցնել տղամարդկանց կենսակերպի մոդիֆիկացիայի՝ վատ սովորություններից հրաժարվելու, սեփական առողջության հանդեպ հետաքրքրության բարձրացման և տղամարդկանց համար պրոֆիլակտիկ միջոցառումների հաշվին»։
Արդեն 24 տարի յուրաքանչյուր աշնան սկզբին Հայաստանի ուրոլոգիական համայնքի համար մասնագիտական ձեռքբերումները ներկայացնելու և անելիքներն ուրվագծելու լավագույն հարթակը տարեկան համագումարն է:
Հայ և օտարերկրյա մասնագետների լայն ընդգրկմամբ հագեցած օրակարգով հավաքի ընթացքում անդրադարձ կատարվեց ուրոլոգիական բազմաթիվ հիվանդությունների բուժմանը, ռոբոտային վիրաբուժության հնարավորություններին, միզասեռական համակարգի ծանր վնասվածքների բուժման ժամանակ միկրովիրաբուժական տեխնոլոգիաների կիրառմանը, ռադիկալ ցիստէկտոմիային և միզուղիների հեռացման մեթոդների էվոլյուցիային, շագանակագեղձի քաղցկեղին և տասնյակ այլ մասնագիտական արդի թեմաների:
Կոնգրեսն աշխատանքը կշարունակի վաղը: