«Մանկական հոգեկան և ֆիզիկական առողջություն. տրավմատիզմ, կանխարգելում» թեմայով փետրվարի 12-ին ԵՊԲՀ «Հերացի» վերլուծական կենտրոնն անցկացրեց մամուլի ասուլիս: Այս թեմայի շուրջ տեսակետներ հնչեցրին Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, Հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը:
«Առաջին անգամ ենք հանդիպում ձեզ հետ այս ձևաչափով: Թեման բավականին պահանջված և հրատապ է` հաշվի առնելով, որ մանկական տրավմատիզմն այսօր մինչև 18 տարեկանների մահվան պատճառների ցանկում առաջին տեղում է, իսկ մինչև 1 տարեկան երեխաների մոտ 5-րդ տեղում»,- ասուլիսի մեկնարկին ասեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը` ընդգծելով, որ 1-ից 18 տարեկանների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության խնդիրները, տրավմատիզմն է հանդիպման գլխավոր առիթը և հնարավոր չէ դիտարկել մեկն առանց մյուսի:
Պետք է փաստենք, որ հանրության շրջանում հնչեղություն ստացած այս թեմայի մասին տարեսկզբին հենց վերլուծական կենտրոնն էր բարձրաձայնել, որը առաջացրել էր ԶԼՄ-ների, ծնողների, հանրության ուշադրությունը:
Հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե Թաթարյանն անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներին՝ նշեց, որ վերջին տարիներին, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ պատերազմ, համաճարակ, մեծացել է մանկական և դեռահասների տարիքի երեխաների տագնապային խանգարումների, վախերի, դեպրեսիվ դրսևորումների վիճակագրությունը:
«Երեխան ի սկզբանե այս ամենի հանդեպ նախատրամադրվածություն չունի, այդ պատճառով շատ կարևոր է մեծահասակների հետ տարվող աշխատանքները: Ընտանիքում երեխայի և ծնողի հուզական կապը պետք է ավելի ամրապնդվի, հակառակ դեպքում այն կհանգեցնի խնդրահարույց անձի ձևավորման: Երեխայի ներաշխարհը հասկանալով՝ վստահ քայլերով ուղղորդում ենք դեպի մեծ կյանք, որտեղ նրան սպասում են տարբեր դժվարությունները»,- ընդգծեց նա:
Հոգեբույժը շեշտեց, որ, մասնակցելով երեխայի առողջ ձևավորմանը, և՛ հոգեբանորեն, և՛ սոցիալապես վերահսկելով նրա ազատ ժամանցը՝ մենք չենք խոչընդոտում նրա ցանկություններին, ընդհակառակը, փորձում ենք աջակցել, օգնել, որպեսզի ցանկացած ձևավորված հոգեբանական խնդիր լուծվի ի օգուտ երեխայի կամ դեռահասի:
«1-1,5 տարի հետո համակարգչային խաղերից կախվածությունը, որպես ախտորոշում՝ հոգեկան կամ վարքային խանգարումները, պաշտոնապես ընդգրկվելու են հիվանդությունների ցանկում»,- փաստեց նա՝ ավելացնելով, որ երկար ժամանակ համակարգչի դեմ անցկացնող երեխան ինչ-որ կերպ փնտրում է հաստատվելու դաշտ, որտեղ ինքն ընդունված է:
Համակարգչային խաղերն անմիջականորեն չեն հանգեցնում այս խանգարումներին, քանի որ հիմքերը գտնվում են ընտանիքում, հոգեբանական այն միջավայրում, որտեղ երեխաները մեծանում և զարգանում են: «Անհաջողություն գրանցելու պարագայում չի կարելի համեմատություն տանել այլ երեխաների հետ, ինքնագնահատականը նվազեցնող արտահայտություններ անել, փոխարենը պետք է երեխայի հետ հասկանալ, թե որոնք են անհաջողության պատճառները: Չստանալով նման աջակցություն՝ դեռահաս երեխան այդ ամենը փնտրում է համացանցում»,- ասաց Հոգեբուժության ամբիոնի վարիչը՝ ծնողներին խորհուրդ տալով ամեն օր ժամանակ գտնել երեխաների հետ շփումների՝ ուշադիր լինելով երեխայի վարքային փոփոխություններին:
«Մենք պետք է զգույշ լինենք՝ պաշտպանելու խոցելի խմբերին, հատկապես երեխաներին և պատանիներին: Պետք է հոգեկան առողջության բալանսը պահպանել, մեծերից շատ բան է կախված, երեխան մինչև պատանեկան տարիքն աշխարհը ընկալում է իր ծնողների աչքերով, նրանց պատուհանից է նայում աշխարհին: Միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ երեխաների տրավմաների 60 տոկոսից ավելին բաժին է ընկնում ընտանիքում նրանց նկատմամբ ոչ ադեկտվատ վերաբերմունքից՝ արհամարհանք, անտեսում, բարձիթողի վիճակ: Մյուս մասը բաժին է ընկնում ֆիզիկական, սեռական չարաշահումներին: Սրանք խնդիրներ են, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել»,-նշեց Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը:
Անդրադառնալով ինտերնետային խաղերին, Գասպարյանը շեշտեց. «Դերային խաղերը կարող են ազդել երեխայի հոգեկերտվածքի վրա և արտահայտվել ուրիշ միջավայրում՝ դպրոցում, ընտանիքում: Կարևոր է, որ սահմանափակենք այդ խաղերի ժամանակահատվածը: Ոչ միայն երեխաները, այլև մեծեր կարող են ունենալ երկու տեսակի ինքնություն՝ ինտերնետային և իրական: Ինտերնետային տարածության մեջ ավելի ցանկալի կերպար ենք ունենում, որքան երկար ժամանակ ենք ծախսում ինտերնետային տարածության մեջ, այնքան մեր իրական ինքնությունն աստիճանաբար թուլանում է, նվաստանում է և իրականությունից կտրվում»:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ հիմնականում դեռահասության տարիքին բնորոշ են վարքագծային խանգարումները: «Ծնողները պետք է իրազեկված լինեն տվյալ խնդրի վերաբերյալ: Նրանց վերաբերմունքը պետք է լինի զգուշավոր, քանի որ երեխաները ավելի զգայուն են: Եթե սահմանափակումներ են լինում ծնողների կողմից, իրավիճակից դուրս գալու ելքը երեխաները հաճախ գտնում են ինքնավնասման փորձեր կատարելու մեջ: Դա կարող է բողոքի ակցիա լինել, նաև ուշադրություն գրավելու, վախեցնելու նպատակ»,-նշում է բժիշկը: Նրա խոսքով՝ ինքնավնասումները հիմնականում լինում են դեղերի միջոցով, որոնք կարող են և՛ տանից ձեռք բերել, և՛ դեղատնից, ինչպես նաև կենցաղային քիմիական նյութերի միջոցով:
Մասնագետը ծնողներին հորդորում է ոչ հասանելի վայրում պահել նման նյութերը և դեղերը, իսկ թունավորման դեպքում հորդորում է անհապաղ դիմել մասնագետի:
Միայն 2024թ.–ի ընթացքում ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Մանկական վերակենդանացման և թունաբանական կլինիկայում դիտվել է երեխաների շրջանում սուր թունավորումների 763 դեպք, որոնցից 248-ը /32.5%/ եղել են դեղորայքային և 515-ը՝ /67.5%/ ոչ բժշկական նյութերով թունավորումներ:
Ոչ պակաս լուրջ հիմնախնդիր է պատանեկան տարիքի ինքնավնասման փորձերը: Նույն բաժանմունքի տվյալների համաձայն՝ դեղորայքային թունավորումներից 34-ը եղել են դեռահաների կողմից կատարված ինքնավնասման և սուիցիդալ փորձեր, որոնցից 3-ը ավարտվել են մահվան ելքով: Ինքնավնասման դեպքերը հիմնականում 14-17 տարեկանների խմբում են:
Մանկական կենցաղային վնասվածքների բազմազան պատճառներից կարելի է առանձնացնել՝ երեխայի սխալ խնամքը, տնային կենցաղավարության կարգուկանոնի բացակայությունը, դաստիարակության թերացումները տանը և դպրոցում, ընդհանուր օգտագործման վայրերում ճիշտ պահվածքի բացակայությունը:
Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` ասուլիսի մասնակցները ևս մեկ անգամ կարևորեցին քննարկվող նյութի շուրջ համալիր մոտեցումը:
Ոչ միայն ծնողների, այլև կրթական հաստատություններում ուսուցիչների, անհրաժեշտության դեպքում այլ նեղ մասնագետների ներգրավումը կարող է նպաստել խնդրի լուծմանը կամ դրանց կանխարգելմանը: Պարզագույն մեթոդներից, օրինակ ընտանի կենդանի պահելը կարող է դրական ազդեցություն ունենալ, դրական էմոցիաներ ձևավորել երեխայի կյանքում` ապահովելով գաջեթներից շեղող զբաղվածություն, իրական շփում:
Երեխայի հանդեպ անհատական մոտեցումը և ոչ թե պախարակման, այլև խրախուսման մեխանիզմների կիրառումը, մասնագետների գնահատմամբ` առավել արդյունավետ կդարձնի ծնող-երեխա հաղորդակցությունը:
Արհեստական ինտելեկտի լայն կիրառմամբ դարում դժվար է պատկերացնել ոչ միայն անչափահասների, այլև մեծահասակների առօրյան, բայց չափավոր օգտագործումն ու ինչպես նաև կոնտենտի ընտրության, այնպես էլ ժամային սահմանափակումները խիստ անհրաժեշտ են:
Այսպիսով, 2025 թվականին հրավիրված մամուլի ասուլիսը վերլուծական կենտրոնի կողմից առաջինն էր, բայց լրագրողների հետ հանդիպումները կլինեն շարունակական՝ նպատակ ունենալով իրազեկել, բարձրաձայնել, խոսել արդի հարցերի շուրջ նաև այս՝ ինտերակտիվ ձևաչափով: