Բժիշկ դառնալը շատերի համար երազանք է, ոմանք էլ բժշկի մասնագիտությունն ընտրում են՝ որպես լրացում ի վերուստ տրված տաղանդի:
Գերազանց առաջադիմությամբ սովորող ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Ասատուր Չաքմանյանը շատերին հայտնի է ժողովրդական երգերի իր կատարումներով: Երգել սկսել է վաղ տարիքից: 7-8 տարեկանից հաճախել է իր հայրիկի` Գևորգ Չաքմանյանի երգչախումբ: «Երբևէ չեմ մտածել բժիշկ դառնալու մասին: Կարծում էի, որ արվեստի ուղղությամբ պետք է շարունակեմ՝ սովորեմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, առաջնորդվեցի այն մտքով, որ ունեմ ի վերուստ տրված շնորհ, և ինձ պետք է մասնագիտություն, որին կհասնեմ քրտնաջան աշխատանքի արդյունքում»,- ասում է Ասատուրը՝ կարծիք հայտնելով, որ արվեստին ամենամոտը բժշկությունն է: «Ժամանակի ընթացքում սկսեցի սիրել և ավելի լավ հասկանալ բժշկության ու արվեստի կապը՝ բժշկությունը սերում է արվեստից»,-համոզված է ապագա բժիշկը:
Ասատուրի խոսքով՝ տաղանդի հետ մեկտեղ պետք է մասնագիտություն: «Եթե համեմատենք բժշկության բնագավառները՝ պլաստիկ վիրաբուժությունն ու միկրովիրաբուժությունն ամենամոտն են արվեստին. պլաստիկ վիրաբույժները «մարմնի ճարտարապետներ» են:
Ապագա պլաստիկ վիրաբույժը փաստում է՝ համալսարանն իրեն տվել է մեծ փորձ, ինքնուրույնություն, ընկերներ և գիտելիք: «Մյուս բուհերի հետ համեմատած՝ ԵՊԲՀ-ն տալիս է շատ տեսական գիտելիքներ և հիմք, ինչը պետք է գնահատվի յուրաքանչյուրիս կողմից»,-նշում է նա՝ ավելացնելով, որ բուհը նպաստել է իր սիրելի արվեստը մյուսներին փոխանցելու հարցում: Նրա և հայոց լեզվի ամբիոնի համախմբված աշխատանքի շնորհիվ «Վերնատունը» վերելք է ապրում: «Քայլում էի հայոց լեզվի ամբիոնով և լսեցի հնդիկ ուսանողի կատարմամբ հայկական էստրադային երգ: Զգացի՝ կկարողանա նաև ժողովրդական երգեր կատարել: Առաջարկեցի տարբեր ազգությունների ուսանողների մասնակցությամբ երգչախումբ հիմնել, որոնք կերգեն հայկական ժողովրդական երգեր: Առաջարկը խրախուսվեց և ես սկսեցի մտնել լսարաններ և կարճ, հեշտ յուրացվող ժողովրդական երգեր կատարել, որոնք ուսանողները կրկնում էին ինձ հետ: Հետո գրատախտակին գրում էի բառերը ու սկսում էինք երգել: Սկզբում ես ընտրեցի մոտ 120 օտարերկրացի ուսանողի: Հետաքրքրվածությունը շատ մեծ էր: Նրանց էլեկտրոնային նամակով ուղարկում էի երգի բառերը: 120 ուսանողից ընտրեցի 60-ին, ապա 50 ուսանողի, որոնք արդեն կայացած երգչախմբի անդամներ են»,-հիշում է Ասատուրը՝ հավելելով, որ երգչախումբ հանդես է եկել «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համերգներից մեկում, որին բուռն արձագանքել է նաև մամուլը: Ասատուրի խոսքով՝ մեր բազմաթիվ մեծանուն երգահաններին արտասահմանցի ուսանողներին ճանաչելի դարձնելը շատ կարևոր է: «Այստեղ գործում էր հետևյալ տրամաբանությունը՝ եթե հնդիկ, ռուս, սիրիացի, բեյրութցի ուսանողները երգում են հայերեն՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Շահեն, Շերամ, նրանց մոտ սեր է առաջանում և սկսում են ապրել այդ երգերով՝ կրելով ու հետագայում տարածելով հայկական մշակույթը»,-ասում է ուսանողը և ընդգծում, որ երգչախումը մեծ դեր ունեցավ համալսարանում ուսանողական կյանքին ակտիվ շունչ հաղորդելու հարցում, քանի որ սովորելու հետ մեկտեղ պետք է նաև մշակույթին մոտ լինել: «Այն մարդիկ, որոնք ունեն շնորհ, պետք է այսպիսի նախաձեռնություններով հանդես գան: Ուսանողությունն այսպիսի գործընթացների մեջ ներգրավվելով կազատվի սթրեսից, ճանաչելի կդարձնի հայկական մշակույթը: Բացի այդ՝ անկախ մասնագիտությունից, պետք է զգալ արվեստը: Եթե ճիշտ հրամցնենք այն, ապա կարող ենք ճաշակ ձևավորել:
Այսօր Ասատուր Չաքմանյանը չի մասնակցում երգչախումբի աշխատանքներին: Նշում է՝ 4-րդ կուրսից հետո դասերը բարդացան, իսկ բժշկի մասնագիտությունը պահանջում է ավելի շատ ջանքեր ու ժամանակ:
Ապագա բժիշկը կարծում է՝ եթե ձգտում ես պրոֆեսիոնալիզմի, ցանկացած մասնագիտություն բարդ է: «Բժշկի մասնագիտությունը տարբերվում է մյուս մասնագիտություններից: Այստեղ պահանջվում է համբերատարություն, կամք և խիղճ: Կայացման համար, ցանկացած այլ մասնագիտությունների հետ համեմատած՝ պետք է ավելի շատ ժամանակ ու ջանք ներդնել: Բարդությունները բազմաթիվ են, որոնք ժամանակի ընթացքում կոփում են որպես մասնագետ: Եթե ուզում ես բժիշկ դառնալ, շատ բաներ պետք է փոխես քո մեջ: Հարկավոր է հասկանալ պատասխանատվության չափը, որը վերցնում ես: Նույնիսկ ամենափոքր սխալի պատճառով հնարավոր է պացիենտին մեծ վնաս հասցնել: Պետք է շատ լավ սովորել, և եթե սեր չներդնես աշխատանքդ մեջ, ուրեմն կտառապես»,-համոզված է նա:
Ապագա բժիշկը հիշում է՝ ԵՊԲՀ-ում առաջին կուրսում շատ դժվար էր հարմարվել. համալսարանի մեծությունը, նոր միջավայրը, որն այնքան էլ նման չէր իր պատկերացրած միջավայրին: «Սակայն, եթե եկել ես, ապա պարտավոր ես այդ դժվարությունը հաղթահարել: Դա նման է վիրահատության: Եթե տրամադրված չմտնես վիրահատարան, ապա հոտը, արյունը, վախը, անհամարձակությունը կխանգարեն աշխատանքիդ»,-ասում է Ասատուրը՝ ավելացնելով, որ ժամանակի ընթացքում, երբ սկսում ես ծանոթանալ, դասախոսների հետ կապեր ստեղծել, ընկերանալ՝ աստիճանաբար հարմարվում ես:
Ապագա պլաստիկ վիրաբույժի կարծիքով՝ ինքնաքննադատությունը ցանկացած մասնագիտության մեջ լավագույն արդյունքներ գրանցելու առաջին պայմանն է: Անդրադառնալով բժշկական համալսարանում ուսանողներին հուզող հարցերին՝ Ասատուրը նշեց. «Հաճախ մենք՝ ուսանողներս, բարձրաձայնում ենք խնդիրներ, որոնք մեզ դուր չեն գալիս, առանց իմանալու դրանց լուծման դժվարությունների մասին: Հարց բարձրացնելիս ցանկալի է նաև լուծումներ գտնել և առաջարկել: Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ բուհում փոփոխություններ չեն կատարվում, շատ հարցերի լուծման համար էլ ժամանակ է հարկավոր»:
Ուսանողի խոսքով՝ զբաղվածությունը, դասերը երբեք չեն ազդել ընկերական շրջապատի, ժամանցի վրա: Նա ժամանակն օգտագործում է արդյունավետ, և իր կյանքում չկա մեկը մյուսին խանգարող հանգամանք: «Ուսանողական տարիներին բուհում ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան՝ ընտանիքում: Այստեղ ամեն ինչ հարազատ է՝ համալսարանական պատերը, շունչը: Դժվար է համակերպվել, որ ավարտում ենք, սակայն, պետք է հաշտվել և չկորցնել կապը բուհի հետ՝ միգուցե համալսարանում դասախոսելով»,- եզարափակում է Ասատուր Չաքմանյանը:
Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը