ԵՊԲՀ-ի հարգելի սովորողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ և նաև ձեր հետագա կյանքում։ Ծնվելով, մեծանալով ու ապրելով նոր ժամանակներում՝ դուք նախորդ սերունդների համեմատ ունեք զգալի առավելություններ: Տեխնոլոգիական, հասարակական փոփոխությունները ձեզ տալիս են ավելի ազատ մտածելու, ստեղծագործելու, արժեքներ ստեղծելու հսկայական հնարավորություններ:
Ցանկանում եմ՝ միշտ լինեք հեռանկարային, համարձակ ձեր նախաձեռնություններում, որպեսզի օգտվեք մերօրյա բոլոր այդ առավելություններից:
Հորդորում եմ չվախենալ սխալներից, մշտապես փնտրել դրանք հաղթահարելու և անհրաժեշտ լուծումների հասնելու հնարավորություն:
Վստահ եմ՝ դա է հաջողակ լինելու և մասնագիտական զարգացման գլխավոր ճանապարհը:
Այսօր մենք նշում ենք նաև Ռազմական բժշկի օրը: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ ոլորտի մասնագետներին, ովքեր վճռական պահերին երբեք չեն նահանջում՝ արժանապատվորեն կատարելով իրենց առաքելությունը:
Մենք դրա ապացույցը տեսանք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու՝ վերջին տարիների դժվարին ժամանակահատվածում:
Ռազմական բժիշկը ոչ միայն չլքեց դիրքը, այլև զոհեց ամենաթանկը՝ իր կյանքը հանուն մարդկանց առողջության ու կյանքերի փրկության:
Հարգելի՛ ռազմական բժիշկներ, մաղթում եմ անփորձանք ծառայություն, ամուր կամք:
Ցանկանում եմ, որ ձեր աշխատանքը պահանջված լինի առավելապես խաղաղ պայմաններում:
Արմեն Մուրադյան ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր