Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի երկարամյա դասախոսի հորդորդն ուսանողներին

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Հասմիկ Պետրոսյանը շուրջ 40 տարի  բժշկական մայր բուհում է: Նա ակտիվորեն մասնակցում է բուհում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներին՝ լավ օրինակ ծառայելով ուսանողների համար:

Ապագա բժիշկներին երկար տարիներ դասավանդած մարզիչը սիրով ու ջերմությամբ է խոսում ինչպես դասապրոցեսի, այնպես էլ ուսանողների մասին:

«Ուսանողները շատ լավ են հաճախում դասերին: Դասապրոցեսին ներգրավվելու համար պետք է միշտ հետաքրքրություն մտցնել աշխատանքի մեջ, երբեք չպետք է նույն մեթոդով պարապմունքներն անցկացնել: Յուրաքանչյուր դաս տարբեր մոտեցումներով, հետաքրքիր մեթոդներով պետք է անցկացնել, որպեսզի ուսանողները սիրով հաճախեն: Կազմակերպում ենք խաղեր, hամալիր վարժություններ, երաժշտություն, յոգա… Ֆիզիկական վարժություններից հետո արյան շրջանառությունը լավանում է, ուստի ուսանողների համար մասնագիտական նյութերը դառնում են ավելի ընկալելի»,-նշում է ավագ դասախոսը:

Հասմիկ Պետրոսյանը լողի մարզիչ է, դեռ փոքր հասակից է հաճախել լողի: 1980-1984թթ. սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1983թ., դեռ երրորդ կուրսից, որպես լողի մարզիչ է աշխատել ԵՊԲՀ-ում, իսկ այժմ ընդհանուր ֆիզկուլտուրա է դասավանդում:  

Դասախոս-ուսանող հարաբերությունները հերացիականը բարձր է գնահատում, դրանք միշտ ջերմ են:  Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր սովորողի անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել:

«Իմ աղջիկն ու տղան ևս բժշկական բուհի շրջանավարտ են, աղջիկս դեղագետ է, տղաս՝ ստոմատոլոգ: Աշխատելով նաև նրանց հետ, ուսանողի հոգեբանությունն իմանալով,  միշտ ծնողի կարգավիճակում եմ բոլորի հետ»,-ընդգծում է Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ավագ դասախոսը:

Ամփոփելով խոսքը, ևս մեկ անգամ հիշեցնում է առողջության պահպանման գործում ֆիզիկական դաստիարակության կարևորության ու դերի մասին՝ խորհուրդ տալով հաճախ զբաղվել սպորտով, ֆիզիկական ակտիվ կյանք վարել: