Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտը վերապատրաստում է անցել Մալագայի համալսարանում

Ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտը վերապատրաստում է անցել Մալագայի համալսարանում

Բժշկական մայր բուհի դասախոսները շարունակում են վերապատրաստումներ անցնել առաջատար բժշկական հաստատություններում՝ կատարելագործելով իրենց մասնագիտական գիտելիքները:

ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ բ.գ.թ. Ադելինա Թորգոմյանը Erasmus+ Project, Key Action 1 ծրագրի շրջանակներում վերապատրաստման նպատակով այցելել է Մալագայի համալսարանը (UNIVERSITY OF MÁLAGA, Malaga, Spain): Վերապատրաստման նպատակը ֆիզիոլոգիական փորձերը փոխարինող, էթիկապես ավելի ընդունելի այլընտրանքային մեթոդների մշակումն էր:

«Ֆիզիոլոգիայի դասընթացների ընթացքում ուսանողները ուսումնասիրում են տարբեր օրգանների և համակարգերի կառուցվածքը և, ամենակարևորը, գործառույթները, ինչպես նաև ողջ կենդանի օրգանիզմը: Անհնար է լիարժեք պատկերացում կազմել ֆիզիոլոգիական գործընթացների մասին՝ առանց կենդանի էակների վրա կատարված փորձերի գիտական վարկածների փորձարկման: Ամսական հարյուրավոր կենդանիներ են զոհաբերվում միայն այն բանի համար, որ ուսանողները ավելի լավ ըմբռնեն ուսումնական նյութը»,-ընդգծում է ամբիոնի դոցենտը՝ նշելով, որ սրանք դասական փորձեր են, որոնք կատարվել են վաղուց և որևէ հետազոտական արժեք չունեն։ 

«Այստեղ առաջանում է այն երկընտրանքը, որին մենք բոլորս՝ ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, պետք է բախվենք ամեն կիսամյակ՝ վնասե՞նք կենդանի էակին, թե՞ պետք է հրաժարվենք ուսանողներին ֆիզիոլոգիայի ոլորտում արժեքավոր գիտելիքներ տալուց: Առաջարկվել են տարբեր ժամանակակից այլընտրանքային մեթոդներ, ինչպիսիք են անիմացիոն ֆիլմերը, հյուսվածքների կուլտուրաները, համակարգչային մոդելները և այլն, որոնք կարող են օգտագործվել ֆիզիոլոգիայի դասընթացներ անցկացնելիս»,-հավելում է Ադելինա Թորգոմյանը: 

Նրա խոսքով՝ այլընտրանքների կիրառումը հնարավորություն է տալիս խթանել ուսանողների կրթությունը ֆիզիոլոգիայի ոլորտում՝ միևնույն ժամանակ փրկելով բազմաթիվ կենդանիների կյանքեր։

«Բացի այդ, մենք կարող ենք ցույց տալ փորձեր, որոնք գործնականում անհնար էր իրականացնել մեր ամբիոնում, կրկնել նույն փորձի անիմացիան այնքան անգամ, որքան ցանկանում են ուսանողները և երբ ցանկանան: Սա ուսանողներին կսովորեցնի հարգանք կենդանի էակների կյանքի նկատմամբ»,-իր խոսքն ամփոփում է ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ: