Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գերմանացի սրտաբանը անատոմիական մոդելներ է նվիրել բժշկական մայր բուհին

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Լիլիթ Մաթևոսյանը վերջերս մեկնել էր Գերմանիա՝ բժշկական պրակտիկա անցնելու:

ԵՊԲՀ ուսանողը Կարիտասի Սանտ Լուկաս հիվանդանոցում վեցշաբաթյա պրակտիկայի ընթացքում ոչ միայն կատարելագործել է մասնագիտական գիտելիքները, այլև լավ տպավորություններով և հուշերով վերադարձել հայրենիք:

Գերմանիայում Լիլիթը ծանոթացել է թերապևտ, սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Կառլ-Ֆրիդրիխ Զայլդի հետ (Dr. med. Karl-Friedrich Seidl),որը հետաքրքրված լինելով Հայաստանով և հայերով անատոմիական մոդելներ է նվիրել բժշկական մայր բուհին:

«Բժիշկ Զայդլը Սանտ Լուկաս հիվանդանոցի օրդինատորներին և պրակտիկանտներին իր տանը սենյակներ էր հատկացնում, այդպես եղավ մեր ծանոթությունը: Նա թերապևտ է, սրտաբան (Innere Medizin und Kardiologie) շատ հետաքրքրված էր Հայաստանով, հայերով: Բժշկությանը կից նաև զբաղվում է Գերմանիա մեկնող բժիշկների լեզվի քննության անցկացմամբ (Fachsprachprüfung Medizin, Bayern, Deutschland) և Հայաստանի, հայ բժիշկների մասին, մեր մայր բուհի մասին լսել էր այդ բժիշկներից: Շատ լավ տպավորություն ուներ հայերի մասին: Նրա գնահատմամբ` Հայաստանից Գերմանիա մեկնած բոլոր բժիշկները շատ խոստումնալից և լավ կրթություն ստացած մասնագետներ էին: Շփման արդյունքում, ավելի լավ ծանոթանալով Հայաստանի պատմությանը, անատոմիական մոդելներ նվիրեց մայր բուհին, և ես սիրով ինձ հետ բերեցի, քանի որ միշտ էլ հաճելի է նման մոդելներով սովորելը»,-նշում է ապագա բժիշկը:

ԵՊԲՀ ուսանողի խոսքով՝ Գերմանիայի բժշկության համակարգը ոսկե ստանդարտ է համարվում զարգացող երկրների համար, նրա համար ևս պրակտիկան շատ տպավորիչ է անցել.

«Տպավորվել եմ համակարգի ճշգրիտ, անխափան աշխատանքից, ամենափոքր և մանր դետալը այնպես էր մտածված, որ բժիշկները, բուժքույրերը, սանիտարները աշխատում էին ճշգրիտ, արագ և կանոնակարգված, որի արդյունքում շատ բարձր որակի բժշկական սպասարկում էին կարողանում ապահովել, պացիենտը միշտ իրեն զգում էր ուշադրության և հոգատարության, ապահովության մեջ»:

Հերացիականը դեռ երկրորդ կուրսից է ցանկացել Գերմանիայում պրակտիկա անցնել և ի վերջո կարողացել է նպատակն իրականություն դարձնել:

Լիլիթը թեև ավարտական կուրսում է, սակայն հստակ մասնագիտական կողմնորոշում չունի:

«Ինձ շատ է հետաքրքրում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումը, հետաքրքիր ոլորտ եմ համարում նաև սրտաբանությունը, ինվազիվ վիրաբուժությունը, պետական քննություններից հետո վերջնական որոշում կկայացնեմ»,-ընդգծում է ապագա բժիշկը:

Գերմանացի սրտաբանի կողմից նվիրաբերված անատոմիական մոդելները 6-րդ կուրսի ուսանողը փոխանցում է ավագ գործընկերոջը` Նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանին՝ հույս ունենալով, որ դրանք կնպաստեն առարկայի առավել լավ սերտման, ուսանողների շրջանում անատոմիայի նկատմամբ հետաքրքրության ավելացմանը: