Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությամբ իրականացվող մանկական և դեռահասային հոգեբուժության փոխանակային ծրագրի շրջանակում հունվարի 22-26-ը Փարիզի մի շարք բժշկագիտական հաստատություններ էին այցելել ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտական աշխատող Կոնստանտին Ենկոյանը, Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Խաչատուր Գասպարյանը և Հոգեբուժության ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Թաթարյանը:
Այցը լի էր աշխատանքային հանդիպումներով, նոր ծանոթություններով, գործընկերային ծրագրերի նոր առաջարկներով և առարկայական քննարկումներով:
Բազմաբովանդակ հանդիպումների մեկնարկը Imagine գենետիկ հիվանդությունների ինստիտուտում էր, որտեղ գործընկերային մթնոլորտում արդյունավետ մասնագիտական զրուց են ունեցել ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ստանիսլաս Լիոնետը, CrispCas9-ի մասնագետ Արաքսյա Իզմիրյանը, ուղեղի զարգացման խանգարումների աշխատանքային խմբի ղեկավար Վինսենթ Սանտագրելը:
Հաջորդիվ Փարիզ-էստ Կրետեյլ համալսարանն էր, որտեղ մեր պատվիրակությանը դիմավորել և հետաքրքիր զրույց են ունեցել համալսարանի ղեկավարությունը, մասնավորապես՝ բժշկական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պիեռ Ֆոլկենշտայնը, Կրետեյլի փոխքաղաքապետը և Կրետեյլի միջհամայնքային հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների կենտրոնի ղելավարները: ԵՊԲՀ պատվիրակության անդամները Կրետեյլ համալսարանում մեկ ամբողջ օր ֆրանսիացի գործընկերներին են ներկայացրել մեր համալսարանի հետազոտական և կլինիկական գործունեության մասին զեկուցումներ: Քննարկումներ են ընթացել նեյրոզարգացման խանգարումների, հատկապես՝ աուտիզմի, տրանսդեգեներացիոն տրավմայի թեմաներով:
Կայենի համալսարանի CYCERON կենտրոնի տնօրեն դոկտոր Բենուա Հելևինը, INSERM-EPHE-UNICAEN նյարդահոգեբանության և հիշողության բաժնի ղեկավար պրոֆեսոր Էրվե Պլատելը, լաբորատորիայի վարիչ Բերենգեր Գիլերին և ոլորտի այլ ներկայացուցիչներ հանդես են եկել բովանդակալից զեկուցումներով: Ներկայացվել է Կայենի համալսարանի “Normandy for Peace” ծրագիրը, որն ուղղված է խաղաղության և ազատության արժեքների տարածմանը և իրականացվում է UNESCO-ի հետ համատեղ: Հատկանշական է, որ Կայենի համալսարանում “Normandy for Peace” UNESCO-ի գերազանցության ամբիոն ստեղծելու համար ԵՊԲՀ-ն իր պաշտոնական երաշխավորությունն է ներկայացրել, որպես համագործակցող կողմ:
Հատկապես հետաքրքիր էր հոգեկան և նեյրոզարգացման խանգարումների համաճարակաբանության և գենետիկայի վերաբերյալ քննարկումը CESP/INSERM տնօրեն պրոֆեսոր Բրունո Ֆալիսարդի հետ:
Այս ծրագրով հաստատված համագործակցությունը համակարգվում է Վալ-դե-Մարնի դեռահասների տան, համալսարանի մանկական և դեռահասային հոգեբուժության ծառայության և «Երեխայի և ընտանիքի տուն» հաստատության կողմից:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ֆրանսիայի մեր գործընկերներ Santè Armènie կազմակերպությանը, Կրետեյլի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Ժան-Մարկ Բալետին, հոգեբան Պատրիկ Ալեսյանին այսչափ կարևոր մասնագետների հետ ծանոթանալու հնարավորության և հագեցած օրակարգով հանդիպումների շարքը կազմակերպելու համար: