Մասնագիտական աճը թե՛ կլինիկական, և թե՛ գիտական ասպարեզներում ԵՊԲՀ շրջանավարտ Սյուզաննա Շահնազարյանի համար գլխավոր նպատակն է: 2019 թվականից նա Սրտաբանության ամբիոնի ասպիրանտ է, ինչպես նաև նույն ամբիոնի ասիստենտ։ Կարծում է, որ բժշկի կյանքում այս երկու կարևոր ուղղությունները համատեղելու համար բարենպաստ պայմանների ստեղծումը երիտասարդ հետազոտողներին, գիտնականներին կքաջալերի առավել շատ զբաղվել նաև գիտական աշխատանքով։
«Գիտությունը ցանկացած ոլորտի շարժիչ ուժն է, և ինձ համար շատ մեծ պատիվ է ներդրում ունենալ սրտաբանության զարգացման գործընթացում։ Բացի այդ, իմ պատկերացմամբ՝ գիտության զարգացման կարևորագույն պայմաններից է լավագույն «ուղեղների» համախմբումը որոշակի նպատակի շուրջ։ Գիտությունը պետք է լինի գրավիչ և խոստումնալից մասնագիտական աճի և ձեռքբերումների տեսանկյունից, որպեսզի լավագույն շրջանավարտները՝ անկախ մասնագիտությունից և ոլորտից, ձգտեն մասնակցություն ունենալ գիտական աշխատանքներում»,- ընդգծում է Սյուզաննան:
Այժմ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համայակ Սիսակյանի ղեկավարությամբ նա իրականացնում է «Էխոսրտագրական ժամանակակից մեթոդների նշանակությունը ծանր հարաճուն սրտային անբավարարության դեկոմպենսացիայի կանխարգելման գործընթացում» թեմայով գիտական աշխատանք։
Հետազոտությունը նվիրված է ծանր սրտային անբավարարությամբ տառապող պացիենտներին, որոնք ունեն հաճախակի հոսպիտալացումների կարիք և, ցավոք, ունեն շատ բարձր մահացության ցուցանիշ։
«Մենք նպատակ ունեինք մշակել և ներդնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան նվազեցնել թե՛ հոսպիտալացումների քանակը, թե՛ բարելավել պացիենտների ապրելիությունը և կյանքի որակը։ Մեր նպատակին հասնելու համար ընտրեցինք ժամանակակից էխոսրտագրության մի շարք ցուցանիշներ, որոնք թույլ տվեցին ճշգրիտ կանխատեսել հիվանդության վատթարացումը և, հետևաբար, հնարավորություն ունեցանք այն կանխարգելել։ Մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ գրանցել ենք զգալի հաջողություններ հոսպիտալացումների և մահացության ցուցանիշների նվազեցման գործում։ Վատթարացումների կանխարգելումը և հոսպիտալացումներից խուսափելը հանգեցրեց նաև բուժառուների կյանքի որակի զգալի բարելավմանը»,- մանրամասնում է ԵՊԲՀ ասպիրանտը` հավելելով, որ հետազոտության շրջանակում ստացած տվյալները բազմիցս ներկայացրել են մի շարք հայկական և միջազգային մասնագիտական համաժողովների ընթացքում։
Պատրաստվում են շարունակել թիմային աշխատանքը և ներդնել իրենց կողմից մշակված մեխանիզմները համալսարանական սրտաբանական կլինիկայի ամենօրյա աշխատանքում։
Երիտասարդ գիտնականը նշում է, որ դժվար է գերագնահատել ուսուցիչների դերն իր կյանքում։
«Ինձ համարում եմ շատ հաջողակ և երջանիկ մարդ, քանզի բախտ եմ ունեցել սովորել լավագույն ուսուցիչների մոտ թե՛ դպրոցական, թե՛ ուսանողական տարիներին։ Մասնագիտության ընտրության հարցում ևս պարտական եմ իմ դասախոս՝ Սրտաբանության ամբիոնի դոցենտ Արմեն Օրդյանին, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ։ Մասնագիտական կրթության տարիներին նույն ամբիոնի բազմաթիվ դասախոսներ և բժիշկներ ունեցան մեծագույն ներդրում իմ մասնագիտական գիտելիքների և պացիենտների վարման ունակության զարգացման հարցում։ Առանձնահատուկ պետք է նշեմ պրոֆեսոր Համայակ Սիսակյանի անգնահատելի դերը իմ և մի շարք այլ օրդինատորների կյանքում»,- ասում է ասպիրանտը` հավելելով, որ ավագ գործընկերներին են պարտական ոչ միայն ստացած գիտելիքների և մասնագիտական աճի համար, այլև նրանց աջակցելու և մոտիվացնելու, ինչպես նաև ամեն օր ինքնակրթվելու կարևորությունը ցույց տալու համար։
Սրտաբանի աշխատանքը շատ պատասխանատու է և պետք է գիտակցել, որ ցանկացած սխալ կարող է ծանր հետևանքներ ունենալ պացիենտների առողջության վրա կամ հանգեցնել պացիենտի մահվան։ Անդադար ինքնակրթվելը և յուրաքանչյուր դեպքի մանրամասն վերլուծությունը Սրտաբանության ամբիոնի ասիստենտի գնահատմամբ` պարտադիր են նմանատիպ հետևանքներից խուսափելու համար.
«Սրտանոթային հիվանդությունները բազմաթիվ են և բազմազան, թե՛ զարգացման պատճառների տեսանկյունից, թե՛ բուժման մարտավարություններով։ Բացի այդ սրտաբանության ոլորտը շատ արագ զարգացում է ապրում և փոփոխվում»:
Սյուզաննա Շահնազարյանի համար ոլորտի գլխավոր հետաքրքրությունն է սրտանոթային համակարգի գործունեությունը, որը պահանջում է բազմաթիվ բաղադրիչների ներդաշնակ և անխափան աշխատանք։
Որպես մասնագետ իր և գործընկերների անունից փաստում է, որ իրենց նպատակն է ապահովել բոլոր տարրերի հավասարակշռված գործունեություն, որոնք մշտապես փոփոխվում են և զգայուն են թե՛ արտաքին, և թե՛ օրգանիզմի ներքին գործոնների ազդեցությանը։ Այս գործընթացը բարդ է, բայց միևնույն ժամանակ անչափ հետաքրքիր։