ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում՝ «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագրի շրջանակում, կայացան Ֆրանսիայի Նանտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, կենսատեխնոլոգ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վեհարի Սաքանյանի դասախոսությունները՝ «Ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարի միտումները» և «Սքրինինգի նոր մեթոդներ կենսատեխնոլոգիայի ոլորտում» թեմաներով:
Ողջունելով հյուրին՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հայտնեց, որ հայազգի մասնագետն իր դասախոսություններում կբացահայտի ախտորոշման և բուժման նոր մոտեցումները, որոնք հիմնված են ժամանակակից մոլեկուլյար կենսատեխնոլոգիաների վրա։ «Պրոֆեսորը կանդրադառնա նաև ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարի հեռանկարներին, նոր մոտեցումներին։
Բժշկական համալսարանի «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը, գիտական միջավայրի կերտման հարթակ հանդիսանալով, ստեղծում է մթնոլորտ, որտեղ գիտնականները կկարողանան կիսվել իրենց աշխատանքներով ու մտքերով», – ընդգծեց պրոռեկտորը։
Խոսելով ագրեսիվ քաղցկեղի մասին՝ Վեհարի Սաքանյանը նշեց, որ քաղցկեղն այսօր ամենալուրջ հիվանդություններից է, որը պահանջում է այն կանխելու հստակ մոտեցումներ։ «Քաղցկեղը համալիր հիվանդություն է, չունի մեկ պատճառ», – շեշտեց նա։ Մասնագետը ներկայացրեց քաղցկեղին բնորոշ ախտանշանները, մանրամասնեց թիրախային թերապիայի մոտեցումները։
Անդրադառնալով կենսատեխնոլոգիայի ոլորտում սքրինինգի նոր մեթոդներին՝ Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հյուրը տեղեկացրեց, որ դրանց օգնությամբ հնարավոր է հետազոտել միլիոնավոր մոլեկուլներ միաժամանակ, ինչն, իր հերթին, լայն հնարավորություններ կստեղծի ավելի արագ ու ճշգրիտ ախտորոշման համար։
Հանդիպումների ավարտին Ֆրանսիայից ժամանած հայազգի մասնագետը պատասխանեց սովորողներին հետաքրքրող հարցերին։ Նշենք, որ «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագիրն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է արտերկրի համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և ընկերությունների հետազոտողների հետ համագործակցությամբ խթանել համատեղ հետազոտական աշխատանքների արդյունավետությունը և միջազգային համագործակցությունը: